HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ռուսաստանը դավաճանել է էթնիկ հայերին. Շառլ Միշել

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը կարծում է, որ Ռուսաստանը դավաճանել է էթնիկ հայերին: Euronews-ին տված հարցազրույցում Միշելն ասել է, որ նման եզրակացություն կարելի է անել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի վերջին գործողությունների հետևանքով։ 

«Իրավիճակը պարզ է. ոչ ոք չի կարող դա չտեսնել: Իրավիճակն այն է, որ Ռուսաստանը դավաճանել է հայ բնակչությանը։ Ռուսաստանը ցանկություն է հայտնել, որ իր զինվորները ներկա լինեն այնտեղ և երաշխավորեն կայունության ու անվտանգության մասին համաձայնագրերը: Եվ մենք տեսնում ենք, որ այդ ռազմական գործողությունը սկսվել է առանց իրադարձությունների վայրում գտնվող Ռուսաստանի ամենափոքր արձագանքի, ի տարբերություն Եվրամիության, որն այնտեղ, ինչպես գիտեք, ռազմական ներկայություն չունի»,- հայտարարել է Միշելը։ 

Շառլ Միշելը հավելել է, որ այս շաբաթվա վերջին Իսպանիայի Գրանադա քաղաքում մտադիր է շարունակել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջնորդական գործունեությունը։ Միշելը պնդել է, որ ինքը դժգոհ է եղել Ադրբեջանի վերջին հարձակումից ու իր դժգոհությունը հայտնել է Իլհամ Ալիևին։ «Բայց պետք է ասեմ, որ չափազանց հիասթափված եմ Ադրբեջանի կայացրած որոշումից, և ես դա շատ հաստատակամորեն հայտնել եմ նախագահ Ալիևին», - նշել է նա:

Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է հնարավոր հայերի շրջանում վերականգնել Ադրբեջանի նկատմամբ վստահությունը` Միշելն ասել է. «Ես կարծում եմ, որ Ադրբեջանը մեծ պատասխանատվություն է կրում այն պահից, երբ նա սկսեց ռազմական գործողությունը։ Այժմ Ադրբեջանը պետք է բարի կամք դրսևորի, միջազգային հանրությանը ներգրավի իրավիճակի դիտարկման մեջ, որպեսզի պաշտպանվեն Ադրբեջանում բնակվող ողջ բնակչության, այդ թվում՝ հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը»։

Նրա խոսքով՝ Բաքվի հետ Բրյուսելի հարաբերությունները մնում են բարդ, բայց հեռանկարային։ ԵՄ խորհրդի ղեկավարն ասել է, որ Կովկասում անվտանգության ամրապնդման և համագործակցության զարգացման ջանքերին պետք է առավել շատ ներգրավել Ադրբեջանին: «Նա այսօր գործընկե՞ր է։ Այո´, գործընկեր է: Արդյոք սա նշանակում է, որ հարաբերությունները պարզ են: Ոչ, հարաբերությունները պարզ չեն: Արդյոք դա նշանակում է, որ այս հարաբերություններում դժվարություններ կան: Այո´, իրականությունը բարդ է, և դա պետք է հասկանալ»,- ընդգծել է Միշելը։

Լուսանկարը՝ Եվրոպական խորհրդարանի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter