
ԵՆԲ Գլոբալը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում 70 միլիոն եվրո է տրամադրում ՓՄՁ-ներին աջակցելու համար
Եվրոպական ներդրումային բանկը (ԵՆԲ)՝ Եվրոպական միության (ԵՄ) վարկային խումբը, 70 միլիոն եվրոյին համարժեք վարկ կտրամադրի Հայաստանի կենտրոնական բանկին՝ Հայաստանում փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) և միջին կապիտալիզացիայի կազմակերպությունների (Միջկապ-եր) հասանելիությունը ֆինանսական ռեսուրսներին մեծացնելու նպատակով։
ՀՀ կենտրոնական բանկի տարածած հաղորդագրության համաձայն՝ այս նախաձեռնությունը ԵՆԲ-ի Հայաստանի տնտեսական դիմակայունության ծրագրի մի մասն է, որն աջակցություն է ստանում Կայուն զարգացման եվրոպական հիմնադրամի կողմից (EFSD+): Ծրագիրը նախատեսված է Հայաստանում բիզնեսի ֆինանսավորման հասանելիությունը հեշտացնելու համար՝ նպաստելով տնտեսական աճին և ճկունությանը:
«Հայաստանի կենտրոնական բանկի միջոցով տրամադրվող միջոցները կուղղվեն ծրագրի պահանջները բավարարող ընկերություններին առևտրային բանկերի և ունիվերսալ վարկային կազմակերպությունների միջոցով՝ ապահովելով ֆինանսավորման պարզեցված մոտեցում: Ինչպես նախորդ ծրագրերը, այս ծրագիրը ևս կիրականացվի Գերմանահայկական հիմնադրամի կողմից և կաջակցի մոտ 1200 ձեռնարկությունների՝ ապահովելով 1500 աշխատատեղ: Արդեն իսկ հաստատվել է ութ գործընկեր ֆինանսական կազմակերպության մասնակցությունը ծրագրին։
Այս ռազմավարական գործընկերությունն ընդգծում է Հայաստանում տնտեսական աճը, ճկունությունը և կայուն զարգացումը խթանելու Եվրոպական միության հանձնառությունը՝ նպաստելով ՓՄՁ-ների և միջին կապիտալիզացիայի ընկերությունների զարգացմանը: Այն նաև ընդգծում է կայուն, նորարար և մրցունակ տնտեսությանն ուղղված աջակցությունը՝ որպես Արևելյան գործընկերության համար Եվրոպական միության տնտեսական և ներդրումային պլանի շրջանակներում Հայաստանի հինգ հիմնական ուղենիշերից մեկը։
Վարկն ուղեկցվում է Արևելյան գործընկերության տեխնիկական աջակցության հավատարմագրային հիմնադրամի (EPTATF) կողմից ֆինանսավորվող տեխնիկական աջակցությամբ: ԵՆԲ-ի խորհրդատվական ծառայությունները կօգնեն ձեռնարկություններին իրականացնել կանաչ ծրագրեր, խթանել սոցիալական ներառումը և հետամուտ լինել թվայնացմանը։
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոս. «Այս վարկը վերահաստատում է ԵՄ հանձնառությունը Հայաստանի կայուն տնտեսական աճին: Այս նախաձեռնությունը վճռականորեն նպաստում է ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի նպատակին՝ մոբիլիզացնելու 500 միլիոն եվրոյի չափով ներդրումներ Հայաստանի մասնավոր հատվածի համար և աջակցելու 30 000 ՓՄՁ-ների: Հիշենք, սակայն, որ այս նախաձեռնությունը շատ ավելին է, քան պարզապես թվեր. խոսքը իրական ազդեցության մասին է։ Մենք առաջնահերթություն ենք տալիս մարզերում հավասարակշռված աճին՝ հզորացնելով կին ձեռներեցներին և խթանելով կանաչ ծրագրերը, որոնք համահունչ են ԵՄ արժեքներին ու կայուն, նորարար և մրցունակ տնտեսություն կառուցելու գործում Հայաստանին աջակցելու հաստատուն հանձնառությանը, և, ամենակարևորը, մենք դժվար պահերին Հայաստանի կողքին ենք»։
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյան․ «Փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացումն առանցքային նշանակություն ունի կայուն և ներառական տնտեսական զարգացման, նորարարության խթանման, տնտեսության դիմակայունության և կառուցվածքի բարելավման տեսանկյունից։ Հաշվի առնելով ընթացիկ տարածաշրջանային բարդ զարգացումները՝ այսօր հատկապես կարևոր է անել առավելագույնը ապահովելու մասնավոր հատվածի կայուն և շարունակական զարգացման համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները։ Հենց այս նպատակին է ուղղված համատեղ ջանքերով մշակված այս ծրագիրը, որը կապահովի տեղական արժույթով մատչելի ֆինանսների հասանելիություն Հայաստանում գործող փոքր և միջին ձեռնարկությունների համար»։
ԵՆԲ փոխնախագահ Թերեզա Չերվինսկան, ով պատասխանատու է Հայաստանում գործունեության համար. «Այսօր, երկրի համար այս դժվարին պահին, Եվրոպական Միության աջակցությամբ մենք նոր ֆինանսավորում ենք տրամադրում ԵՆԲ-ի կայացած գործընկեր Հայաստանի կենտրոնական բանկին։ ԵՆԲ-ի այս չորրորդ վարկը կխթանի Հայաստանի տնտեսական դիմակայունությունը՝ դեպի փոքր բիզնես դրամական միջոցների սահուն հոսքի միջոցով՝ հատուկ ուշադրություն դարձնելով կին ձեռներեցներին և կանաչ նախագծերին, որոնք համահունչ են Հայաստանի համար ԵՄ-ի Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային պլանին: Աջակցելով ՓՄՁ-ներին՝ այն կնպաստի Հայաստանի ներառական և կայուն տնտեսությանը»:
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյան. «ՀՀ կենտրոնական բանկի և Եվրոպական ներդրումային բանկի միջև ֆինանսական համագործակցությունը սկիզբ է առել 2014 թվականին և ունեցել է մեծ հաջողություն։ Այն մեծապես խթանել է ֆինանսական կազմակերպությունների միջոցով մասնավոր հատվածի զարգացումը և, շնորհիվ ծրագրի պահանջների, լայնորեն նպաստել է ՓՄՁ-ների կատարելագործմանը և միջազգային լավագույն փորձի ներդրմանն ինչպես ՓՄՁ-ներում, այնպես էլ ֆինանսական հաստատություններում։ Համագործակցության շրջանակում բազմաթիվ կարևոր և ազդեցիկ նախագծեր են ֆինանսավորվել։ 70 մլն․ եվրո գումարի նոր վարկային ծրագրի շրջանակում ՓՄՁ-ների և միջին կապիտալիզացիա ունեցող կազմակերպությունների կողմից կանաչ նախագծերում, կանանց ձեռներեցության խթաննմանն ու ՓՄՁ-ների թվայնացմանն ուղղված նախագծերում ներդրումների ֆինանսավորման հավակնոտ թիրախներ են սահմանվել»։
Այս վարկով ԵՆԲ-ն և ԿԲ-ն շարունակում են իրենց համագործակցությունը՝ հիմնվելով ընդհանուր 150 մլն եվրո գումարի նախորդ երեք միջնորդավորված վարկային ծրագրերի հաջող իրականացման վրա: Այս մոդելը թույլ է տվել բազմաթիվ փոքր ֆինանսական հաստատությունների մասնակցել ծրագրին և ԵՆԲ-ի ֆինանսավորումն ուղղել ՓՄՁ-ներին՝ բարելավելով այս ընկերությունների համար տեղական արժույթով, բարենպաստ պայմաններով երկարաժամկետ ֆինանսավորման հասանելիությունը: ԵՆԲ-ի կողմից Հայաստանի կենտրոնական բանկին տրամադրված նախորդ վարկերն աջակցել են ավելի քան 1300 ձեռնարկությունների և միայն երրորդ փուլի ընթացքում ստեղծել են 2000 աշխատատեղ, մասնավորապես ագրովերամշակման և զբոսաշրջության ոլորտներում:
--------------------------------
Նախապատմություն
Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային պլանի մասին
2021 թվականին Եվրամիությունը գործարկել է Արևելյան գործընկերության երկրների տնտեսական և ներդրումային պլանը՝ ուղղված, ի թիվս այլոց, աջակցելու տարածաշրջանում դիմակայուն, կայուն և ինտեգրված տնտեսությունների զարգացմանը:
Ծրագիրը պարունակում է մի շարք ուղենշային նախաձեռնություններ գործընկեր երկրներից յուրաքանչյուրի համար: Սրանք կոնկրետ առաջնահերթ ծրագրեր են՝ շոշափելի արդյունքներով, որոնք բացահայտվել են գործընկեր երկրների հետ համատեղ՝ հաշվի առնելով նրանց առաջնահերթությունները, կարիքները և հավակնությունները։
Հայաստանի տնտեսական դիմակայունության ծրագիրն աջակցում է կայուն, նորարար և մրցունակ տնտեսությանը` որպես Հայաստանի համար Եվրոպական միության Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային ծրագրի հինգ ուղենշային նախաձեռնություններից մեկը:
Մեկնաբանել