
Կանադայի ընդդիմությունը պահանջում է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ. ԱԳ նախարարը չի բացառում
Կանադայի երկու ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոյի կառավարությանը կոչ են արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի ֆոնին: Այդ մասին հաղորդում է կանադական CBS հեռուստաալիքը:
««Նոր դեմոկրատական կուսակցությունը» և «Քվեբեկի դաշինք» կուսակցությունը կոչ են անում Թրյուդոյի կառավարությանը պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ ի պատասխան Լեռնային Ղարաբաղ այդ երկրի ռազմական ներխուժման», - ասված է հաղորդագրության մեջ:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ «Նոր դեմոկրատական կուսակցության» անդամներն անցյալ շաբաթ նամակ են հղել Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլիին՝ կոչ անելով պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ: Նամակի հեղինակները նշել են, որ այս հակամարտության լուծման ռազմական ճանապարհ չկա, «միայն դիվանագիտական ճնշումներն ու համապարփակ երկխոսությունը կհանգեցնեն երկարաժամկետ լուծման»: Նամակում ընդդիմադիր գործիչները կառավարությանը կոչ են արել դիտարկել «Ադրբեջանի ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ կոնկրետ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը, որոնք պատասխանատու են միջազգային իրավունքի խախտման ու տարածաշրջանում մարդու իրավունքների ոտնահարման համար»:
«Մենք ընդունում ենք, որ Կանադան հսկայական դեր չունի այդ տարածաշրջանում։ Բայց դա այն է, ինչ մենք կարող ենք անել, դա այն է, ինչ կարող է անել Կանադայի կառավարությունը՝ մեր անհանգստությունն արտահայտելու համար»,- հեռուստաալիքին հայտարարել է «Նոր դեմոկրատական կուսակցության» ներկայացուցիչ Հեզեր Մաքֆերսոնը։
Բացի այդ, ինչպես նշում է CBS-ը, երեքշաբթի օրը Կանադայի համայնքների պալատի անդամ Սթեֆան Բերժերոնը, որը «Քվեբեկի դաշինք» կուսակցության ներկայացուցիչ է, խորհրդարանի նիստի ժամանակ ևս կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ։ CBS-ի փոխանցմամբ՝ Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին, ի պատասխան ընդդիմության կոչերին, հայտարարել է, որ դիտարկվում է պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը։
Լուսանկարը՝ istock-ից
Մեկնաբանել