HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Մշակույթի տունը դարձնում են բնակելի. գյուղերում այլևս ազատ տներ չկան

Արագ-արագ դատարկում էին Արմավիրի մարզի Արագած գյուղի մշակույթի տան առաջին հարկը: Ոչ պիտանի իրերը դուրս էին հանում, որպեսզի առաջին հարկը բնակելի դարձնեն Արցախից տեղահանված Վլադիկ Մայիլյանի ու դստեր 11 հոգանոց ընտանիքի համար:

Մեծ ընտանիքը ավտոմեքենաներով Հայաստան է եկել սեպտեմբերի 27-ին Ստեփանակերտից: Վլադիկ Մայիլյանն իր տունը կորցրել է դեռևս 2020թ-ի 44-օրյա պատերազմում:

«Մեր տունը Ավետարանոց գյուղում ա եղել: 44-օրյա պատերազմի ժամանակ ենք գյուղից դուրս եկել: Գյուղը գրավել են այդ ժամանակ, վարձով Ստեփանակերտում էինք ապրում»,-ասում է Վլադիկ Մայիլյանը և հավելում, որ կառավարությունը վերջին 6 ամսվա տան վարձն էլ չի փոխհատուցել, ամսական 150 հազ. դրամ իրենք են տան տիրոջը տվել:

Հարցին, թե ինչու են որոշել հենց Արագած գյուղ տեղափոխվել բնակության համար Վ. Մայիլյանն ասաց, որ 2020թ. պատերազմի ժամանակ նույնպես այս գյուղում են ապրել: Աղջիկը, ով արդեն ուսանող է (անվճար ընդունվել է Արցախի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետ), մի քանի ամիս Արագածի միջնակարգ դպրոցում է սովորել:

«Հայաստանում ես բարեկամներ չունեմ, իմ բարեկամներն այս գյուղի բնակիչներն են դարձել: Մեզ ամեն ինչով օգնել են, հիմա էլ են օգնում: Դրա համար առանց մտածելու միանգամից Արագած եկանք»,-ասում է Վ. Մայիլյանը:

Հետաքրքրվեցի, թե արդյոք շենքն ունի բնակության համար անհրաժեշտ պայմաններ: Վլադիկն անմիջապես ուղեկցեց սանհանգույց, որտեղ պետք է ցնցուղ տեղադրեին լոգանքի համար: Ասում է, որ վարպետ է, նմանատիպ հարցերը ինքն էլ կլուծի, միայն թե ընտանիքի գլխին տանիք լինի:

Ընտանիքը չէր դժգոհում, որ 11 հոգով ապրելու էին նույն սենյակում: Նույնիսկ արդեն մտածել էին վարագույրներով հատվածներն առանձնացնել՝ «սենյակներ» սարքել:

«Հո մենակ մենք չենք: Տեսե՞լ եք ինչ կալոնա ա գալիս: Մինչև Հակարիի մոստ 32 ժամ ճանապարհ ենք եկել: Խոխեքը ավտոյի մեջ վատացել են, շտապօգնություն ենք կանչել: Դեղ են տվել, նոր կարողացել ենք ճանապարհը շարունակել»,-նշում է Վ. Մայիլյանը:

Թե Մայիլյանները որքան կմնան մշակույթի տան շենքում՝ հայտնի չէ:

Խոյ խոշորացված համայնքում (Արագածը գյուղեերից մեկն է) ոչ բոլորին են կարողանում ժամանակին տեղավորել: Կան ընտանիքներ, որոնք ավտոմեքենայի մեջ են գիշերում մինչև նրանց համար էլ բնակելի տարածք գտնեն: Ոմանք էլ 20 հոգով ապրում են 1-2 սենյակներում:

Համայնքում չկան հյուրանոցներ, հյուրատներ: Եղածը մասնավոր անձանց պատկանող տներն են և համայնքային շենք-շինությունները, որոնք միշտ չէ, որ հարմար են ընտանիքներով ապրելու համար:

Խոյի համայնքապետի օգնական Բարսեղ Նիկողոսյանն ասում է, որ միակ բարդ հարցը մարդկանց տեղավորելն է: Սնունդի հարցն արդեն կարգավորել են, տեղահանվածներին սնունդ են բաժանում, փորձում են լուծել բոլոր ընթացիկ կարիքները, սակայն բնակության վայրով ապահովել միշտ չի, որ ստացվում է:

«Ինչքան փակ դուռ կա, գնում տերերին խնդրում ենք, որ հատկացնեն: Մի մասը չի համաձայնվում, չգիտեմ՝ ինչու, մի մասը վարձով է տալիս, փորձում ենք այդ վարձերի հարցն էլ լուծել: Բայց կան նաև մարդիկ, որոնց չի բավարարում առաջարկվող տարածը,  հրաժարվում են»,-ասում է Բ. Նիկողոսյանը:

Նշենք, որ ժամը 12-ի դրությամբ Խոյ համայնքում հաշվառվել էր 332 հոգի կամ 80 ըանտանիք, ժամը 18-ի դրությամբ արդեն հաշվառվել է 369 հոգի կամ 90 ընտանիք: Բարսեղ Նիկողոսյանը նշում է, որ այդ թվերը շատ արագ են փոփոխվում: Օրինակ երեկ 157 ընտանիք էր գրանցված, այսօր՝ դրա կրկնակիից ավելին:

Այժմ կան դեպքեր, երբ 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ արցախցիներին տրամադրել են ազատ տներ այսանգամ հրաժարվում են: Հասկանալու համար, թե որն է այս անգամ չտրամադրելու պատճառները խոսեցինք մի քանիսի ազգականների հետ, ովքեր տիրություն են անում այդ տներին: Նշում էին, որ 2020թ-ին գիտեին, որ արցախցիները ժամանակավոր են մնալու, այս անգամ իրավիճակն այլ է, այդ մարդիկ յլևս գնալու տեղ չունեն: Հետևաբար, եթե Ռուսաստանում որոշեն ոչ օրինական բնակվող հայերին դուրս հանել երկրից, հետ են գալու իրենց տներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter