HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրամանատարի տեղակալը 2020-ին խաբեությամբ դադարեցրել է զինվորական ծառայության պարտականությունների կատարումը. դատախազություն

Գլխավոր դատախազությունը հայտնում է, որ պաշտպանության բանակի N զորամասի (դիվիզիայի) հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Մ.Բ.-ն 2020 թվականի հոկտեմբերի 3-ին, աջ ծնկահոդի շրջանում վնասվածք ստանալու պատճառաբանությամբ, դիմել է Հադրութի շրջանի Տող գյուղում ծավալված Մեխակավանի զինվորական հոսպիտալ: Մ.Բ.-ի աջ ծնկահոդի հատվածում հայտնաբերվել է միայն այտուց, տեղադրվել է ֆիքսատոր՝ հոդի շարժունակությունը սահմանափակելու նպատակով:

«Վերադաս հրամանատարության կողմից Մ.Բ.-ին հանձնարարվել է շարունակել զինվորական ծառայության պարտականությունների կատարումը, մասնավորապես՝ Հադրութ քաղաքում գտնվող անձնակազմի հետ իրականացնել բարոյահոգեբանական աշխատանքներ: Գիտակցելով, որ առկա չէ իր առողջական վիճակով պայմանավորված զինվորական ծառայության պարտականությունների կատարումը դադարեցնելու հնարավորություն՝  Մ.Բ.-ն, մարտական գործողությունների ընթացքում վիրավորում ստացած լինելու պատրանք ստեղծելու նպատակով, աջ ծնկահոդի այտուցված հատվածը բազմակի անգամ մշակել է յոդ տեսակի հեղուկով, վիրակապել նույն հեղուկով խիտ թաթախված բինտով՝ աջ ծնկային հոդի շրջանում առաջացնելով 2-րդ աստիճանի այրվածք: 

2020 թվականի հոկտեմբերի 10-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12:00-ն ընկած հատվածում, դիվիզիայի հրամանատարական կետի տեղափոխման ժամանակ, հակառակորդի կողմից հրետակոծության է ենթարկվել Մ.Բ.-ին ու համածառայողին տեղափոխող ավտոմեքենան: Հրետակոծության հետևանքով բեկորային վիրավորում է ստացել միայն վարորդը: Նույն ավտոմեքենայում գտնված, մարմնական որևէ վնասվածք չստացած Մ.Բ.-ն, օգտագործելով այն հանգամանքը, որ ոչ ոք տեղեկություն չունի իր վիճակի մասին, անձնակազմին տեղեկացրել է, թե իբր հրետակոծության արդյունքում վիրավորում է ստացել: 

Մ.Բ.-ի վարքագծի հիման վրա՝ համածառայողները վերջինիս ուղարկել են «Հադրութի շրջանի բուժական միավորում» ՓԲԸ, իսկ 2020 թվականի հոկտեմբերի 10-ին Մ.Բ.-ն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

2023 թվականի սեպտեմբերի 27-ին Մ.Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ռազմական դրության ժամանակ խաբեության եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելու համար:

2023 թվականի սեպտեմբերի 29-ին դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter