
www.workforall.am կայքի միջոցով ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կարող են դիմել աշխատանքի համար
Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը հայտնեց, որ վերջին տվյալներով` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձան թիվը կազմում է 100 617, Հակարիի կամուրջը հատած տրանսպորտային միջոցների թիվը կազմում է 21 191, հաշվառված անձանց թիվը կազմում է 91 918: Հաշվառված անձանց առավել քան 50 տոկոսն օգտվել է Կառավարության առաջարկած կեցավայրերից, իսկ այն քաղաքացիները, ովքեր ունեն կեցավայրեր, օգտվում են Կառավարության սոցիալական աջակցության այլ ծրագրերից:
Վերջին տվյալներով՝ Հայաստանի բժշկական հաստատություններում բուժում է ստանում 345 անձ: Նրանցից շատերի վիճակը շարունակում է մնալ ծանր և ծայրահեղ ծանր: Վերակենդանացման բաժանմունքում գտնվում է 9 երեխա, որոնցից 2-ի առողջական վիճակում նկատվում է դրական դինամիկա:
Հաջորդիվ՝ Նազելի Բաղդասարյանը ներկայացրել է Կառավարության կողմից ձեռնարկված սոցիալական աջակցության ծրագրերը, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված յուրաքանչյուր անձ պետության կողմից կստանա 100 000 դրամ միանվագ գումար: Մամուլի քարտուղարը ևս մեկ անգամ ներկայացրել է գումարի ստացման ընթացքը, ըստ որի՝ այն անձինք, ովքեր ունեն բանկային քարտեր, մոտ օրերս կստանա այդ գումարը, իսկ այն անձինք, ովքեր չունեն բանկային քարտեր, պետք է մոտենան մոտակա ցանկացած բանկ և բանկային քարտի հաշիվ բացեն, որից հետո կստանան այդ գումարը: Բանկային քարտային հաշվի բացումը և քարտի տրամադրումը տեղի կունենա անվճար: Բանկային քարտային հաշվի բացումից հետո, անհրաժեշտություն չկա այն ներկայացնել Միասնական սոցիալական ծառայություն, բավարար է պարզապես մոտենալ բանկ և բացել քարտային հաշիվ: Անչափահաս երեխաների համար գումարը կհատկացվի հետևյալ կերպ՝ երեխայի մայրը պետք է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքէջում գործարկվելիք հարթակում կցի երեխայի տվյալները, որպեսզի փոխանցումն իրականացվի իր հաշվեհամարին:
Մեկ այլ ծրագրով՝ բռնի տեղահանված յուրաքանչյուր անձ բնակարանի վարձակալության նպատակով պետության կողմից կստանա 40 000 դրամ և 10 000 դրամ կոմունալ ծախսերի նպատակով: Այս գումարների փոխանցումը նույնպես իրականացվելու է անկանխիկ՝ բանկային քարտային հաշիվների միջոցով:
Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բուժօգնությունն իրականացվում է պետական պատվերի շրջանակում: Դա վերաբերում է ինչպես ռազմական ագրեսիայից տուժած անձանց, այնպես էլ պայթյունի հետևանքով վնասվածք ստացած և խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց: Պետական պատվերի շրջանակում վերջին օրերին սրտի ստենդավորման հետ կապված բուժօգնություն է ցուցաբերվել:
Վարչապետի մամուլի քարտուղարի ներկայացմամբ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը գործարկել է հարթակ՝ www.workforall.am, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք կարող են դիմել իրենց հարմար աշխատանքի համար: Տվյալ պահին կայքում նշված է, որ շուրջ 4500 թափուր աշխատատեղ կա:
Նազելի Բաղդասարյանը նաև ներկայացրել է առողջապահության և կրթության ոլորտների թափուր աշխատատեղերը, ըստ որի՝ մարզերում, ընդհանուր առմամբ, առկա է 273 ավագ բուժաշխատողի թափուր հաստիք և 59 միջին բուժաշխատողի թափուր հաստիք: Ըստ մարզերի բաշխվածությունը հետևյալն է՝ Արագածոտնում՝ 37, Արարատում՝ 26, Արմավիրում՝ 13, Գեղարքունիքում՝ շուրջ 46, Կոտայքում՝ 32, Լոռիում՝ 65, Շիրակում՝ 32, Սյունիքում՝ 32, Տավուշում՝ 23, Վայոց Ձորում՝ 23 թափուր աշխատատեղ:
Կրթության ոլորտում Երևանի և մարզերի դպրոցներում առկա է ուսուցչի 1035 թափուր աշխատատեղ, որից Սյունիքում՝ 7, Վայոց Ձորում՝ 6, Գեղարքունիքում՝ 22, Արարատում՝ 132, Կոտայքում՝ 60, Արագածոտնում՝ 48, Արմավիրում՝ 258, Շիրակում՝ 26, Լոռիում՝ 449, Տավուշում՝ 11 և Երևանում՝ 16:
Հոկտեմբերի 3-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 2784 երեխա ընդգրկվել է Հայաստանի կրթական հաստատություններում: Սյունիքում 140 երեխա, Վայոց Ձորում՝ 46, Գեղարքունիքում՝ 93, Արարատում՝ 758, Կոտայքում՝ 450, Արագածոտնում՝ 80, Արմավիրում՝ 393, Շիրակում՝ 110, Լոռիում՝ 103, Տավուշում՝ 161, Երևանում 450 երեխա հաճախում է կրթական հաստատություններ:
Առավել քան 21 400 զանգ է գրանցվել 114 թեժ գծին: Առաջնային կարիքների գնահատման համար վերջին տվյալներով 48 000 անձ է լրացրել հայտը:
Մեկնաբանություններ (9)
Մեկնաբանել