HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Բնակարանների վարձերը Երևանում և մոտ քաղաքներում կտրուկ բարձրացել են վերջին մեկ շաբաթում

Բռնի տեղահանված արցախցիների հոսքին զուգահեռ վարձակալությամբ տրվող բնակարանների շուկայում գների էական աճ է նկատվում։

Սոցիալական ցանցերում և ամենուր տեղահանված և Հայաստան տեղափոխված արցախահայերը, նրանց հարազատներն ու ընկերները վարձով բնակարաններ են փնտրում։ Նրանց մի զգալի մասը հրաժարվում է պետության հատկացրած տներից ու բնակարաններից, քանի որ նախընտրում է Երևանում կամ Երևանին մոտ գտնվող քաղաքներում ապրել։ 

Պահանջարկը կտրուկ ավելացել է, և արդեն երեք օր է՝ վարձով տրվող տների ու բնակարանների սեփականատերերը բարձրացնում են գները։ 

Մեր փոքրիկ հարցումը ցույց տվեց, որ տների ու բնակարանների գներն ընդամենը երեք օրում նվազագույնը 30%-ով թանկացել են, առանձին դեպքերում՝ նույնիսկ կրկնակի-եռակի։

Այս ֆոնին կան նաև փոխզիջումների գնացող սեփականատերեր և գործակալություններ։ Ինչպես նաև՝ սեփականատերեր, որոնք պատրաստ են անվճար տրամադրել բնակարանները։

Բնակարանների դեֆիցիտն ու արագ աճող պահանջարկը

«Հետքի» հետ զրույցում «Sweet home realty» ընկերության ներկայացուցիչը նշում է, որ այս օրերին զանգերի տեղատարափ է։ Նկատում են, որ ազատ բնակարաններ Երևանում քիչ են մնացել։

«Երևանամերձ մարզերում ևս հիմա էական թանկացում է նկատվում, օրինակ՝ Մասիսում, Էջմիածնում, Աբովյանում։ Քաղաքներում, որտեղից հեշտ է հասնել Երևան, գնաճն ավելի ակնառու է»,- նշեց գործակալության ներկայացուցիչը։

Անշարժ գույքի գործակալները վարձակալության գների բարձրացումը բացատրում նաև այն հանգամանքով, որ Արցախից տեղափոխվող ընտանիքները հիմնականում բազմանդամ են, իսկ գնի բարձր լինելն ուղիղ համեմատական է վարձակալների քանակին։

«Առաջանում է գույքի մաշվածության հարց, այսինքն՝ որքան շատ մարդ է օգտագործում, այնքան շուտ է մաշվում։ Հարևաններին անհանգստացող աղմուկի հավանականությունն ավելի մեծ է»,- ասաց նա։

«Սիլվեր ՌԵԱ» անշարժ գույքի գործակալության տնօրեն Անդրանիկ Հարությունովը նկատում է, որ այս պահին շուկայում կա բնակարանների մեծ դեֆիցիտ և արագ աճող պահանջարկ։

Լինում են նաև դեպքեր, երբ սեփականատերերը հրաժարվում են իրենց բնակարանները արցախցիներին տրամադրել։

«Ասում են՝ չեմ կարող տեղահանվածից գումար վերցնել, բայց միաժամանակ տունս եկամտիս միակ աղբյուրն է, ի՞նչ անեմ։ Մարդիկ էլ կան մտածում են, որ արցախցիները դեռ վճարունակ չեն»,- ասաց Հարությունովը։

Հարությունովը նշում է, որ որոշ բնակարանների սեփականատերեր, նույնիսկ, կրկնակի-եռակի են բարձրացրել վարձակալության գինը։

«Խնդիր կա նաեւ տեղի վարձակալների համար։ Կան արցախցի ընտանիքներ, որոնք իրենց այստեղի բնակարանները վարձով էին տվել, բայց հիմա վերադառնում են և ստիպված են լինում վարձակալներին խնդրել, որ ազատեն բնակարանը։ Ընդհանրապես այս բոլոր խնդիրները ոլորտում կարգավորումների բացակայության հետևանքով են։ Օրենքը կա, վերահսկողությունը՝ ոչ»,- ընդգծեց գործակալը։

Նա նկատեց նաև, որ արցախցիների մեծ մասը ցանկանում է հաստատվել մայրաքաղաքում, սակայն Երևանի բնակֆոնդը բավարար չէ։

Նույն երևույթն արձանագրել են նաև Banali.am գործակալությունում։

Անվտանգության խնդիրը. Արցախի սահմանամերձ շրջանների բնակիչներն այստեղ չեն ուզում սահմանամերձ բնակավայրերում հաստատվել

Արցախում իրենց տունն ու ունեցվածքը թողած և բռնի տեղահանված բնակիչները, որոնք ապրել են նաև սահմանամերձ շրջաններում, գոնե, այս պահին չեն ցանկանում կրկին Հայաստանի սահմանամերձ շրջաններ տեղափոխվել։ Անվտանգության խնդիր են տեսնում։

«Ցավալի խնդիր է. Արցախի սահմանամերձ շրջանների բնակիչներն այստեղ չեն ուզում սահմանամերձ բնակավայրերում հաստատվել։ Երևանում էլ 200-250 հազարանոց տները թանկացել են 10-50 հազար դրամի սահմաններում, իսկ մինչև 150 հազար դրամ արժեցող բնակարան գտնելը գրեթե անհնարին է դարձել՝ մինչդեռ պահանջարկը միջին և միջինից ցածր արժեք ունեցող բնակարանների նկատմամբ է»,- ասաց Banali.am գործակալության ներկայացուցիչը։

Գործակալի խոսքով՝ սեփականատերերը թանկացումները բացատրում են ձմռանն ընդառաջ տանը կատարվող ջեռուցման աշխատանքներով, կահույքի փոխարինմամբ։

«Կալիբրի» գործակալությունից նույնպես ահազանգում են բնակարանների դեֆիցիտի մասին։ Գնային աճ կա, բայց համընդհանուր չէ՝ կախված է սեփականատիրոջից։

«Ունենք սեփականատերեր, որոնք հրաժարվում են իրենց բնակարանները տրամադրել արցախահայերին, կան սեփականատերեր էլ, որոնք անվճար են տրամադրում, բայց իրենք քիչ են։ Մնացած բնակարանների մասով փոփոխություն չկա, սակայն գնալով բնակարանները սպառվում են»,- նշեց մեր զրուցակիցը։

Կան նաև փոխզիջումների գնացող սեփականատերեր և գործակալություններ

Մեր դիտարկած տասը անշարժ գույքի գործակալություններից միայն մեկում՝ «Որդի Լևոն» ընկերությունում էական գնաճ չեն արձանագրել։

Շեշտում են, որ այս պահին արցախցիների հետ աշխատելիս միջնորդավճար չենք վերցնում, կապ են ստեղծում հաճախորդի և սեփականատիրոջ միջև, որոնք էլ գին են պայմանավորվում։

Ընկերություններից մեկն էլ, որը մեզ հետ զրույցում չցանկացավ հրապարակել իր անունը, նշեց, որ ևս չորս ընկերության հետ ստեղծել են տելեգրամյան հարթակ՝ «Տուն արցախահայությանը», որտեղ ընդգրկված են բնակարանների սեփականատերեր, ովքեր պատրաստ են անվճար կամ շատ մատչելի գներով բնակարաններ տրամադրել արցախցիներին։

«Քիչ են նաեւ դեպքերը, երբ մարդիկ հրաժարվում են իրենց տունը տալ արցախցիներին։ Դրանք անհատական դեպքեր են»,- ասաց մեր զրուցակիցը։

«Կան մարդիկ, որոնք ցանկանում են իրավիճակից օգտվել»

Մեզ հետ զրույցում «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ-ի նախագահ Մովսես Արիստակեսյանը նշեց, որ թանկացումը ունի երկու պատճառ։ Առաջինը զուտ տնտեսագիտական է։ Պահանջարկի մեծացմանը զուգընթաց բարձրանում է նաև գինը։ «Եվ երկրորդ պատճառն այն է, որ կան մարդիկ, ովքեր ցանկանում են այս իրավիճակից օգտվելով՝ ավելի շատ գումար աշխատել»,- ասում էԱրիստակեսյանը։

Ըստ նրա՝ պետությունը պետք է այս պահին խելամիտ լուծումներ գտնի։ Օրինակ՝ սոցիալական բնակարանաշինության միջոցով լուծի խնդիրը։

Հայաստանում Կադաստրի կոմիտեն վարում է վիճակագրություն տների ու բնակարանների վարձակալությունների գների վերաբերյալ։ Սակայն, որպես կանոն, այդ տվյալները ոչ ամբողջությամբ են արտացոլում իրականությունը, քանի որ բնակարանների սեփականատերերն  ու վարձակալները պայմանագրով չեն ամրագրում գործարքները, հետևաբար՝ դրանք չեն հայտնվում կադաստրային բազաներում։ 

Համահեղինակներ՝ Արմեն Ղազարյան, Լիլիթ Գրիգորյան /Հետք Մեդիա Գործարան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter