HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արա Գալոյան

Էներգետիկ բուրժուազիայի համեստ հմայքը

Վերջին տարիներին էներգետիկան տնտեսության այն ոլորտն է, որն անընդհատ գտնվում է բնակչության, հասարակական- քաղաքական կազմակերպությունների եւ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Արդեն կայացած ավանդույթի համաձայն տնտեսական ու քաղաքական լարված իրավիճակի պարագայում էներգետիկ ճգնաժամի տարիները դառնում են քաղաքական շահարկումների թեմա: Միաժամանակ էներգահամակարգի խնդիրները հազվադեպ են լուրջ վերլուծության արժանանում:

Նոր դեր

Խորհրդային տարիներին էներգահամակարգը տնտեսության ճյուղերից մեկն էր, որի նկատմամբ որեւէ առանձնահատուկ վերաբերմունք չկար: Աշխատող արտադրական համակարգի համար այն ենթակառուցվածքային ճյուղ էր: 90-ականններին պատկերը կտրուկ փոխվեց: Էլեկտրաէներգետիկան դարձավ կարեւորագույն ոլորտ: Մի քանի անգամ աճեց էլեկտրաէներգետիկայի կշիռը արդյունաբերական արտադրության կառուցվածքում: Այն այսօր տնտեսության երկրորդ ճյուղն է: Էներգետիկան կազմում է արդյունաբերությանմեկ երրորդ մասը: Եւ, բնականաբար, համակարգը տնօրինում է իր կշռին համապատասխան ֆինանսական միջոցներ: Անցած տարիների ընթացքում այս ոլորտ է ուղղվել 150 մլն դոլարից ավելի վարկային միջոց: Մի քանի տարի համակարգն առանց միջնորդի ինքն էր գանձում օգտագործված էներգիայի վարձը: Յուրաքանչյուր տարի պետբյուջեից հսկայական միջոցներ են տրամադրվում համակարգին: Փաստորեն, էներգահամակարգը 90-ական թթ.ամենամեծ ֆինանսական միջոցներ տնօրինող ոլորտն էր:

Մյուս կողմից ֆինանսատնտեսական այս կայսրությունը գործում է գաղտնիության այնպիսի պայմաններում, որոնց կնախանձեր ցանկացած երկրի անվտանգության համակարգ:

«Լափած մազութի» ուրվականը այսօր (կամ 1998-ի իշխանափոխությունից հետո) չի ծնվել: Դեռեւս 1993թ. մարտին ՀՀ կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբը մի քանի նիստ անընդմեջ փորձում էր մեկ խնդիր պարզել: 1992թ. հուլիսին ստեղծվել էր «Հայգազվառելիք» պետական ձեռնարկությունը: Այս ՊՁ-ին հանձնարարվել էր 70 հազար տոննա մազութ գնել Ռուսաստանից (1 տոննան` 60 դոլար): 4 մլն 200 հազար դոլարանոց այս գործարքը մինչեւ վերջ չէր հասցվել: 92-ի օգոստոսից փակվել էր աբխազական երկաթգիծը: Օպերատիվ շտաբն այդպես էլ չգտավ 70 հազար տոննա մազութի հետքը (գործարքի պատասխանատուն այդ պահին Երվանդ Զախարյանն էր, հետագայում նա մի քանի անգամ զբաղեցրել է նախարարի եւ փոխնախարարի պաշտոն): Այնուհետեւ կառավարությունը (վարչապետ Հրանտ Բագրատյան) փոխնախարար Երվանդ Զախարյանին աշխատանքից ազատելուց (17 մարտի 1993թ.) հետո ՀՀ Դատախազությանը հանձնարարեց հետաքննել այս գործը: ՀՀ դատախազի (Արտավազդ Գեւորգյան) հրամանով քննությունը հանձնվեց կարեւորագույն գործերով քննիչ Աղվան Հովսեփյանին: Քննչական խումբը գործը այդպես էլ դատարան չհասցրեց:

Այդ տարիներին ՀՀ դատախազությունը Ներքին Գործերի եւ Ազգային Անվտանգության նախարարության հետ մի քանի անգամ ստուգել է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարության ծախսերի արդյունավետությունը: ՀՀ դատախազության գլխավորությամբ ստեղծված հանձնաժողովը 1996թ. փետրվար-մայիս ամիսներին աշխատելուց հետո վերջնական եզրակացություն չի ներկայացրել: Անարդյունավետ էին նույն մայիսին (ինչպես նաեւ 1997թ. սեպտեմբերին) ստեղծված հանձնաժողովների աշխատանքները:

Այս եւ հետագայում Ազգային ժողովի երկրորդ եւ երրորդ գումարումների ժամանակավոր հանձնաժողովների աշխատանքն ապացուցեց, որ էներգահամակարգը նայիվ չէ: Էներգահամակարգի բոլոր ղեկավարներին (բացառությամբ Հրազդանի ՊՇԷԿ-ի նախկին տնօրենի) հաջողվում է անհետեւանք հաղթահարել բոլոր ստուգումները: Պատգամավորական հանձնաժողովները հասկանալի պատճառներով քաղաքականացնում են եւ ուռճացնում իրենց ստուգումների արդյունքները: Փոխարենը քննչական լիազորություն ունեցող հանձնաժողովները, որպես կանոն, գործում են գաղտնիության պարագայում: Երբեք չեն հայտարարվում նրանց ուսումնասիրությունների իրական ծավալներն ու ոլորտները: Եւ այս հակասության ֆոնի վրա հասարակական կարծիքում խորանում է «էներգետիկ մաֆիայի» ամենազորության մասին կարծիքը: Հատկապես, որ 90-ականներին էներգետիկայի ոլորտում տեղի ունեցած շատ երեւույթներ առ այսօր տրամաբանական բացատրություններ չեն ստացել:

Ճգնաժամի որոշ մանրամասներ

1992թ. երկրորդ կեսից Հայաստանում սկսվեցին հովհարային անջատումները: Արդեն չէր գործում ադրբեջանական երկաթգիծը: Մինչեւ ամռան վերջ դեռ գործում էր աբխազականը, բայց այն ավանդաբար համարվում էր մարդատար գնացքների երկաթուղի: Արդյունաբերականը հիմնականում ադրբեջանականն էր: Այս պատճառով էլ իշխանություններին (վարչապետ Խ. Հարությունյան) չհաջողվեց վառելիքի (մազութի) մեծ պաշարներ ներկրել եւ պահեստավորել: Ղարաբաղյան պատերազմի տնտեսական դրսեւորումը միայն ադրբեջանական երկաթգծի փակումը չէր: Խիստ կանոնավոր պարբերականությամբ Վրաստանի տարածքում պայթեցվում էր Հայաստան մտնող գազատարը: Արդյունքում 92-ի աշնանը դադարեցվեց բնակավայրերի գազի մատակարարումը: Բոլոր քաղաքներում չէր գործում կենտրոնական ջեռուցման համակարգը: Ձմռան ընթացքում բնակչության համար ջերմության միակ աղբյուրը էլեկտրաէներգիան էր: Գազի ու մազութի սակավության պայմաններում որոշվեց ընդլայնել հիդրոկայանների արտադրական ծավալը:

1993թ. ընթացքում վերագործարկվեցին Արմավիրի եւ Ստեփանավանի ՀԷԿ-երը: Տարվա ընթացքում Արմավիրն արտադրեց 2040 կվտ, Ստեփանավանը` 528 կվտ: Էլեկտրաէներգիայի արտադրությունը նախորդ տարվա համեմատ կրճատվեց 30 տոկոսով: Էկոլոգիական բացասական հետեւանքներն ակնհայտ էին: Սեւանա լճի ջրի մակարդակի անկումը, բաց թողնված ջրի քանակությունը գերազանցեցին 50-ականների ցուցանիշը: Այս պարագայում որոշվեց շարունակել Հրազդանի ՊՇԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարությունը (1993թ.): 1995թ. վերջում վերագործարկվեց ատոմակայանը` այդ տարի արտադրելով 303 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա: Ատոմակայանի վերագործարկումն արդեն հեղաշրջում էր: Հայկական ատոմակայանն աշխարհում միակն էր, որ գործարկվում էր 10-15 մեգավատանոց հովհարային անջատում-միացումներ ունեցող ցանցում: Այդ բարդ (ու վտանգավոր) տեխնոլոգիական կառույցը իր պահանջները դրեց էներգետիկների առջեւ: Այն իր հենց վտանգավորության պատճառով չէր կարող դառնալ էներգետիկայի ոլորտի ղեկավարության պատանդը: Մինչդեռ հենց այդպիսի կարգավիճակում էին գործող բոլոր էլեկտրաարտադրական ձեռնարկություններն ու բաշխիչ ցանցերը: Արդյունքում նաեւ երկրի բնակչությունն ու տնտեսությունը:

Ատոմակայանի վերագործարկումը ստիպեց համակարգում տեխնոլոգիական կարգապահություն ապահովել: Իսկ դա նշանակում էր ապահովել արտադրվող ու մատակարարվող էլեկտրաէներգիայի տեխնիկական ցուցանիշները (առաջին հերթին ապահովել 50 հերց հաճախականություն հանրապետության ողջ ցանցում, որը միասնական համակարգ է դեռեւս 1938թ.): Երկրորդ հերթին անհրաժեշտ էր խիստ հստակեցնել հովհարային անջատումների գրաֆիկը եւ փորձել անցնել էլեկտրամատակարարման անխափան ռեժիմի: Ատոմակայանի վերագործարկումից մոտ կես տարի անց 1996թ. ամռան սկզբից վերականգնվեց շուրջօրյա էլեկտրամատակարարումը:

Այլեւս ակնհայտ էր, որ բնակչությունը սեփական միջոցներով ապահովել է ջերմության ապահովման այլ ուղիներ, եւ թանկ ու արդեն հաշվառվող էլեկտրաէներգիան բավարար է շուրջօրյա մատակարարման համար:

Հովհարային անջատումներն անմիջապես բխում էին բաշխիչ ցանցերի եւ էներգետիկայի նախարարության ղեկավարության շահերից: Շահագործման այդ բարբարոս մեթոդը պերմանենտ վթարումներ էր ապահովում: Վթարների վերացման համար անհրաժեշտ միջոցները տրամադրվում էին պետբյուջեից: Պակաս միջոցներ չէր տրամադրում սպառողը` վնասված կաբելների, վահանիկների, ենթակայանների վերանորոգման համար: Վթարների վրա միշտ էլ կարելի էր էլեկտրաէներգիայի կորուստներ դուրս գրել: Եւ դեռ 1996թ. աշնանը համակարգի ղեկավարությունը ձգտում էր վերականգնել հովհարային անջատումները: 1996թ. սեպտեմբերին նախարար Գագիկ Մարտիրոսյանը հայտարարեց, որ նոյեմբերից վերսկսվելու են անջատումները: Բարեբախտաբար, չվերսկսվեցին: Բայց համակարգը շարունակեց վարկային միջոցներ ներգրավելու քաղաքականությունը: Իսկ կենդանի (ու կատաղի) փողերի մեծ աղբյուր մնաց նույն կորուստների ցուցանիշը:

Կոպերֆիլդի մանկական հնարքները

Աճպարար Դավիթ Կոպերֆիլդը վաստակում է տարբեր հնարքներ բեմադրելով: Նրան մի անգամ հաջողվեց բազմահազար հանդիսականների ներկայությամբ անհետացնել ինքնաթիռ: Այս աճպարարն իր հնարքները բանեցնում է վկաների ներկայությամբ: Այդ պատճառով էլ նա հանրահայտ է:

Էներգետիկայի ոլորտի մի քանի տասնյակ ղեկավարների արդեն մի քանի տարի հաջողվում է կորցնել (անհայտացնել) այնքան էլեկտրաէներգիա, որքան բավարար կլիներ Երեւանի մեծության եւս մեկ քաղաքի համար: Ընդ որում այդ հոսանքը կարելի կլիներ այդ քաղաքին մատակարարել անվճար: Որովհետեւ դրա համար վճարել են մյուս սպառողները: Կորուստները ներառված են 25 դրամանոց սակագնի մեջ:

Տեխնիկատնտեսական բոլոր հնարավոր տրամաբանական բացատրությունների համաձայն մեր համակարգում կորուստները պիտի կազմեն 12-14 տոկոս: Առավելագույնը: Մինչդեռ Հայաստանում վերջին հաշվով տարեկան կորում է արտադրված էլեկտրաէներգիայի առնվազն մեկ երրորդը: Օրինակ, 1998թ. կորել է 1 մլրդ 764 մլն կվտ հոսանք: Սա այն դեպքում, երբ նույն տարի արդյունաբերությունը օգտագործել է 1 մլրդ 100 մլն կվտ, գյուղատնտեսությունը` 342 մլն կվտ, տրանսպորտը` 151 մլն կվտ: Կորուստները նկարագրող գրաֆիկում տարօրինակ կարելի է համարել 1997թ. ցուցանիշը: Կորուստների ցուցանիշը ռեկորդային ցածր է` ընդամենը 21%: Էներգետիկայի նախարարության միջին օղակի ղեկավարներից մեկը (վարչության պետ) իր անունը չնշելու պայմանով այսպիսի բացատրություն տվեց. 1997թ. Հայաստանի վարչապետ էր նշանակվել Ռոբերտ Քոչարյանը: Մարդ, որի հետ էներգահամակարգի ղեկավարությունը այդ պահին շփումներ չուներ: Չկան շփումներ, կորուստները` քիչ են: Իսկ հաջորդ տարվանից կորուստների թիվը վերադառնում է 30 տոկոսի ցուցանիշների մակարդակ:

Ի դեպ, պաշտոնական տվյալներով բնակչությունը համարյա ամբողջությամբ մուծում է օգտագործած հոսանքի վարձը (առնվազն 80-90 տոկոս): Եւ այս համակարգում «կորցրած» յուրաքանչյուր մեկ տոկոսի արժեքը 3 մլն դոլար է: Էներգետիկները շրջանառության մեջ են դրել «գերնորմատիվային կորուստ» հասկացությունը: Այն ընդհանուր կորուստների առնվազն կեսն է: Այսինքն` տարեկան 15 անգամ 3 մլն դոլար: Շուկայական տնտեսությունը մեզ ուսուցանեց. «Ինչ չի կարելի անել փողով, կարելի է անել ավելի շատ փողով»: Սա էներգահամակարգի գործունեության կարգախոսն է: Արդեն 2 տարի է ապարդյուն փորձում ենք սեփականաշնորհել հանրապետության բաշխիչ ցանցերը: Սկզբից թվում էր, թե կապիտալի «շնաձկները» իրար կոտորելու են այդ յուղոտ պատառի համար: Անցած տարի պոպուլիստ քաղաքական ուժերը միտինգների շարք կազմակերպեցին սեփականաշնորհման դեմ: Հետո պարզվեց, որ մեր բաշխիչ ցանցերից հրաժարվում են բոլորը` ամերիկյան, շվեյցարական, իսպանական, ռուսական կազմակերպությունները:

Պատճառներից մեկն էլ հնարավոր է, որ մեր կոպերֆիլդյան տիպի ղեկավարների ներկայությունն է: Ոչ մի սեփականաշնորհում էլ չի փրկի նրանցից էներգահամակարգը: Մի քանի տասնյակ ղեկավարներին հաջողվում է շահագործել մի քանի հազար մասնագետ էներգետիկների աշխատանքը: Ի դեպ, առանձնահատուկ թեմա է այս համակարգի աշխատանքի հիմնական ցուցանիշների վերլուծությունը: Վերջին 10-12 տարվա ընթացքում էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է մոտ 3 անգամ: Սակայն այս ընթացքում համակարգի աշխատակիցների թվաքանակն աճել է նույնքան` մոտ 3 անգամ: 40 հազար աշխատատեղի ֆոնի վրա հնարավոր է, որ պատեհ չէ աշխատատեղի կրճատման մասին խոսելը: Բայց Հայաստանի բնակչության եւ տնտեսության համար անտանելի է դառնում մոտ 30 հազարանոց «էներգետիկների» բանակը, որն ինքն է առաջին հերթին վատթարացնում համակարգի ֆինանսա-տնտեսական վիճակը: Ինչպես միշտ, այս պարագայում էլ տուժում է իրական` արտադրական հատվածը: Աշխատավարձ 4-6 ամիս է չեն վճարվել հոսանք արտադրող ձեռնարկություններում: Էներգահամակարգը չի կարողանում ժամանակին վճարել օգտագործած գազի եւ միջուկային վառելիքի դիմաց: 1997թ. վերջին ստեղծվեց «Հայռուսգազարդը»: Ռուսաստանյան «Գազպրոմը» իրեն տրամադրված 45 տոկոսանոց փաթեթի դիմաց պարտավորվեց 145 մլն դոլարի գազ մատակարարել: 2001թ. ապրիլին այդ ծավալը լրացավ, բայց անհրաժեշտ գումար չկար ոչ միայն գազամատակարարումն ապահովելու, այլեւ ատոմային վառելիքի դիմաց վճարելու համար: Արդյունքում ՀԱԷԿ-ը ամառային դադարից հետո գործարկվեց մեծ ուշացումով: Սա այն դեպքում, երբ ատոմակայանի չաշխատած յուրաքանչյուր օրը հոսանքի ինքնարժեքը բարձրացնում է եւ համակարգն օրական կորցնում է մոտ 70 հազար դոլար:

Էներգահամակարգում պարտքը միայն աշխատավարձի գծով 4,5 մլրդ դրամ է: Պատճառն այն է, որ վերջին ամիսներին համկարգ մուտքագրվող օրինական գումարները համարյա ամբողջությամբ ուղղվել են ռուսաստանյան պարտքերի մարմանը:

Էներգետիկայի նախարարության ղեկավարությունն արտադրական ձեռնարկությունների աշխատակիցների միտինգների եւ գործադուլի սպառնալիքների պատճառով հետաքրքիր լուծում է գտել: Ձեռնարկությունների ղեկավարներին հրահանգել են վարկեր վերցնել բանկերից 1-2 ամսվա աշխատավարձ վճարելու համար: Ռուսաստանյան պարտքերի մարումից հետո տնտեսությունից ու բնակչությունից հավաքված միջոցներով պարտքերն, իհարկե, կփակվեն: Սա բանկային համակարգն աշխուժացնելու բավական յուրօրինակ քայլ է, որը չի բխում էներգահամակարգի շահերից:

Իսկ թե ինչպես էր հնարավոր պարտքեր կուտակել գազամատակարարման դիմաց, դա առանձին հարց է, որն էներգահամակարգի ներքին այլ խնդիրների հետ առանձին կներկայացվի:

(շարունակելի)

«Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter