HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայ-թուրքական սահմանի բացումը ամբողջությամբ կախված է Երևանից. РИА Новости-ի աղբյուր

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, այդ թվում՝ սահմանի բացման հարցը, ամբողջովին կախված է այն քայլերից, որոնք կձեռնարկի պաշտոնական Երևանը։ Այդ մասին РИА Новости-ին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի իր աղբյուրը՝ նշելով, որ տարածաշրջանում նոր իրավիճակ է ստեղծվել։

Դեռ նախորդ շաբաթ Hürriyet-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ Հայաստանը Թուրքիային առաջարկել է բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչին Անկարան դեմ չի եղել։

«Ինչ վերաբերվում է մեր հարաբերությունների կարգավորմանը, բուն գործընթացին, որի շրջանակներում տեղի են ունեցել հանդիպումներ, ապա հերթական քայլերի մասին հնարավոր կլինի խոսել այն բանից հետո, երբ մենք տեսնենք Երևանի կառուցողական, անկեղծ և խաղաղասիրական մոտեցումը։ Անհրաժեշտ է հասկանալ, որ տարածաշրջանում նոր իրավիճակ է ստեղծվել, համագործակցության լայն հնարավորություններ կան։ Նման մոտեցման առկայության դեպքում, կարծում եմ, այդ գործընթացում մենք կտեսնենք կոնկրետ տեղաշարժեր, ընդհուպ մինչև սահմանի հարցը»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Չնայած ընդհանուր սահմանին՝ Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ։ 1993 թվականից Թուրքիան փակել է Հայաստանի հետ սահմանը։ 2009 թվականին Ցյուրիխում երկու երկրի արտաքին գործերի նախարարները ստորագրել էին «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման մասին» արձանագրությունները, սակայն այդ փաստաթղթերը չէին վավերացվել երկու կողմի խորհրդարանների կողմից։ 2018 թվականի մարտի 1-ին Հայաստանը հայտարարել էր հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգի դադարեցման մասին։

Հայաստանն ու Թուրքիան 2021 թվականի դեկտեմբերին նշանակել էին հարաբերությունների կարգավորման հատուկ բանագնացներ։ Հայկական կողմը ներկայացնում է ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը, իսկ թուրքականը՝ ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչը։ Մինչ այժմ այս ձևաչափով 4 հանդիպում է եղել, որից մեկը Մոսկվայում, իսկ մյուս երեքը՝ Վիեննայում։

Հիշեցնենք, որ նախօրեին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց էր ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել էին ընթացիկ տարածաշրջանային զարգացումները և օրակարգային թեմաներ:

Լուսանկարը՝ Alexei Fateev / Alamy

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter