HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Եվրոպացիները հանուն Արցախի». բողոքի ցույցեր եվրոպական քաղաքներում

Սեպտեմբերին Արցախում Ադրբեջանի կողմից ձեռնարկված հարձակումը, որի հետևանքով գրեթե ամբողջությամբ հայաթափվել է Արցախը, բողոքի ակցիաների պատճառ է դարձել ոչ միայն օտարերկրյա պետություններում հայերի, այլև օտարազգիների շրջանում։ Դրանցից մեկը «Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումն է, որը Եվրոպայում միավորում է Արցախի բնակչության մարդասիրական խնդիրներով անհանգստացած եվրոպացիներին և տեղի հայկական կառույցներին։

Ի սկզբանե նախատեսվում էր, որ շարժումը 2023 թվականի հոկտեմբերի 1-ին միայն Բրյուսելում՝ ի սատարումն Արցախի ու այնտեղ առկա հումանիտար ճգնաժամի, մոբիլիզացիոն միջոցառում կիրականացնի։ Սակայն 2023 թվականի սեպտեմբերյան հարձակումը ընդլայնեց բողոքի ակցիաների աշխարհագրությունն ու տարածվեց ողջ Եվրոպայում։

Բողոքի առաջին ակցիան կայացել է սեպտեմբերի 30-ին՝ Լոնդոնում: Ակցիայի մասնակիցները հավաքվել են Դաունինգ սթրիթի 10-ի (Մեծ Բրիտանիայի վարչապետի նստավայրը- խմբ.) և Մեծ Բրիտանիայում ԵՄ պատվիրակության գրասենյակի մոտ։ 

Իսկ արդեն այսօր՝ հոկտեմբերի 1-ին, համաժամանակյա ակցիաներ են ընթանում Մարսելում, Բրյուսելում, Նիկոսիայում, Աթենքում, Վալանսում, Կլերմոն-Ֆերանում, Կոպենհագենում, Վիեննայում, Ստոկհոլմում, Սոֆիայում, Պլովդիվում, Ռուսեում, Վառնայում, Լիսաբոնում և Պրահայում։ Միայն Բրյուսելում ակցիային մասնակցել է մոտ 15 000 մարդ։

«Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումը միավորում է Եվրոպայի հայկական համայնքների և ավելի քան 500 եվրոպական կառույցների ներկայացուցիչներին։ Եվրոպական քաղաքներում այս ակցիաները կայանում են նաև Եվրոպական քաղաքական համայնքի՝ հոկտեմբերի 5-ին կայանալիք երրորդ գագաթնաժողովին ընդառաջ, որի շրջանակներում նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի մասնակցությամբ։

Ֆրանսիայի Մարսել քաղաքում բողոքի ակցիային մասնակցել է ավելի քան 5000 մարդ։ Ներկա են եղել ֆրանսիական իշխանության ներկայացուցիչներ, պատգամավորներ, սենատորներ, ՀՀ հյուպատոսը և ակտիվիստներ։ Բացի այդ, ակցիային մասնակցել են նաև քրդական ու կիպրական համայնքի ներկայացուցիչներ և Փընար Սելեքի աջակցության կոմիտեն։ 

Ելույթների ընթացքում պատգամավորները հիշեցրել են Ֆրանսիայի աջակցության և Էրդողանի, Ալիևի ու նրանց հարազատների ակտիվների սառեցման անհրաժեշտության մասին։ Առաջարկվել է նաև լուծարել Ադրբեջանի հետ Ֆրանսիայի համերաշխության ասոցիացիաները։ Ի հավելումն, ակցիայի մասնակիցները Ֆրանսիայի պաշտպանության նախարարությանը կոչ են արել զենք տրամադրել Հայաստանին՝ իր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար։ 

Ինչպես նշվում է նախաձեռնության պաշտոնական կայքէջում, շարժման մասնակիցները դատապարտում են Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականությունն Արցախում, դատապարտում են Ադրբեջանին և ռուս խաղաղապահներին՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները չկատարելու, այդ թվում նաև արցախահայության անվտանգությունն՝ իր իսկ հայրենիքում չապահովելու համար, ԵՄ-ից պահանջում են թիրախային պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ՝ Արցախի բնիկ հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականության և վերջինիս բռնի տեղահանման համար, պահանջում են անհապաղ պատասխանատվության ենթարկել բոլոր այն պաշտոնյաներին, ովքեր պաշտպանել են Արցախն Ադրբեջանին «ինտեգրելու» քաղաքականությունը, քանի որ դա օժանդակել է Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանն արցախահայության նկատմամբ։ Պահանջում են, որ Ադրբեջանը անհապաղ և անվերապահորեն ազատ արձակի բոլոր հայ գերիներին, ռազմագերիներին և պատասխանատվության ենթարկվի ռազմական հանցագործությունների և մարդու իրավունքների խախտումների համար 2020 թվականի պատերազմի ընթացքում և դրանից հետո։

Գլխավոր լուսանկարում Լոնդոնում սեպտեմբերի 24-ին կայացած բողոքի ակցիայի կադրերից է/Alphanews-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter