«Հաշվառված քաղաքացիների ամեն երրորդն անչափահաս է, նշանակում է՝ դպրոցներում շատ անելիք կունենանք». ԿԳՄՍ նախարար
Սեպտեմբերի 27-ի Ժամը 15:00-ի դրությամբ՝ Հակարիի կամուրջը հատել է 50 243 անձ։ Նրանցից 5700-ն են օգտվել պետության տրամադրած կացարանից։ Այս մասին «Հումանիտար կենտրոն»-ի տվյալների հերթական ներկայացման ժամանակ հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը։
Վերջինս հորդորեց բռնի տեղահանված անձանց հաշվառման գործընթացն իրականացնել ժամանակավոր բնակության վայրերում և նշեց, որ ՀՀ բոլոր մարզերում գործում են աշխատանքային խմբեր։
Ըստ Նազելի Բաղդասարյանի՝ այսօր ևս 74 բուժառու տեղափոխվել է ՀՀ, բուժառուների ընդհանուր թիվը 311 է։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ անդրադարձավ երեխաների կրթության իրավունքին՝ նշելով, որ այն իրենց համար նույնպես առաջնային է։
«Այս պահի դրությամբ տարբեր մարզերում արդեն ունենք դպրոցներ դիմած շուրջ 100 քաղաքացիներ։ Այն պահին, երբ կեցության սննդի և կացարանի խնդիրները կարագավորված են, պետք է մտածենք նաև կրթության մասին։ Մեր դպրոցները պատրաստված են դրան, ուղարկել ենք շրջաբերական, որտեղ հստակ հրահանգներ ենք տվել, թե ինչպես պետք է կազմակերպվի գործընթացը։ Որևէ փաստաթղթային խոչընդոտ չի լինի, և այն ժամանակահատվածում, երբ երեխաները կլինեն դպրոցում, առանց լրացուցիչ փաստաթղթեր պահանջելու նրանց ընդունումը դպրոց տեղի կունենա»,- նշեց նախարարը։
Անդրեասյանը նաև նշեց, որ հավելյալ աջակցության կարիք ունեցող երեխաների համար Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ կան, բոլոր մասնագետները պատրաստ են։ Բացի այդ, նախարարի խոսքով, եկող շաբաթվաբից կմեկնարկեն վերապատրաստման ծրագրեր ուսուցիչների համար։
«Երեխաների թիվը մեծ է, արդեն հաշվառված քաղաքացիների համադրությամբ կարող ենք ասել, որ ամեն երրորդն անչափահաս է, սա նշանակում է՝ դպրոցներում շատ անելիք կունենանք»,- ասաց նա։
Նախարարը նշեց, որ ԼՂ-ից տեղահանված ուսուցիչների համար առանձին ծրագիր կլինի։ Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղում 2023թ. սեպտեմբերի 1-ի դրությամբ՝ գործել է 108 հանրակրթական ուսումնական հաստատություն շուրջ 21 000 սովորողներով, ուսուցիչների թիվը մոտ 1500 է եղել։
«Մեր համակարգը ուրախ կլինի ուսուցիչներին ներգրավվել»,- հայտնեց նախարար Անդրեասյանը։
Մեկնաբանել