HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարե Պետրոսյան

Կիբերհարձակումները՝ ռազմական բախումներ կանխատեսելու ցուցիչ

Արցախի վրա Ադրբեջանի վերջին հարձակման ֆոնին համացանցի հայկական տիրույթում կիբերհարձակումները զգալիորեն աճել են։ Թիրախում նաև լրատվամիջոցներն են։ Այս օրերին «Հետքը» ևս հարձակումների էր ենթարկվում։

«Մատեմատ» ընկերության հիմնադիր տնօրեն Վարդան Թորոսյանն ասում է՝ ընկերությունը սեպտեմբերի 12-ից օրական ընդհանուր մեկ միլիոնը գերազանցող ընթերցող ունեցող տասնյակ խոշոր լրատվամիջոցների վրա 100-ից ավել DDoS հարձակում է հետ մղել։

Ինչպես բացատրում է ChatGPT-ն, DDoS (Distributed Denial of Service) հարձակումը նման է մարդկանց հսկայական բազմության, որը փորձում է միաժամանակ մտնել խանութ։ Սրանք իրական գնորդներ չեն, փոխարենը քաոս են ստեղծում և արգելափակում իրական հաճախորդների մուտքը: Նույն կերպ համացանցում կայքերը կեղծ հարցումների ու այցելուների մեծ ալիքի պատճառով ծանրաբեռնվում են ու անհասանելի դառնում իրական օգտատերերի համար։

Վարդան Թորոսյանը ծրագրավորող է, ոլորտում աշխատում է 2010-ականներից։ Ասում է՝ մինչև 2016 թվականը հարձակումները տեղի էին ունենում հատուկ օրերի, օրինակ՝ ապրիլի 24-ին, Մայիսյան հաղթանակների կամ ադրբեջանցիների համար կարևոր նշանակություն ունեցող օրերին։ Սա նաև հոգեբանական ազդեցություն է ունենում։

«Հետո այս հարձակումները վերածվեցին ավելի համակարգված DDoS հարձակումների, որոնց նպատակը միշտ եղել է խեղդել այս կամ այն լրատվամիջոցի ձայնը՝ թույլ չտալով, որ լրատվությունը հասնի առաջին հերթին միջազգային հանրությանը, ապա՝ ներքին լսարանին»,- ասում է Վարդան Թորոսյանը։ Նման իրավիճակում ճանապարհ է բացվում ապատեղեկատվության մեծ հոսքի համար։

Թորոսյանն ասում է՝ կիբերհարձակումները լավ ցուցիչ են ռազմական բախումները կանխատեսելու համար․ սովորաբար դրանք կամ դրանց նախապատրաստությունները սկսվում են բախումներից մի քանի օր առաջ։

«Փորձեր միշտ լինում են, բայց խոսքը համակարգված ու հսկայական ռեսուրսներ պահանջող գործողությունների մասին է, որոնք հստակ ուղղություն ունեն։ Մի ռեսուրսին օրական շուրջ 150 միլիոն վտանգավոր հարցում է եկել։ 2020 թվականի պատերազմի ամբողջ ընթացքում այս հարձակումները գրեթե չեն դադարել»,- նշում է մասնագետը։

Թորոսյանի փոխանցմամբ՝ այս անգամ կիբերհարձակումները հիմնականում Ռուսաստանից, Չինաստանից ու Հյուսիսային Կորեայից են եղել։ Բացատրում է՝ նման հարձակումները երկրների մակարդակով չեն կազմակերպվում։

«Պատվերները առանձին ծառայությունների կողմից են իրականացվում, որոնք գնվում են տարբեր տեղերից։ Պատվիրատուից է կախված երկրների ընտրությունը»,- ասում է Թորոսյանը։

Վերջին երեք տարիներին մոտ 110 հազար IP (Internet Protocol) հասցե է հավաքագրվել, որոնցից փորձել են վնաս հասցնել։ Տվյալների այս բազան գնալով մեծանում է, զուգահեռ ավելի արդյունավետ պաշտպանություն կազմակերպելու հնարավորություն է տալիս։ Վարդան Թորոսյանի խոսքով՝ այս տվյալների վերլուծությունը կարևոր է կիբերհարձակումների պարբերականության, թիրախավորված ռեսուրսների ու ծավալի մասին ավելի հստակ պատկեր ստանալու համար, ինչն էլ առաջիկայում փորձելու են կազմակերպել։

Հոդվածում օգտագործվել է ChatGPT-ի 4-րդ սերնդի (GPT-4) մոդելը
Գլխավոր նկարը ստեղծել է արհեստական բանականությունը (Midjourney)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter