
Շոյգուի պնդմամբ՝ Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների գործողություններն օգնել են խուսափել առավել մեծ թվով զոհերից
«Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման ընթացքում ռուս խաղաղապահների անձնուրաց և պրոֆեսիոնալ գործողություններն օգնեցին խուսափել ավելի շատ զոհերից»: Նման հայտարարությամբ հանդես է եկել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Շնորհակալություն եմ հայտնում մեր տղաներին՝ ռուս խաղաղապահներին, անձնուրաց և պրոֆեսիոնալ գործողությունների համար, որոնք օգնեցին խուսափել ավելի շատ զոհերից։ Խաղաղապահների ուժերով տուժածներին և կարիքավորներին ցուցաբերվել է բազմակողմանի բժշկական օգնություն»,- հայտարարել է Շոյգուն՝ ՌԴ զինված ուժերի ղեկավար կազմի խորհրդակցության շրջանակներում։
Շոյգուի խոսքով՝ ռուսական խաղաղապահ զորակազմի աջակցությամբ տեղակայվել են ժամանակակից սարքավորումներով մոդուլային ավան, ինչպես նաև ինտենսիվ թերապիայի պալատով գործող վիրահատական մոդուլ: «Հատուկ բժշկական ջոկատի կազմում ընդգրկված են տարբեր մասնագիտությունների փորձառու բժիշկներ», - ընդգծել է ՌԴ պաշտպանության նախարարը:
Ավելի վաղ հայկական կողմը հայտնել էր, որ ավելի քան 101 հազար մարդ է Արցախից տեղահանվել Հայաստան: «Մարդկանց մահը թույլ չտալու համար՝ որոշվել է քաղաքացիական անձանց տարհանել և տեղավորել դիտակետերում ու բազային ճամբարում։ Ռուս խաղաղապահների միջնորդությամբ՝ հակամարտող կողմերին հաջողվել է պայմանավորվել կրակի լիակատար դադարեցման մասին։ Լեռնային Ղարաբաղից Հայաստանի տարածք կազմակերպվել է ավելի քան 98 հազար խաղաղ բնակիչների, այդ թվում՝ շուրջ 32 հազար երեխաների տարհանում»,- հավելել է Շոյգուն։
Շոյգուի խոսքով՝ Աղդամի և Լաչինի ճանապարհներով ապահովվել է մոտ 300 տոննա մարդասիրական բեռների առաքում։ «Ռուս զինծառայողները մասնակցել են Ստեփանակերտի վառելիքի պահեստում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին»,- եզրափակել է նա:
Լուսանկարը՝ Sputnik / Павел Бедняков
Մեկնաբանել