HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրում դպրոց են հրավիրում կենսաթոշակի անցած մանկավարժներին. մասնագետներ չկան

Զոյա Այվազյանը 68 տարեկան է: Արդեն 48 տարվա մանկավարժական ստաժ ունի. ռուսաց լեզու է դասավանդում հանրակրթական դպրոցներում: Կենսաթոշակի անցնելուց հետո ազատվել է հիմնական աշխատանքից, սակայն դպրոցներում մասնագետի բացակայության պատճառով, հատուկ թույլտվությամբ, ժամանակավոր դասավանդում է, մինչև կգտնեն համապատասխան մասնագետի: Երբ երիտասարդ մասնագետ է գալիս դպրոց, տիկին Այվազյանն այդտեղ թողնում է աշխատանքը և ժամանակավոր աշխատում այլ դպրոցում:

Նույն կարգավիճակով արդեն սեպտեմբերի 1-ից Զ. Այվազյանն աշխատում է Արմավիրի մարզի Խոյ համայնքի Այգեշատ գյուղի միջնակարգ դպրոցում: Վաղարշապատի թիվ 4 դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհին, անցնելով կենսաթոշակի, ազատվել է հիմնական աշխատանքից, որից հետո, առանց դադարի, աշխատել է մարզի Դողս, Արաքս գյուղերում: Այժմ էլ Այգեշատ գյուղում է:

Առավոտյան արթնանում է ամենաուշը ժամը 7-ին, որ հասցնի պատրաստվել և գնալ դպրոց: Ասում է՝ չրի սեզոնին ավելի վաղ է արթնանում:

«Մինչ այստեղ գալը Արաքս գյուղում էի ուսուցչուհի աշխատում: Այնտեղ երիտասարդ մասնագետ եկավ, ես դուրս եկա: Այս դպրոցում կարիք կա, եկա: Էներգիա ունեմ, երեխաներին շատ եմ սիրում: Կարծում եմ նպատակահարմար է իմ աշխատանքը: Երկու բարձրագույն կրթություն ունեմ ու միշտ վերապատրաստվել եմ, ինչու՞ գնամ տանը նստեմ: Եթե թոշակառուն կարող է, ուժեր ունի և համապատասխանում է իր որակավորմանը, թող աշխատի»,- ասում է Զոյա Այվազյանը:

Նշում է, որ այժմ ավելի «հավեսով» է աշխատում: Միայնակ է ապրում, երեխաները երկրից դուրս են, և տանը «ձգող» բան չկա, հետևաբար նախընտրում է երկար մնալ դպրոցում:

Ուսուցչուհին ասում է, որ այս տարվա ընթացքում արդեն 4-5 դպրոցից հրավեր է ստացել: Տնօրենները ցանկացել են, որ տեղափոխվի և շարունակի աշխատել իրենց մոտ, սակայն ընտրել է Այգեշատ գյուղի դպրոցը, քանի որ մոտ է իր բնակավայրին՝ Վաղարշապատին: Մինչ այդ, ամեն օր տրանսպորտով 40 րոպե ճանապարհ է գնացել Արաքս գյուղի դպրոց և նույնքան էլ՝ վերադարձել:

Թեև Այգեշատ գյուղը մոտ է Վաղարշապատին, սակայն տրանսպորտը ժամով է աշխատում, ինչն էլ որոշ անհարմարություններ է պատճառում: Զոյա Այվազյանն ասում է, որ մեծ ընդմիջումով՝ 2 ժամը մեկ է Վաղարշապատից ավտոբուս գալիս Այգեշատ և հետ գնում: Եթե ավտոբուսին չի հասցնում, դպրոցում սպասում է 2 ժամ, որ հաջորդով տուն գնա: 

Արմավիրի մարզպետարանի ենթակայությամբ գործում է 111 հանրակրթական ուսումնական հաստատություն, որից 89-ում առկա է 337 մանկավարժական թափուր հաստիք: Արմավիրի մարզպետարանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ 99 հաստիք թափուր է մասնագետ չունենալու, իսկ 46-ը՝ միջին մասնագիտական կրթություն ունենալու պատճառով: Այլ կերպ ասած՝ քոլեջ ավարտած մանկավարժները կամ պետք է կամավոր ատեստավորում անցնեն և հաղթահարելու դեպքում շարունակեն աշխատանքը, կամ ազատվեն աշխատանքից: Շատերն ազատվել են աշխատանքից՝ չգնալով ատեստավորման:

Մարզում կան դպրոցներ, որտեղ 3 տարի է՝ որոշ առարկաներ դասավանդվում են հեռավար: Մարզպետարանը նման դասավանդումը որակել է «գրեթե անարդյունավետ»: Օրինակ՝ Արտամետի Գուրգեն Մարգարյանի անվան միջնակարգ դպրոցում 2020թ. հունվարի 1-ից թափուր է «Քիմիա», «Ֆիզիկա», «Բնագիտություն», «Տեխնոլոգիա», «Ֆիզկուլտուրա» առարկաների ուսուցիչների հաստիքները: Իսկ 2022թ. նոյեմբերի 30-ից թափուր է «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի հաստիքը: Վերջինիս դեպքում ժամանակավոր լուծում են գտել՝ դպրոցը փոխարինող ուսուցիչ է գտել, սակայն մնացած առարկաները դասավանդվում են հեռավար:

Կան առարկաներ, որոնք դասավանդվում են ոչ մասնագետի կողմից: Տալվորիկ գյուղի հիմնական դպրոցում նախնական զինվորական պատրաստություն (ՆԶՊ) առարկան դասավանդվում է կենսաբանության ուսուցչի կողմից: Թափուր հաստիքն առաջացել է 2022թ․-ի սեպտեմբերի 1-ից: Սակայն, պարբերաբար մրցույթ է հայտարարվում, դիմող չկա: Շաբաթական 1 դասաժամ է հատկացված այդ առարկային: Լուսագյուղում միջնակարգ դպրոցում գրեթե նույն պատկերն է: Նույն առարկայի ուսուցչի թափուր հաստիքն առաջացել է 2018թ. փետրվարից: Մինչ օրս մասնագետ չի դիմել մրցույթին: Առարկան, ըստ մարզպետարանի, դասավանդվում է «այլ մասնագետի» կողմից:

Մարզում ՆԶՊ առարկայի 8 թափուր հաստիք կա:

Արմավիրի մարզպետարանից հետաքրքրվել էինք, թե որն է հաստիքի թափուր լինելու պատճառը: Պատասխանել են՝ ցածր աշխատավարձը, գյուղում մասնագետների ու տրանսպորտի բացակայությունը:

Այգեշատի միջնակարգ դպրոցում մանկավարժի 7 թափուր հաստիք կա, որոնցից 4-ն առաջացել է դասավանդող ուսուցիչների՝ միջին մասնագիտական կրթություն ունենալու, իսկ 3-ը՝ մասնագետի բացակայության պատճառով: Այս դպրոցում թափուր է նաև օպերատորի հաստիքը, և չեն կարողանում համապատասխան մասնագետ գտնել: Ավելի ճիշտ՝ գտել են, սակայն խոշորացված համայնքի մեկ այլ բնակավայրի բնակիչ է, իսկ գյուղերն իրար կապող տրանսպորտի բացակայության պատճառով հնարավոր չէ նրա աշխատանքի կազմակերպումը: Տնօրենը զուգահեռ օպերատորություն է անում, որ ուսումնական գործընթացը չտուժի՝ հույս ունենալով, որ մի օր կգտնեն օպերատոր:

Այգեշատում մեկ տարուց ավել է՝ աշխարհագրության առարկայի մասնագետ չկա: Դասավանդում է պատմության ուսուցիչը, ով ունի տվյալ առարկայի 10 տարվա դասավանդման փորձ:

«Ինձ թվում է, ոչ լիարժեք է, եթե համապատասխան ուսուցիչը չի մտնում դասարան: Հրամանով  ոչ մասնագետին դասավանդման թույլտվություն տալը, գտնում եմ, սխալ է: Ավելի լավ է ուսուցիչը համատեղության կարգով աշխատի, բայց հենց առարկայի ուսուցիչը լինի: Ուսուցիչ ունենք Արագած գյուղում էլ է դասավանդում, բայց մասնագետ է: Երգի ուսուցիչ ենք ընդունել, որը նաև Էջմիածնի դպրոցում է աշխատում»,- ասում է Սուսաննա Խաչատրյանը:

Տնօրենի խոսքերով՝ կան 65, 68 տարեկան ուսուցիչներ, ովքեր լիարժեք կարողանում են դասապրոցեսն անցկացնել և արդյունք տալ, հետևաբար նրանց ևս պետք է հնարավորություն տալ:

«Տանը նստած զանգում էի բոլոր տնօրեններին, հարցնում էի, թե ովքեր են կենսաթոշակային տարիքի ուսուցիչների ազատել կամ ովքեր կարող են համատեղության կարգով աշխատել նաև մեզ մոտ: Չեմ ուզում աշակերտները գան դպրոց և հեռահար դաս անեն: Կենդանի շփումն այլ է»,-ասում է Սուսաննա Խաչատրյանը:

Դպրոցի տնօրենը հավելեց, որ երկար տարիների դադարից հետո Այգեշատ գյուղից այս տարի 5 ուսանող ունեն, հետևաբար ուսման նկատմամբ հետաքրքրությունը պետք է ավելացնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter