
Բռնի տեղահանվածների մեծ մասը տեղավորվում է Արարատի և Կոտայքի մարզերում
Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված քաղաքացիների հոսքը Հայաստան շարունակվում է: Նրանց մի մասը սպասում է, որ պետական մարմինները լուծեն կեցության հարցերը, մյուս մասը՝ փորձում է իր գլխի ճարը տեսնել՝ չմնալով բազմամարդ հերթերում:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից «Հետք»-ին հայտնել են, որ Հայաստանի 10 մարզում սեպտեմբերի 29-ի ժամը 14-ի դրությամբ հաշվառվել և բնակվում է 23 հազ. 433 բռնի տեղահանված արցախցի:
Այս թիվը ժամ առ ժամ աճում է: Համեմատության համար նշենք, որ երեկ՝ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18-ի դրությամբ, մարզերում հաշվառվել ու բնակվում էր 17 հազ. 153 արցախցի: Այսինքն 20 ժամվա ընթացքում մարզեր է տեղափոխվել 6280 մարդ: Սրանք, իհարկե, այն դեպքերն են, երբ արցախցիները մոտեցել և հաշվառվել են համայնքներում: Իրականում մարզերում ապրողների թիվն ավելին է: Ոմանք տեղավորվել են ազգականների կամ մտերիմների ընտանիքներում և կոնկրետ համայնքներում չեն հաշվառվել:
Երևան քաղաքը չհաշված՝ արցախցիների մեծ մասը ձգտում է Արարատի մարզ: Այստեղ սեպտեմբերի 29-ի ժամը 14-ի դրությամբ արդեն բնակվում է 6031 մարդ: Երկրորդը Կոտայքի մարզն է՝ 5323, իսկ երրորդը՝ Գեղարքունիքը, որտեղ ապրում է 2137 հոգի: Արմավիրի մարզում, ըստ պաշտոնական տվյալների, հաշվառվել է 2124 արցախցի:
Միակ մարզը, որտեղ երեկվա հետ համեմատ թիվը նվազել է, Արագածոտնի մարզն է: Եթե երեկ՝ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18-ի դրությամբ, մարզում հաշվառվել էր 988 արցախցի, այսօր՝ ժամը 14-ի դրությամբ, հաշվառված է 976-ը:
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանն ասաց, որ թվի նվազումը պայմանավորված է այն հանգամանքով, որ հաշվառված արցախցիները տեղափոխվել են այլ մարզեր կամ Երևան քաղաք:
Արարատի մարզպետի օգնական Քրիստինե Պողոսյանն ասաց, որ նույնիսկ սոցիալական ցանցերում հրապարակված հայտարարություններից կարելի է դատել, թե որ հատվածներում են մարդիկ ցանկանում ապրել՝ Արտաշատ, Էջմիածին, Երևան և մայրաքաղաքին մոտ այլ տարածքներ:
Ըստ Պողոսյանի բոլոր համայնքներում կան գրանցման կենտրոններ, որտեղ արցախցիները մոտենում ու գրանցվում են:
«Կան տներ, որ վարձակալությամբ ենք վերցրել, պետությունը հոգալու է այդ ծախսերը: Տներ կան, որ անհատույց են հատկացրել, մի մասն էլ հարազատների տներում են բնակվում: Քանի որ ազատ բնակֆոնդը շատ չէ, մարզում էլ շատ հյուրանոցներ չկան, որ մարդկանց տեղավորենք, փորձում ենք մարդկանց բնակեցնել նաև պետական կամ համայնքային շենքերում»,- ասաց Քրիստինե Պողոսյանը:
Մարզում չգործող դպրոցներից մեկն այժմ հարմարեցնում են բնակվելու համար: Թեև վերանորոգված է, սակայն լոգանքի պայմաններ են փորձում ստեղծել: Արտաշատի մարզադպրոցը կահավորել են նոր մահճակալներով՝ այն ևս դարձնելով բնակելի տարածք: Մշակույթի տներում ևս փորձում են մարդկանց տեղավորել:
«Ամեն ինչ անում ենք, որ մարդկանց տեղավորենք, դրսում չմնան: Չենք կարող ասել՝ մեզ մոտ տուն չկա, հյուրանոց չկա, մի եկեք: Բռնի տեղահանված մեր հայրենակիցներն են, ամեն կերպ փորձում ենք տեղավորել, բայց արդեն 6000-ից ավելի մարդ ունենք»,- ասաց Ք. Պողոսյանը:
Մեկնաբանել