
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ. պետական ինստիտուտները կլուծարվեն
Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը 2023թ. սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին հրամանագիր է ստորագրել։
Համաձայն հրամանագրի՝ ստեղծված ռազմաքաղաքական ծանր իրավիճակի կապակցությամբ, ելնելով Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության և կենսական շահերի ապահովման առաջնահերթությունից, հաշվի առնելով ռուսական խաղաղապահ ուժերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների հետ, ըստ որի՝ ապահովվում է Լաչինի միջանցքով Լեռնային Ղարաբաղի բնակիչների, այդ թվում՝ զենքերը վայր դրած զինվորականների ազատ, կամավոր և անխոչընդոտ անցումը՝ մեքենաների վրա իրենց գույքով, և առաջնորդվելով ԼՂ Սահմանադրության 93-րդ հոդվածով՝ որոշում է կայացվել՝
- Մինչև 2024 թվականի հունվարի 1-ը լուծարել գերատեսչական ենթակայության բոլոր պետական հիմնարկներն ու կազմակերպությունները, և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը (Արցախ) դադարում է գոյություն ունենալ։
- Լեռնային Ղարաբաղի բնակչությունը, այդ թվում՝ Հանրապետությունից դուրս գտնվող բնակչությունը, սույն հրամանագրի ուժի մեջ մտնելուց հետո ծանոթանում է Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած վերաինտեգրման պայմաններին՝ ապագայում Լեռնային Ղարաբաղում մնալու (վերադառնալու) հնարավորության մասինանկախ և անհատական որոշում կայացնելու նպատակով։
Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից անմիջապես հետո։
Մեկնաբանել