Բռնի տեղահանված արցախցիների հոսքն՝ ըստ համայնքների (թարմացվող)
02.10.2023թ. ժամը 10-ի դրությամբ մարզերում կացարաններով ապահովվել է 51 հազ, 160 արցախցի: Նրանց հոսքը մեծ է հատկապես Արարատի և Կոտայքի մարզեր, համապատասխանաբար՝ 13 հազ. 375 և 12 հազ. 70 մարդ: Ամենաքիչը բնակեցված է Վայոց ձորի մարզը՝ 2017 մարդ: Երևան քաղաքում բնակեցվածների վերաբերյալ վիչճակագրություն չի վարվում:
Հոկտեմբերի 1-ի՝ ժամը 10։00-ի դրությամբ, Հայաստանի մարզերում՝ պետության կողմից առաջարկած կեցավայրերում, տեղավորվել է Արցախից բռնի տեղահանված 45 հազ. 516 մարդ: Երեկ նույն ժամի դրությամբ մարզերում տեղավորվել էր 32 հազ. 200 մարդ:
Արցախցիների հոսքը մեծ է հատկապես Արարատի, Կոտայքի, Արմավիրի մարզեր: Մարզպետարաններից պարզաբանում են, որ այն պայմանավորված է մայրաքաղաքին մոտ լինելու հանգամանքով: Արցախցիների հոսքը փոքր է Վայոց ձորի մարզում:
«Հետք»-ն, ըստ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տրամադրած տեղեկատվության, ներկայացնում է վիճակագրական տվյալներ, թե որ մարզերում ու համայնքներում են տեղավորվել բռնի տեղահանված քաղաքացիները:
Ներկայացված թվերն արտացոլում են միայն պետության կեցավայրերից օգտվող արցախցիների թիվը: Կան տեղահանվածներ, որոնք համայնքներում դեռ չեն հաշվառվել, ինչը նշանակում է, որ այս թիվն իրականում ավելի մեծ է:
Արարատի մարզ
Մարզերից ամենամեծ թվով արցախցիներ ընդունել է Արարատի մարզը: Հոկտեմբերի 1-ի ժամը 10-ի դրությամբ՝ այստեղ ապրում է 12 հազ. 637 արցախցի: Բռնի տեղահանվածները նախընտրում են մարզի հատկապես Մասիս, Արտաշատ, Վեդի համայնքները: Մարզում արցախցիներով քիչ բնակեցված է Վերին Դվին համայնքը՝ 14 մարդ:
Կոտայքի մարզ
Կոտայքի մարզը տեղահանված բնակիչների մեծությամբ երկրորդ մարզն է: 11 հազ. 132 բռնի տեղահանված է այստեղ ապրում: Հոսքը մեծ է հատկապես Աբովյան, Հրազդան, Չարենցավան համայնքներում: Ամենաքիչը բնակեցված է Ակունք համայնքը:
Արմավիրի մարզ
Արմավիրի մարզում տեղավորվել է 3943 տեղահանված: Հոսքը մեծ է հատկապես Վաղարշապատ, Մեծամոր և Արմավիր համայնքներ: Արցախցիների հոսքը քիչ է Բաղրամյան համայնք: Օրինակ, եթե Վաղարշապատ համայնքում ապրում են 1249 տեղահանվածներ, ապա Բաղրամյանում՝ 158:
Արագածոտնի մարզի 5 խոշորացված համայնքներում տեղավորվել է 2262 արցախցի: Տեղահանվածների հոսքը մեծ է հատկապես Աշտարակ, Թալին, Ապարան համայքններում: Համեմատության համար նշենք, որ Աշտարակում հաշվառվել և բնակվում է 1675 արցախցի, իսկ Մեծաձորում՝ 10 հոգի:
Գեղարքունիքի մարզ
Գեղարքունիքի մարզում հաշվառվել է 3516 արցախցի: Վերջիններս մարզում նախընտրում են Սևան, Մարտունի, Վարդենիս համայնքները: Քիչ «պահանջարկ» ունի Գավառ համայնքը: Այստեղ ապրում է 340 արցախցի, Սևանում՝ 1274:
Հոկտեմբերի 1-ի ժամը 10-ի դրությամբ՝ Լոռու մարզ է տեղափոխվել 2252 արցախցի: Նրանք կենտրոնացել են հատկապես Վանաձոր, Ստեփանավան, Ալավերդի համայնքներում: Բնակության համար արցախցիների հոսքը քիչ է Լոռի Բերդ համայնք: Այստեղ տեղափոխվել է 33 արցախցի, իսկ օրինակ Վանաձորում ապրում է 909 տեղահանված:
Շիրակի մարզ
Շիրակի մարզում բնակության նպատակով տեղավորվել է 2114 արցախցի: Նրանք նախընտրել են հատկապես Գյումրի, Աշոցք, Արթիկ համայքնները: Մարդկանց հոսքը քիչ է Ամասիա համայնք:
Սյունիքի մարզ
Սյունիքում հաշվառվել և ապրում է 3655 արցախցի: Մեծ թվով տեղահանվածներ բնակություն են հաստատել Գորիս, Կապան, Սիսիան համայնքներում: Եթե Գորիսում տեղավորվել է 940 մարդ, ապա Մեղրիում՝ 118: Սակայն, Գորիսից ևս մարդիկ տեղափոխվում են այլ համայքններ:
Սեպտեմբերի 30-ի՝ ժամը 10-ի դրությամբ, 11 մարդ Գորիսում ավել էր ապրում:
Վայոց ձորի մարզ
Վայոց ձորի մարզի 5 խոշորացված համայնքներում տեղավորվել է 1876 բռնի տեղահանված արցախցԻ: Համեմատաբար շատ արցախցիներ են տեղավորվել Վայք, Ջերմուկ, Եղեգնաձոր համայնքներում:
Տավուշի մարզ
Տավուշի մարզում հաշվառվել և տեղավորվել է 2129 տեղահանված: Նրանք կենտրոնացել են հատկապես Իջևան, Դիլիջան, Նոյեմբերյան համայնքներում:
Նշենք, որ ըստ Կառավարության հրապարակած տեղեկատվության, Արցախից բռնի տեղահանված 100 հազ. 483 անձ արդեն Հայաստանում է: Հակարիի կամուրջը հատել է 21 հազ 79 տրանսպորտային միջոց։
Հաշվառվել է 84 հազ. 408 անձ, որոնցից 45 հազ. 516-ն օգտվել է պետության կողմից տրամադրվող կեցավայրից։
Հարկ է նշել, որ կեցավայրեր են դարձել համայնքապատկան շենք-շինությունները, հյուրանոցները, հյուրատները, հյուրընկալ ընտանիքների տները, վարձով բնակարանները և այլն:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել