HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Վաղարշապատում այլևս վարձով տուն չկա

Արցախցիների բռնի տեղահանման առաջին իսկ օրից Վաղարշապատի համայնքապետարանից կապ են հաստատել քաղաքում տների վարձակալությամբ զբաղվող միջնորդ ընկերությունների հետ, որպեսզի տներ ամրագրեն արցախցիների համար: Համայնքապետարանից հայտնում են՝ հենց առաջին օրով արդեն դժվարությունների են հանդիպել, քանի որ դժվար էր վարձով տուն գտնելը: Հիմա ընդհանրապես վարձով տուն չկա քաղաքում:

Ժամը 14:30-ի դրությամբ Վաղարշապատում արդեն հաշվառվել է Արցախից բռնի տեղահանված 1167 անձ կամ 276 ընտանիք:

Այն քաղաքացիները, որոնք ազգական կամ ծանոթ ունեին Արցախում, տները նախապես էին վարձակալել: Քաղաքում գործող երկու հյուրանոցներում ևս տեղ չկա: Մարդկանց այլևս չեն կարողանում ընդունել: Իսկ ում էլ կարողանում են տեղավորել՝ մի քանի օրով: Նախապես ամրագրումներ են եղել, և այդ օրերին պիտի հյուրանոցային համարներն ազատեն քաղաքացիները: Հույսը միայն այն է, որ նախապես ամրագրումները կչեղարկվեն:

Համայնքապետարանի առաջին հարկում է տեղակայված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների գրանցման կենտրոնը: Տեղահանվածները ձգտում են Երևանին մոտ քաղաքներում կամ գյուղերում ապրել, այդ թվում՝ Վաղարշապատում, բայց այստեղ արդեն դժվարությամբ են քաղաքացիներին տեղավորում:

Մարդկանց տեղավորում են «Վաղարշապատի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի շենքում, «Մեր տունը» ՀԿ-ում և այլ տարածքներում: Մայր Աթոռը ևս աջակցում է այդ հարցում: ՊՈԱԿ-ի շենքում ապրում է 48 հոգի, իսկ ՀԿ-ում՝ 21:

Վաղարշապատ համայնքի ղեկավարի խորհրդական Մարիամ Պողոսյանը «Հետքի» հետ զրույցում ասաց, որ արդեն պայմանագրեր են կնքել քաղաքում գործող երկու հյուրանոցների հետ, որպեսզի ֆինանսապես հնարավորություն չունեցող տեղահանված քաղաքացիները ժամանակավոր այնտեղ ապրեն, մինչև լուծվի կեցության հարցերը: Ոմանք իրենց սեփական միջոցներով են տեղավորվել հյուրանոցներում:

Համայնքապետարանի դահլիճն այս օրերին վերածվել է պահեստի: Այնտեղ սննդամթերք է կուտակվում, որպեսզի 15 օրը մեկ, ըստ շնչերի, սնունդ հատկացվի ընտանիքներին: Սնունդը գնվել է մարզպետարանի և համայնքապետարանի միջոցներով: Համայնքապետարանն ավելացրել է մի քանի սննդատեսակներ, որոնք հիմնական ցանկում չեն եղել, օրինակ՝ միս, կաթնամթերք և այլն: 

«Այս պահին արդեն ի վիճակի չենք նոր մարդկանց ընդունել, եթե խոսքը վերաբերում է մշտական կամ վարձով բնակվելուն: Վարձով բնակարաններ չկան, հյուրանոցներում տեղեր չկան: Եթե 44-օրյայի ժամանակ ընտանիքները գալիս էին առանց տղամարդկանց, հեշտ էր նրանց հյուրընկալ ընտանիքներում տեղավորելը, այժմ մի փոքր բարդ է, քանի որ ամբողջական ընտանիքով են եկել: Ինչքան էլ մեր ցանկությունը մեծ է, բոլորին տեղավորելը, ցավոք, չի ստացվում»,- ասում է Մարիամ Պողոսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter