HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Հայաստանում շատ պաշտոնյաներ ցանկանում են կորցնել Ռուսաստանին և նոր ընկերներ գտնել». Լավրով

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի ղեկավարությանը խորհուրդ է տվել «հիշել ԱՄՆ-ին ապավինած երկրների աննախանձելի ճակատագրի մասին»։

Պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է այնպես ստացվի, որ Հայաստանը կորցնի Ռուսաստանին, Լավրովը նշել է, որ Երևանում բարձրաստիճան մի շարք քաղաքական գործիչներ նման սցենար են ուզում ու նայում են Արևմուտքի կողմը: «Գիտեք, այնտեղ շատ մարդիկ կան, ովքեր ցանկանում են կորցնել Ռուսաստանին և նոր ընկերներ ձեռք բերել»,- նշել է Լավրովը՝ ռուսական TACC գործակալությանը տված հարցազրույցում, որի ամբողջական տարբերակը կհրապարակվի վաղը։

«Եթե նրանք ապավինում են Միացյալ Նահանգներին, ինչն ուղղակիորեն բխում է Հայաստանի ղեկավարության շատ ներկայացուցիչների արտահայտություններից, ապա, հավանաբար, լավ կլիներ, որ նրանք նայեին նորագույն պատմությանը, թե ինչպես է Միացյալ Նահանգները վարվել նրանց հետ, ում նրանք ձգտում էին իրենց թևի տակ վերցնել՝ առաջ մղելով իրենց աշխարհաքաղաքական շահերը աշխարհի՝ ամերիկյան ափերից հեռու գտնվող շրջաններում։ Այդ բոլոր մարդկանց ճակատագիրը բավական աննախանձելի է»,- նշել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

Նա ընդգծել է, որ ամեն դեպքում Անդրկովկասում ՌԴ-ի աշխարհաքաղաքական շահերն անտեսել հնարավոր չէ։ «Պատմականորեն, աշխարհագրորեն, աշխարհաքաղաքականորեն անհնար է Ռուսաստանին կորցնել այն իմաստով, որ լիովին անտեսվի նրա շահերն Անդրկովկասում։ Բայց նման հույսեր են փայփայում Երևանում որոշ ղեկավարներ, և այդ մասին նրանք ուղիղ խոսում են»,- ասել է Լավրովը։

Մասնավորապես, Լավրովն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ իր վերջին ելույթում նման միտք է արտահայտել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որը հայտարարել էր «չկայացած դաշինքները փոխհատուցելու անհրաժեշտության մասին, որի վրա, իր անվտանգության ապահովման տեսանկյունից, հույսը դնում էր Հայաստանը»։ Բացի այդ, Լավրովին դուր չի եկել Փաշինյանի այն հայտարարությունը, որ Հայաստանը պետք է ընդլայնի գործընկերների իր շրջանակը, որոնք կապահովեն իր անվտանգությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիներին ուղղված իր ուղերձում հայտարարել էր, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունն ու հայ-ռուսական ռազմավարական գործընկերության գործիքները բավարար չեն Հայաստանի արտաքին անվտանգության ապահովման համար։

Բացի այդ, Փաշինյանը իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Ռուսաստանը հեռանում է Հարավային Կովկասից։ Վերջինիս խոսքով՝ ռուս խաղաղապահները չեն վերահսկում Լաչինի միջանցքը, իսկ Ռուսաստանը կամ չի ցանկանում, կամ էլ չի կարողանում անել դա։

Լուսանկարը՝ Ozan Kose/AFP via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter