
Արցախից տեղափոխվողների հոսքը դադարեց․ Գորիսում կուտակված խմբերը նոսրացել են
Գորիսում կուտակված տեղահանվածների թիվը կտրուկ նվազել է։ Գիշերը Արցախից տեղահանված քաղաքացիների վերջին խմբերը հասան Գորիս, որտեղից էլ ավտոբուսներով տեղափոխվեցին Հայաստանի տարբեր մարզեր։ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը «Հետքին» փոխանցեց, որ Գորիսի հումանիտար կենտրոնի աշխատանքներն առաջիկայում կդադարեցվեն։
«Գիշերը ավտոբուսների մեծ մասը եկել է Գորիս, ավելի փոքր մասը Վայք է գնացել։ Դա եղել է գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում։ Ինչպես տեսնում եք, ողջ գիշերվա ընթացքում այդ մարդկանցից շատ քչերն են մնացել այստեղ։ Մնացածն արդեն տեղակայված են տարբեր մարզերում։ Սա վերջին խումբն է, ըստ էության, այլևս չենք ունենա մարդիկ, որոնք Լեռնային Ղարաբաղից տարհանվում են այստեղ։ Կարծես թե հաղթահարված է հիմնական խնդիրը՝ բոլորին բերել, առաջին հրատապ անհրաժեշտության հոգսերը հոգալ»,- ասաց մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը՝ չբացառելով, որ հնարավոր է լինեն մարդկանց փոքր խմբեր, որոնք Ստեփանակերտից Գորիս տեղափոխման կարիք կունենան։
Սյունիքի մարզպետի հետ հարցազրույցն ամբողջությամբ՝
Մեկնաբանել