HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ազգային ժողովը քննարկեց Միջազգային քրեական դատարանի կանոնադրությունը և դրան հետադարձ ուժ տալու հարցը

Կանոնադրությունը վավերացնելու և հետադարձ ուժով իրավազորությունը ճանաչելու մասին հայտարարության օրենքի նախագիծն Ազգային ժողովում ներկայացրեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) կանոնադրության վավերացման և դրա իրավազորությունը հետադարձորեն ճանաչելու գործընթացն ակտիվացել է 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո: Նպատակը Ադրբեջանի կողմից հնչեցվող սպառնալիքներն ու պատերազմական հանցագործությունների քննությունը միջազգային ատյան տեղափոխելն է:

Վավերացման գործընթացն ակտիվացնելու հրապարակային հայտարարությունը հնչել է 2022թ. դեպտեմբերի 29-ի կառավարության տարեվերջի նիստի ժամանակ: Կառավարությունը հավանության էր արժանացրել նախագիծը և որոշել էր միջազգային պայմանագրում ամրագրված պարտավորությունների՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանությունը որոշելու նպատակով դիմել Սահմանադրական դատարան:

2023թ. մարտի 24-ին Սահմանադրական դատարանը որոշել է Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանող ճանաչել Միջազգային քրեական դատարանի կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունները: Սա նշանակում է, որ Ազգային ժողովը կարող է վավերացնել դատարանի կանոնադրությունը և ճանաչել այդ դատարանի իրավազորությունը:

Սահմանադրական դատարանը նաև հետադարձ ուժ տալու հայտարարությանն է անդրադարձել՝ այն ևս ճանաչելով Սահմանադրությանը համապատասխանող:

Կանոնադրությամբ ծանր հանցագործություն է համարվում ցեղասպանությունը, պատերազմական հանցագործությունները, մարդկության դեմ ուղղված հանցագործությունները և այլն: 

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ հակասահմանադրական ընթացակարգով է ԱԺ օրակարգ բերվել: Ըստ նրա՝ մինչև Սահմանադրությունում փոփոխություն չկատարվեր, չէր կարող բերվել խորհրդարան, քանի որ հակասում է Սահմանադրությանը:

Ընդդիմադիր պատգամավորերը բոյկոտեցին հարցի քննարկումը և լքեցին նիստերի դահլիճը:

Եղիշե Կիրակոսյանն ասաց, որ հուսով են, որ այս վավերացման և իրավազորության ճանաչման քայլը կանխարգելիչ ազդեցություն կունենա հետագա պատերազմական հանցագործությունները կանխելու համար:

Կառավարությունը ստատուտի ընդունումն ու դրան հետադարձ ուժ տալը հիմնավորել է նրանով, որ 2021թ. մայիսից սկսած Ադրբեջանի զինված ուժերը ռազմական ագրեսիա իրականացնելով Հայաստանի Հանրապետության դեմ ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք և շարունակում են մնալ ինքնիշխան տարածքի տարբեր հատվածներում: Այնուհետև, 2022թ. սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի տարբեր հատվածների ուղղությամբ իրականացրել են նոր լայնածավալ ռազմական ագրեսիա, որը հանգեցրել է հարյուրավոր զոհերի զինված ուժերի և քաղաքացիական բնակչության շրջանում: Ընթացքում կատարվել են ծանրագույն պատերազմական հանցագործություններ:

«Ավելին՝ դատելով Ադրբեջանի կողմից դրսևորած պահվածքից և կատարած ռազմատենչ հայտարարություններից, Ադրբեջանի կողմից ՀՀ-ի նկատմամբ նոր ռազմական ագրեսիայի իրականացման ռիսկը շարունակում է մնալ բարձր: Այս պայմաններում, ՀՀ-ի կողմից ՄՔԴ կանոնադրության շուտափույթ վավերացումը շատ կարևոր է, քանի որ ՀՀ կողմից Կանոնադրությունը վավերացնելուց հետո Ադրբեջանի զինված ուժերի կողմից ՀՀ տարածքում կատարված եւ Կանոնադրությամբ նախատեսված հանցագործություն, այդ թվում նաև պատերազմական հանցագործություններ, ենթակա են լինելու ՄՔԴ իրավազորությանը, ինչը միանշանակ կհանդիսանա կանխարգելիչ և զսպող միջոց Ադրբեջանի համար»,-նշված է հիմնավորման մեջ:

Հարցի քննարկումն ավարտվեց, սակայն չի քվեարկվել:

Միջազգային Քրեական կամ Հաագայի դատարան

Միջազգային քրեական դատարանի Կանոնադրությունն (հայտնի է նաև Հռոմի ստատուտ անվամբ) ընդունվել է 1998 թ. հուլիսի 17-ին Հռոմում` Միավորված ազգերի կազմակերպության լիազոր ներկայացուցիչների դիվանագիտական կոնֆերանսում: Այն ուժի մեջ է մտել 2002թ. հուլիսի 1-ից:

Հայաստանը Կանոնադրությունը ստորագրել է 1999թ. հոկտեմբերի 1-ին, սակայն մինչ այսօր չէր վավերացրել: Սահմանադրական դատարանի մարտի 24-ի որոշումը «կանաչ» լույս է Ազգային ժողովում վավերացման գործընթացի համար:  Վավերացնելուց հետո Հայաստանը կընդունի Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը և կդառնա մասնակից պետություն:

Նշենք, որ Կանոնադրության նպատակը առավել ծանր հանցագործություններ կատարած անձանց անպատժելիությունը բացառելու և դրանով իսկ այդպիսի հանցագործությունների կանխմանը նպաստելու համար ներպետական քրեական իրավազորության մարմիններին լրացնող Միջազգային քրեական դատարանի հիմնադրումն է: Այդ դատարանը հանրությանը հայտնի է նաև Հաագայի դատարան անվամբ, քանի որ այն գտնվում է Նիդերլանդների Հաագա քաղաքում:

Միջազգային քրեական դատարանի կողմից Կանոնադրության 5-րդ հոդվածում նշված հանցագործությունների համար պատասխանատու անձանց նկատմամբ իր իրավազորությունն իրականացնելու առիթ կարող են հանդիսանալ՝

  • Կանոնադրության մասնակից պետության կողմից Դատախազին այն իրավիճակի ներկայացումը, որի դեպքում ենթադրաբար կատարվել է մեկ կամ մի քանի նման հանցագործություն,
  • ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Դատախազին այն իրավիճակի ներկայացումը, որի դեպքում ենթադրաբար կատարվել է մեկ կամ մի քանի նման հանցագործություն,
  • Դատախազի կողմից այդ հանցագործությունների կապակցությամբ քննություն նախաձեռնելը:

Կանոնադրության համաձայն` դրանում նախատեսված հանցագործությունների համար մեղավոր ճանաչված անձանց նկատմամբ կարող են նշանակվել ինչպես հիմնական, այնպես էլ լրացուցիչ պատժամիջոցներ: Որպես հիմնական պատժամիջոց կարող է նշանակվել ազատազրկում` 30 տարին չգերազանցող ժամկետով, կամ ցմահ ազատազրկում:

Հայաստանը կանոնադրությունը վավերացնելու փորձ արել է նաև 2004թ-ին, սակայն այդ ժամանակ Սահմանադրական դատարանը Հայաստանի Սահմանադրությանը հակասող էր ճանաչել Կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունները: Մասնավորապես, ՍԴ-ն եզրակացրել էր, որ հակասող է այն դրույթը, ըստ որի՝ Միջազգային քրեական դատարանը լրացնում է ներպետական քրեական իրավազորության մարմիններին: Բացի այդ, Կանոնադրությամբ բացառվում է դատապարտված անձանց ներպետական ընթացակարգով ներման իրավունքի և համաներման հնարավորության իրացումը: Հենց այս հանգամանքներով պայմանավորված ՍԴ-ն բասականա որոշում էր կայացրել, ինչն էլ առկախել էր վավերացման գործընթացը:

Քրեական դատարանի կանոնադրությունը վավերացրել է 123 պետություն: Տարածաշրջանում միայն Վրաստանն է վավերացրել: 

Սահմանադրական դատարանի դիրքորոշումը

Սահմանադրական դատարանն իր դիրքորոշումը համառոտ ներկայացրել էր տարածված մամուլի հաղորդագրությամբ: Հնարավոր անորոշությունը կանխելու նպատակով հատուկ անդրադարձել է 2004թ. ՍԴՈ-502 որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին, որով Սահմանադրությանը հակասող էր ճանաչվել կանոնադրությամբ ամրագրված պարտավորությունները: 

Մասնավորապես, ՍԴ-ն նշել է, որ Միջազգային քրեական դատարանի կողմից ազատազրկման դատապարտված անձի պատժի կրման առնչությամբ պետության՝ Հռոմի կանոնադրությամբ նախատեսված պարտավորությունները՝  ներման կամ համաներման հնարավորության մասով, անմիջականորեն չեն  ծագում դրա վավերացմամբ: Կողմ հանդիսացող պետությունը կամընտրաբար ստանձնում է դրանք որոշակի պայմանների առկայությամբ, որոնք առկա չեն Հայաստանի դեպքում: 

Ինչ վերաբերում է որոշման բուն հիմնավորմանը, ապա Սահմանադրական դատարանը որոշել է, որ Կանոնադրության նախաբանում ամրագրված պարտավորությունները նույն որոշմամբ բերված պատճառաբանությամբ համապատասխանում են Սահմանադրությանը՝

  • հաշվի առնելով Սահմանադրությամբ և Հռոմի կանոնադրությամբ հետապնդվող նպատակների և դրանց հիմքում ընկած արժեբանության համընկնելը,
  • նկատի ունենալով, որ Հռոմի կանոնադրության նախաբանով նախատեսված և 17-րդ հոդվածով մանրամասնված՝ Միջազգային քրեական դատարանի իրավազորության հիմքում ընկած լրացման կամ կոմպլեմենտարության սկզբունքի էությունը հարգանքն է Հռոմի կանոնադրության կողմ հանդիսացող պետության քրեական իրավազորության առաջնայնության նկատմամբ: Այն ծագում է միայն տվյալ պետության քրեական իրավազորության համակարգի՝ իր նպատակը հետապնդելիս ձախողվելու դեպքում, 
  • ընդգծելով, որ Հայաստանի Հանրապետության առաջին սահմանադրի՝ հայ ժողովրդի կողմից Սահմանադրության նախաբանում արձանագրված «համամարդկային արժեքներին» հավատարմության հավաստիքը անառարկելիորեն ներառում է միջազգային հանրության մտահոգությունը հարուցող և համընդհանուր խաղաղության ու բարօրության համար սպառնալիք հանդիսացող ծանրագույն հանցագործությունների և դրանց անպատժելիության դեմ պայքարում միջազգային համագործակցության իր քաղաքակրթական հանձնառությունը: Այն Հայաստանի հանրային իշխանության համար սահմանադրական հրամայականի կարևորություն ունի:

Նշենք, որ հատուկ կարծիք են գրել Սահմանադրական դատարանի 3 դատավորներ՝ Հրայր Թովմասյանը, Արայիկ Թունյանը և Երվանդ Խունդկարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter