Մատուցվեց աղոթքի հատուկ կարգ՝ ի զորակցություն Արցախի և արցախահայության
Հոկտեմբերի 1-ին՝ Արցախի համար համազգային աղոթքի օրը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատի բաց խորանում, Պատարագի սրբազան արարողությունից հետո, կատարվեց աղոթքի հատուկ կարգ՝ ի զորակցություն Արցախի և արցախահայության։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։
Համազգային աղոթքի առիթով հավատացյալների երկրպագության և օրհնության համար դուրս բերվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը։
Արարողության ընթացքում Հայոց Հայրապետը Սուրբ Գեղարդով օրհնեց Հայաստան ու Արցախ աշխարհները և ներկա հավատացյալ ժողովրդին։
Աղոթքի ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրապետական ուղերձը հղեց համայն հայ ժողովրդին։
«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
Անսահման ցավով և խոր մտահոգությամբ են համակված բոլորիս հոգիները։ Ծանր ու տագնապալի օրեր է ապրում ազգս հայոց։ Այսօր, համախմբված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և հայոց եկեղեցիներում ի սփյուռս աշխարհի, աղոթք ենք բարձրացնում ի զորակցություն Արցախի մեր քույրերի ու եղբայրների, ովքեր, ենթարկվելով սոսկալի տառապանքների ու անմարդկային զրկանքների, բռնել են գաղթի ճանապարհը։ Հայաթափվում է Արցախ աշխարհը, վերստին որբանում սրբազան հողը հայոց։
Ազգային այս ողբերգության հանդիման ցավով ենք անդրադառնում, որ Ադրբեջանի զավթողական, ցեղասպանական գործողություններին աշխարհի անհամարժեք արձագանքը, Արցախի նկատմամբ Հայաստանի Հանրապետության իշխանությունների որդեգրած քաղաքականությունը և մեր ժողովրդի երկպառակությունը հանգեցրեցին Արցախի կորստյանը։
Այսօր Հայաստանի Հանրապետությունն է նույն սպառնալիքի առջև. անթաքույց խոսվում է ինքնիշխանության և պետականության կորստի վտանգների մասին։ Անվտանգային մարտահրավերները, տարածքային կորուստները, ակնհայտ հարկադրանքի ներքո խաղաղության հաստատման գործընթացում դրսևորվող շտապողականությունը, ինչպես և՝ հասարակության հետ իշխանության շփման կերպերը անվստահության մթնոլորտ են ձևավորել և արդար ընդվզում առաջ բերել, ինչը ստեղծված բարդ կացության մեջ կարող է ցավալի զարգացումների առաջնորդել։
Մեր հորդորն է պետական այրերին՝ նոր բաժանարար գծերով, անկշռադատ խոսքերով ու արտահայտություններով ատելություն չսերմանել, չմասնատել և չտկարացնել ժողովրդին։ Առկա հիմնախնդիրներին արժանապատիվ հանգուցալուծում ապահովելու, հայրենիքը վտանգաշատ այս կացությունից դուրս բերելու համար հարկ է գործել սթափ, ճիշտ գնահատել աշխարհաքաղաքական իրողությունները և օրեցօր խորացող ճգնաժամի մեջ ի գործ դնել մեր ազգի փորձագիտական ողջ ներուժն ու փորձառությունը՝ չառաջնորդելու համար մեր երկիրը նոր կորուստների, հատկապես նկատի առնելով թշնամու հավակնություններն ու ռազմատենչ հռետորաբանությունը։ Արցախյան արյունալի պատկերը վկայությունն է այն իրողության, որ անզուսպ են թշնամու զավթողական ձգտումները, և խտրություն չի դրվում միջոցների ընտրության հարցում։
Մեր հորդորն ենք ուղղում նաև ազգային, կրոնական, հասարակական, քաղաքական կառույցներին միավորելու մեր ժողովրդին ներկա ծանր մարտահրավերների հանդիման և համախմբված գործելու՝ հանուն մեր երկրի ապագայի երաշխավորման։
Սիրելի ժողովուրդ, գոյաբանական սպառնալիքների առջև հրամայական է մեր համազգային միաբանությունն ու համախմբվածությունը, քանզի միասնականության մեջ է մեր զորությունը, միասնականության մեջ է գալիք աղետը կանխելու ուղին։ Արդ, ապրենք ու գործենք սիրով, մեր կորուստների ցավը ձեռքբերումներ դարձնելու բարձր գիտակցությամբ, մեր կամքն ու ոգին վերածենք ազգային կյանքի իրական արթնության և հայրենիքի ու ժողովրդի իրավունքների պաշտպանության միաբան ուժի, մեր կյանքով վկայենք ճշմարիտ նվիրումը հայրենիքին, ազգին և դարերով փայփայված մեր անկախ պետականությանը։
