HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

ԿԲ. տեղահանված արցախցիների վարկերի մասով անհատական կամ ընդհանուր լուծումներ կառաջարկվեն

Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին, որոնք վարկեր կամ ավանդներ են ունեցել Արցախում եղած բանկերում, կսպասարկեն նույն բանկերի հայաստանյան մասնաճյուղերը։ 

Կենտրոնական բանկի գնահատականով՝ տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով, և վերջինիս վերաբերյալ տեղահանված քաղաքացիներն առաջին հերթին պետք է դիմեն իրենց սպասարկող բանկին՝ խնդիրները քննարկելու և լուծելու նպատակով: Այս մասին «Հետք»-ի հարցերին ի պատասխան` հայտել են Կենտրոնական բանկից։ 

«Արցախում գործող բանկերի բոլոր մասնաճյուղերը ՀՀ տարածքում լիցենզավորված և գրանցված բանկերի մասնաճյուղեր են: Համապատասխանաբար, քաղաքացիների սպասարկումն իրականացվում և իրականացվելու է անկախ նրանց գտնվելու վայրից։ Առանձնացված վիճակագրություն Կենտրոնական բանկը չի վարում և չի կարող տրամադրել»,- նշել են գլխավոր դրամատնից։

Առևտրային բանկերը, ըստ ԿԲ-ի, այս պահին գույքագրում են ստեղծված իրավիճակի հետևանքով առաջացած վերոնշյալ և հնարավոր այլ խնդիրները։ Խոստանում են արդյունքում Կառավարության և Կենտրոնական բանկի հետ գործակցությամբ անհատական կամ ընդհանուր լուծումներ առաջարկել։ 

ԿԲ-ից նաև հետաքրքրվել էինք՝ Հայաստանում ինչպե՞ս է կազմակերպվելու բռնի տեղահանված արցախցիների ավանդների և ի պահ տրված գումարների վերադարձը։ ԿԲ-ի պատասխանից հետևում է, որ բանկերը նույնությամբ կսպասարկեն քաղաքացիներին այնպես, ինչպես Արցախում են սպասարկել։ 

Թե որքան վարկեր և ավանդներ են եղել Արցախում գործող բանկերում, ԿԲ-ն տվյալներ չի հայտնել։  Գլխավոր դրամատնից նաև չեն մանրամասնում, թե ինչ անհատական կամ ընդհանուր լուծումներ կարող են առաջարկել արացախցիներին, որոնք վարկային պարտավորություններ ունեն բանկերի նկատմամբ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter