Տղայիս հետ նկարվել ենք Մոնթեի արձանի մոտ․ ներքին զգացողություն եմ ունեցել, թե ամեն ինչ վերջին անգամ եմ տեսնում
Թաթուլն ամբողջ գիշեր գրեթե չի քնել: Սոցիալական ցանցերում փնտրել է իր դասընկերներին, որ մի լուր իմանա նրանց մասին: Շատերը դեռ Արցախում են ու սպասում են, թե երբ կկարողանան ավտոմեքենա կամ բենզին գտնել, որ տեղափոխվեն Հայաստան:
14-ամյա տղան ծնողների ու քրոջ՝ Սոֆյայի ու եղբոր՝ Ռազմիկի հետ երեկ է Արցախից, հասել Հայաստան: Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղում հաշվառվել են որպես տեղահանված, լրացրել են իրենց տվյալները: Ընտանիքը պետք է սպասեր, որ իրենց կացարանով ապահովելու հերթը հասնի: Սակայն հերթը շատ մեծ է եղել, քնելու տեղ չի եղել, ընտանիքը շարժվել է Արմավիրի մարզ, գյուղ Մոնթեավան: Մոնթեավանը Հայաստաում միակ վայրն է, որտեղ արցախցի ընտանիքը ծանոթ ունի: Քանի որ կեսգիշերին են հասել Հայաստան, ամաչել են գիշերով որևէ մեկին անհանգստացնել: Էջմիածնի մոտակայքում քնել են ավտոմեքենայի մեջ մինչև լույսը բացվի:
Թաթուլը լուռ հետեւում էր 4-ամյա եղբորը՝ Ռազմիկին, որն ուրախանում էր սեղանին դրված քաղցրավենիքներով: Միայն նա է, որ չի հասկանում, թե ինչ է կատարվել ընտանիքի հետ:
«Մամա, ստեղ թորք կա՞»,-պարբերաբար մորը հարցնում էր Ռազմիկը: Բացասական պատասխան ստանալուց հետո, ինքնագոհ ծիծաղում էր ու շարունակում վազվզել: Նույն Մոնթեավանում տեղավորվելուց հետո տան տերերին նմանատիպ հարց տվել են նաև Թաթուլն ու քույրը՝ Սոֆյան։
Առավոտյան ժամը 10-ն է: Մեր այցելության ժամանակ երեխաների հայրը՝ Սիրեկան Գևորգյանը, տանը չէր: Գնացել էր բանկ՝ կանխիկացնելու աշխատավարձից մնացած վերջին 40 000 դրամը, որպեսզի հոգան ընթացիկ ծախսերը:
Հյուրընկալ ընտանիքի մայրը՝ Սվետլանա Ասլանյանը, երեխաների համար սեղան էր գցել, որ նախաճաշեին: Թաթուլը գրեթե ոչինչ չկերավ: Սակայն սեղանի շուրջ նստեց այնքան, մինչև քույրն ու եղբայրը նախաճաշեցին:
«Մամա, ապերը չի կյերալ»,- ուրախանում էր Ռազմիկը՝ մի քանի կտոր կարտոֆիլ ուտելով նաև Թաթուլի ափսեից:
«Խոխես մի քանի օրվա մեջ լրիվ հասունացել ա»,- նայելով Թաթուլին՝ ասում է մայրը: Նա ասաց, որ տղան քիչ է ուտում: Թաթուլի ընկերների մի մասը դեռ Արցախում են: Ոմանք հերթերի մեջ են, մի մասն էլ ավտոմեքենա չունեն կամ բենզին չեն կարողանում հայթայթել: Մայրը պատմեց, որ տղան մի քանիսի հետ կապի մեջ է: Սոված են, ուտելու բան չկա, ձգտում են րոպե առաջ հատել սահմանը:
Թաթուլի ընկերներից մեկը Հայաստան գալու ճանապարհին ավտովթարի է ենթարկվել։ Նա է փորձել ավտոմեքենայով ընտանիքին տարհանել: Շտապել է Մարտակերտից դուրս գալ, որպեսզի ադրբեջանցիներին չհանդիպի, սակայն ավտովթարի է ենթարկվել։ Տղան ու ընտանիքի անդամները մարմնական վնասվածքներով տեղավորվել են Արցախի հիվանդանոցներից մեկում։
Սոֆյան հավաքում է սեղանը։ Մայրը հորդորում է Թաթուլի կիսատ թողած ճաշը աղբի հետ չխառնել․ «Ափսոս ա, բալա։ Հետո կուտեք, մի թափի»։
Սվետլանա Ասլանյանը պատմեց, որ տարիներ շարունակ իրենք հավի ճտերի վաճառքով են զբաղվել: Որդին՝ Հայկը, մինչև 2020թ. Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմը, վաճառքի համար ճուտ է տարել Արցախ: Մի անգամ էլ մեքենան խրվել է ցեխերի մեջ, և օգնություն են հասել արցախցի տղամարդիկ: Հայկը նրանցից մեկի՝ Սիրեկան Գևորգյանի հետ ընկերացել է, և ամեն անգամ Արցախ գնալուց հյուրընկալվել նրա ընտանիքում:
Երեխաների մայրը՝ Անահիտ Գևորգյանն էլ շարունակեց, որ երկրորդ անգամ է, ինչ պատերազմի պատճառով գալիս են Հայաստան: Առաջինը 2020թ. 44-օրյա պատերազմի օրերին, երկրորդ անգամ էլ՝ երեկ: Բայց եթե առաջինի դեպքում տուն վերադառնալու հույս ունեցել են, այժմ այդ հույսն իսպառ վերացել է: Երկու անգամ էլ եկել են Հայկի տուն, քանի որ այլ տեղ չէին կարող գնալ:
Այժմ ընտանիքը սպասում է, որ պետության աջակցությամբ կացարան կստանան, որպեսզի կարողանան երեխաներին դպրոց ուղարկել:
«Այս մարդիկ մեզ ջերմ ընդունել են, բայց ինչքա՞ն պիտի այստեղ ապրենք: Մենք մեզ վատ ենք զգում, փոքր տուն է, անհարմարություն ենք պատճառում: Գոնե ազատ տուն լինի, թեկուզ վարձով, գնանք ապրենք: Հետո գոնե վստահ կլինեմ, որ որոշ ժամանակ այդտեղ եմ ապրելու, երեխաներին դպրոց կուղարկեմ: Հիմա չգիտեմ, որտեղ ուղարկեմ՝ բա որ մի 2 օրից տեղափոխվենք այլ տեղ»,-ասում է Անահիտը:
Տիկնոջ մտքերը խառն էին: Սկզբում պատմում էր ամեն ինչից հետո հիշում էր, թե սկզբում ինչ էր պատմում ու վերադառնում խոսակցությանը: Նա սկսեց հիշել Արցախում անցկացրած վերջին օրերը:
Երեխաները՝ Թաթուլն ու 12-ամյա Սոֆյան դպրոցում են եղել, երբ սեպտեմբերի 19-ին սկսվել է հրետակոծությունը: Ասում է, որ առաջին կրակոցները եղել են հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի ձայնը լսվել է քաղաքում: Հետո կրակել են Մարտակերտում տեղադրված մեծ խաչի վրա:
Ինտենսիվ մարտերից մի քանի ժամ անց երեխաների ուսուցչուհին է զանգահարել ու մորը տեղեկացրել, որ ապաստարանում են՝ հորդորելով դուրս չգալ փողոց: Սակայն, Անահիտը չի դիմացել, հավաքել է տան եղած մրգերը, շշով ջուր ու 4 տարեկան երեխուն գրկած վազել երեխաների մոտ:
«Մեր փրկարար տղաները փողոցներում էին արդեն, իմ աչքին բոլորը թուրք էին երևում: Իրենց, որ տեսա՝ գոռացի վախից, ինձ հանգստացրին, նորից վազելով հասա դպրոց: Խոխեքիս գրկել ու չէի հավատում, որ ողջ ու առողջ են: Մի խնձորները կտրտել տվել եմ մի 10 երեխու, որ գոնե մի քիչ դիմանան: Ամբողջ գիշեր քնել ենք նկուղի բետոնե հատակին»,- պատմում է Անահիտ Գևորգյանը:
Հետո դուրս են եկել նկուղից, սակայն վախից տուն չեն գնացել: Անահիտը երեխաների հետ գիշերել է դրսում՝ ծառերի տակ: Իսկ զինվորական ամուսինը գնացել է ծառայության: Այդ ընթացքում Անահիտը որոշել է պարապ չմնալ ու կամավոր է աշխատել Մարտակերտի հիվանդանոցում:
Խոսքը դեռ չէր ավարտել, Ռազմիկը հերթական անգամ վազելով ներս մտավ. «Մամա թորքի սամալյոտը եկավ»: Անահիտը դարձյալ հանգստացրեց որդուն, ասելով, որ այստեղ թուրք չկա:
Կնոջ մտքի թելը կտրվեց: Մի քանի վայրկյան լռելուց հետո հիշեց, թե ինչից էր սկսել խոսքը:
«Բառերով չեմ կարող նկարագրել այդ վիճակը: Ամբողջ Մարտակերտում դիակների ու արյան հոտ էր տարածված: Այդ հոտն իմ ջանին էր կպել, մազերիս մեջ էր մտել: Երեկ լողացել եմ այդ հոտն անցել է: Լույս չկար, որ սառնարաններում դիակները պահեին: Հետո էլ՝ այդքան սառնարան չկար, որ պահեին: Գետնին շարված էին: Ու նրանց մեջ տեսա ընկերուհուս ամուսնուն՝ Վիտոյին: Ընտանիքը չորս օր լուր չուներ: Ես, որ ասեղից վախենում էի, մտել եմ մորգ: Դիակների երեսն էի լվանում, մաքրում, որ մի քիչ ճանաչելի լինեին: Մեր տղերքն արժանի չէին այդ վիճակով թաղվելուն»,- ասում է Անահիտը:
Հայացքով հասկացնում եմ, որ 14-ամյա տղայի՝ Թաթուլի մոտ չպատմի նման բաներ: Անահիտը հանգստացնում է. «Հանգիստ կաց, Թաթուլս ինձ օգնում էր, կողքիս ա եղել: Գնալու տեղ չկար, որտեղ թողեի խոխեքին, բա որ կորեին»:
Անահիտը շարունակում է պատմել հիվանդանոցի բակում ու հիվանդանոցում տեսածի մասին: Խնդրել է բժիշկներին, որ մտնի հիվանդասենյակներ վիրավորներին կերակրի: Երբ ամուսինը եկել է հիվանդանոց, գիշերը միասին գնացել են տուն, արագ մի խոզ են մորթել, գիշերվա ժամը 4-ին երեխաների հետ կրակ են վառել, եփել են ու լուսադեմին հասցրել հիվանդանոց:
«Միսը եփեցինք, բայց աղ չունեինք, փաթաթել ենք լավաշի մեջ, աղջիկս էլ նուռ ճզմեց, լցրինք շշերն ու տարանք հիվանդանոց: Բա ինչ անեինք, վիրավոր կա, կողքին հարազատ չկար, հո մենակ չէինք թողի: Հետս մի աղջիկ էլ կար, հիվանդներից ով չէր կարողանում միս ուտել, սուպ էինք տալիս»,- պատմում է Անահիտը:
Սեպտեմբերի 24-ին ամուսինը զանգել է Անահիտին, թե պատրաստ եղեք, 20 լիտր բենզին է կարողացել հայթայթել, որ ընտանիքին տեղափոխի Հայաստան: Արդեն գիտեին, որ պետք է թողնեն Մարտակերտը։
Արագ հավաքել են միայն փաստաթղթերը ու հագուստ: Խոզերին, հավերին բաց են թողել, դռները փակել ու դուրս եկել: Այժմ իրենց ապրած կյանքի ամբողջ տնտեսածը Հայկի տան բակում կայանած օպել մարդատար ավտոմեքենայի մեջ է:
«Բայց մեր շանը թողեցինք, սրտիս դարդ ա եղել, չկարողացանք բերել: Մի խոզ ենք մորթել, թողել ենք շանը ու եկել: Մաշինի հետևից վազում էր, չէր ուզում մեզ բաց թողեր: Մենք էլ իրան չէինք ուզում թողեինք: Մաշինի դուռը բացում սիրում էինք ու էլի գնում»,- ասում է Անահիտը:
Երեխաները դեռ չեն հաշտվում, որ շանը թողել են մենակ: Պարբերաբար մորը հարցնում են՝ արդյոք շունը կգնա հայերի մոտ, թե ադրբեջանցիները նրա վրա էլ կկրակեն: Մայրը սուտ է հորինել, թե իրենց Թոթին (այդպես են անվանել շանը) արդեն հայերը տարել են:
Սեպտեմբերի 24-ին Մարտակերտից դուրս գալու ճանապարհին տեսել են, որ ադրբեջանական զորքն արդեն մտնում է քաղաք:
«Չէի վախենում՝ մտածելով, որ ռուսը մեր հետ ա: Բայց, որ իրականում մեր հետ լիներ այսքան բան չէր լինի: Այդ երեխեքն էին մեզ խանգարու՞մ: 20 րոպե չկար, որ բամբիտ էին անում արդեն 40 զոհ ունեինք: Հիմա եմ հասկանում, թե մամաս մեզ ոնց ա պահել, ինչեր ա քաշել: Նույն բանը ես տեսա»,- հիշում է Անահիտը:
Տիկնոջ ծնողները Ղարաբաղի առաջին պատերազմի օրերին գաղթել են Բաքվից: Այդ ժամանակ միայն մեծ եղբայրն է ծնված եղել, իսկ մայրն Անահիտին ծննդաբերել է Արցախի նկուղներից մեկում:
Ծնողներն Արցախի Մարտունի քաղաքում զրոյից տուն են կառուցել, տնտեսություն հիմնել: Հետո Անահիտն ամուսնացել է ու տեղափոխվել Մարտակերտի Վաղուհաս գյուղ: Վերջին տարիներին ապրել են Մարտակերտ քաղաքում, քանի որ ամուսինը ծառայում էր Պաշտպանության բանակում և վարձակալած տունը մոտ էր աշխատավայրին:
Անահիտը կռվից մեկ օր առաջ՝ սեպտեմբերի 18-ին, հյուր է գնացել ծնողներին: Հայրը բենզին է հայթայթել, խնդրել է ծանոթ վարորդներից մեկին, որ աղջկան բերի իրենց տուն՝ փոխարենը հետը բանջարեղեն է ուղարկել:
«Մարտունի քաղաք գնալուց ներքին զգացողություն եմ ունեցել, թե ամեն ինչ վերջին անգամ եմ տեսնում: Տղայիս հետ նկարվել ենք Մոնթեի արձանի մոտ, հետո այցելեցինք զոհվածների հուշակոթող ու հետ գալուց հետո սկսվել է ադրբեջանցիների զինված հարձակումը»,- պատմում է Անահիտը:
Այսօր արդեն լուր տարածվեց, որ ադրբեջանական զորքերն ապամոնտաժել են արձանը:
«Փառք Աստծո զոհեր չունենք, բայց վերջին պատերազմներից շատ ենք տուժել: 2020թ․-ին Հայաստան գալու ժամանակ գրադն ընկել ա տեգորս ավտոյի մոտ: Տեգորս գլխի մի հատվածը չկա, վատ ա լսում, խոխի գլուխն ա վնասվել, ձեռքի մատները չկա: Հետո ամեն օր լսում էի, որ ախպերներս են վիրավորվում ու բերում են Հայաստան: Հիմա էլ բոլորը Ղարաբաղում են, դեռ չեն եկել: Իմ ծնողներից էլ լուր չունեմ, չգիտեմ՝ ուր են, ինչ են անում»,- ասում է Անահիտը:
Զրույցն ընդհատվեց Ռազմիկի հերթական աղմուկով: 4-ամյա տղան սուրճի հետ դրված քաղցրավենիքը տեսավ ու հերթական զարմանքն ապրեց, որ կոնֆետ կա. «Մամա, տես, կանֆետ ա»:
Անահիտը պատմեց, որ նույն զարմանքն ապրել է նաև Կոռնիձորում, երբ գնացել են հաշվառվելու: Միանգամից գոռացել է, թե վաֆլի է տեսնում այնտեղ դրված: Հետո երշիկ է պահանջել:
Այս անգամ էլ խոսակցությունը գնում է շրջափակման օրերի մասին: Անահիտը հիշում է 9 ամիս անցկացրած կիսասոված օրերի մասին: Երբ Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը, զրկվել են ամեն ինչից, նույնիսկ աղ չեն ունեցել, որ ուտելիքին մի քիչ համ տային:
«Կարտոշկեն եփում էի, խոխեքը վերցնում էին ձեռքը, առանց աղ, ուտելով ման էին գալիս, էնքան որ փորը մի բան ընկներ»,- ասում է Անահիտը:
Կինը բացառեց, որ հետ կգնան Արցախ ու կապրեն ադրբեջանցիների հետ: Արդեն տեղեկություններ ունի, որ ամուսնու ծննդավայր Վաղուհաս գյուղում 20-21 տարեկան տղայի գլուխ են կտրել, այլ գյուղերում ծերերի են գլխատել:
«Մենակ մտածմունքս էն ա, որ մեր ընտանիքները ողջ ու առողջ գան: Մեկ էլ մեզ մի անկյուն հատկացնեն, ապրենք: Կաշխատենք, պարապ չենք մնա»,- ավելացրեց Անահիտը:
Մեկնաբանել