
Ֆրանսիան Սյունիքի մարզում հյուպատոսություն կբացի
Ֆրանսիան մտադիր է նոր ռազմական կցորդ նշանակել Երևանում ու պատրաստվում է հյուպատոսություն բացել Հայաստանի Սյունիքի մարզում։ Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան՝ հանդես գալով այդ երկրի խորհրդարանում։
Haut-Karabagh : "Aucun pays n'aide davantage l'Arménie que notre pays", clame @MinColonna. "Toutes les réunions du Conseil de sécurité des Nations unies se sont tenues à l'initiative de la France."#DirectAN #QAG pic.twitter.com/RrLzbUOvzG
— LCP (@LCP) September 26, 2023
«Մենք կամրապնդենք պաշտպանության ոլորտում Հայաստանի հետ մեր համագործակցությունը։ Ռազմական կցորդը կուղարկվի Երևանում Ֆրանսիայի դեսպանություն։ Նաև մենք շուտով մեր հյուպատոսությունը կբացենք Սյունիքի մարզում»,- հայտարարել է Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։ Թե կոնկրետ որտեղ է տեղակայվելու հյուպատոսությունը, ֆրանսիացի նախարարը չի մանրամասնել։
Ֆրանսիայի ԱԳ նախարարը նաև անդրադարձել է Ֆրանսիայի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականությանը ցուցաբերվող աջակցությանը՝ շեշտելով, որ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի ընթացքում Ռուսաստանը մենակ է թողել Հայաստանին։
«Այն, որ Ռուսաստանը հրաժարվել է Հայաստանից և իր մեղսակցությունն ունի Ադրբեջանի ռազմական գործողություններին, էլ ավելի անհրաժեշտ են դարձնում միջազգային դիվանագիտական գործողությունները: Ֆրանսիայի կողքին, հուսով եմ, որ կտեսնենք Եվրոպային, նա պետք է ի գիտություն ընդունի այս իրողությունը, գործի մեզ հետ՝ հարգելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը և պահպանելու Ղարաբաղի հայերի ապրելու իրավունքը։ Ահա թե ինչ ենք անում»,- նշել է Կոլոնան։
Ներկայում Կապանում գործում է Իրանի գլխավոր հյուպատոսությունը, որը բացվել է 2022 թվականի հոկտեմբերի 21-ին՝ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանի մասնակցությամբ։ Այս տարվա մայիսին նման մտադրությամբ հանդես էր եկել նաև Ռուսաստանը, սակայն այն դեռևս չի բացվել։
Լուսանկարը՝ sortiraparis.com-ից
Մեկնաբանել