Սիրելիներ, առկա դժվարին պայմաններում մենք՝ որպես ժողովուրդ, դարձել ենք, առաքյալի խոսքի համաձայն, «ամեն կողմից ճնշված, բայց ոչ ընկճված, կարոտյալ, բայց ոչ հուսահատ, հալածված, բայց ոչ լքված, չարչարված, բայց ոչ մեռած» (Բ Կորնթ. 4.8): Արդարև, մեր հավատը, հույսը, հայրենասիրությունն ու ազգանվիրումը երբեք հնարավոր չէ սպանել։ Այդ իսկ պատճառով հանուն Արցախի համազգային աղոթքը մեզ համար անհուսության աղոթք չէ, վշտի աղոթք չէ, տրտմության աղոթք չէ, այլ հույսի ու մխիթարության, վերհառնումի ու հարության աղոթք է։ Համազգային այս աղոթքը թող գոտեպնդի մեզ, համախմբի մեզ որպես Աստծո սեփական ժողովուրդ, ազգի ու հայրենյաց հզորացման մեկ և նույն տեսիլքով։ Այս պահը մեզ համար նաև առիթ է անդրադարձ կատարելու մեր կյանքի ընթացքին՝ հեռացնելու համար մեզանից հայրենադավ երևույթները, սրբագրելու սխալներն ու թերացումները, որպեսզի զորանանք որպես ազգ, պետություն ու Եկեղեցի։ Մեր հայրենյաց անգին նշխարը՝ Արցախ աշխարհը, մերն է ու մեր սրտում է, և Արցախի հայապատկան լինելու գիտակցությունը երբեք չի տկարանա սերունդների մեջ։
Սիրելի բարեպաշտ զավակներ Մեր, միասնաբար աղոթենք Արցախի մեր ժողովրդի համար և ամեն կարելիությամբ նեցուկ և սատար լինենք տարագիր մեր քույրերին ու եղբայրներին՝ մխիթարելով իրենց ցավի ու նեղությունների մեջ և իրենց կեցության ու կարիքների համար անհրաժեշտ հոգածություն ցուցաբերենք։
Արցախցի սիրելի զավակներ, ձեզ հատուկ քաջարի ոգով ամուր ու տոկուն եղեք, հաստատուն մնացեք ձեր հավատի ու հույսի մեջ, շարունակեք ապրել ու արարել՝ չընկրկելով դժվարությունների առջև, և մշտարթուն պահեք ձեր սերը Արցախի և հայրենական ավանդների նկատմամբ։ Համայն մեր ժողովուրդը և Եկեղեցին ձեզ հետ են և այս տառապալի օրերին պատրաստակամ հանձնառություններով զորակից ձեզ։
Համազգային աղոթքի այս օրը, ի զորակցություն Արցախի մեր զավակների, Հայաստանի մի շարք եկեղեցիներում զետեղված են սրբազան մասունքներ հավատացյալների երկրպագության և ջերմեռանդ աղոթքի համար։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եկող ուխտավորներիդ համար դուրս է բերվել Քրիստոսամուխ Սուրբ Գեղարդը՝ որպես նշան մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի սոսկալի չարչարանքների և հաղթական Հարության։ Սուրբ Գեղարդի զորությամբ մեր ժողովուրդը վերապրել է արհավիրքներ, կոտորածներ ու ցեղասպանություն, ամուր պահել հավատքը անհուսության մեջ, անհավատության մեջ վերածնել հույսը և բարու հանդեպ սերը դարձրել չարի դեմ պայքար։
Այս վստահությամբ մեր աղոթքը վերառաքենք առ Աստված՝ ասելով. «Տեր Աստված, պարգևիր մեզ Քո օրհնությունը և փրկիր վտանգներից ու փորձություններից։ Տուր զորությունը չարի հարձակումներին դիմակայելու, հարվածներից վեր հառնելու։ Մշտավառ պահիր մեր կյանքում հարության երկնահեղ լույսը և պահպանիր մեզ Քո Սուրբ Աջի հովանու ներքո։ Քո խնամքի և օրհնության մեջ պահիր Քեզ միշտ հավատարիմ, բռնագաղթի տառապանաց և նեղությունների ճանապարհով անցնող արցախցի մեր քույրերին ու եղբայրներին։ Հանգստություն շնորհիր հայրենյաց պաշտպանության համար զոհվածների հոգիներին, ապաքինում՝ վիրավորներին ու նեղյալներին և ազատություն՝ գերեվարված մեր զավակներին։ Բարերար և Ամենազոր Աստված, ավելացրու մեզանում հավատքը, հույսն ու սերը, որպեսզի ապրենք Քո կամքի համաձայն և մշտահունչ աղոթքով հայցենք խաղաղություն համայն աշխարհին ու մեր հայրենիքին, բարօրություն ու ապահովություն աշխարհասփյուռ մեր ժողովրդին՝ անդադար փառաբանելով Ամենասուրբ Երրորդությանդ»։
Մեկնաբանել