HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

21-ամյա երիտասարդը փորձել էր բռնաբարել հորեղբոր հաշմանդամ, անչափահաս աղջկան

Հունիսի 27-ի դատական նիստից հետո տուժողի օրինական իրավահաջորդ Շողիկ Շաբոյանը չէր կարողանում զսպել արցունքներն ու զայրույթը: «Ես թույլ չեմ տա, որ ինքը մնա ազատության մեջ, ես կբողոքեմ, ինքը պիտի նստի»,-լսելով դատաբժշկական 2-րդ համալիր փորձաքննության արդյուքները` նիստի ավարտին հայտարարեց երիտասարդ կինը:

Ինքը` 21-ամյա Տիգրան Խանիկի Ասոյանն է, ով փորձել էր բռնաբարել հորեղբոր անչափահաս աղջկան` Մելինեին: Տղան առաջին կարգի հաշմանդամ է: 11 տարեկան հասակում, փողոցում հեծանիվ քշելու ժամանակ նրան վրաերթի էր ենթարկել մեքենան: Դժբախտ պատահարից հետո նրա մոտ խնդիրներ են ծագել վերջույթների եւ գլխուղեղի հետ կապված: Տիգրանի կրթությունն 5-ամյա է: Բռնաբարության փորձից հետո կատարված փորձաքննության արդյունքներով Տիգրանը ճանաչվել է մեղսունակ: Նրա խոսքը դանդաղ է, սակայն միտքը հստակ` չունի հոգեկանի հետ կապված խնդիրներ եւ արարքը կատարել է լիովին գիտակցելով: Իրեն մեղսագրված արարքը Տիգրան Ասոյանը լիովին ընդունել էր եւ զղջացել: Նրան մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-138 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` բռնաբարության փորձ:

Դեպքը տեղի է ունեցել 2011թ-ի հոկտեմբերի 14-ին Գյումրիում: Այդ օրը Տիգրանը որոշել է այցելել հորեղբոր ընտանիքին: Տանը եղել է միայն 15-ամյա Մելինեն` մայրը աշխատանքի էր, 16-ամյա քույրը`քոլեջում: Աղջիկը ծնվել է «Մանկական պարալիչ» կոչվող հիվանդությամբ, նրա մոտ առկա է «թեթեւ աստիճանի մտավոր հետամնացություն` դեբիլություն»: Երեխան դպրոց հաճախել է մինչեւ 2-րդ դասարան: Շողիկն ասում է, որ Մելինեի ներկայիս վիճակի համար մեղավոր է նախկին ամուսինն, ով սեր ուներ խմիչքի նկատմամբ եւ հղիության ընթացքում բազմիցս բռնության է ենթարկել իրեն: Շողիկը 2004թ-ին ամուսնալուծվել էր, մենակ է մեծացնում աղջիկներին եւ աշխատում է չշփվել նախկին ամուսնու հարազատների հետ:

Տիգրանը հորեղբոր նախկին ընտանիքին այցելելու իր մտադրությունը մեկնաբանել է հոգում առաջացած բուռն կարոտախտով: Ժամը 11:30-ի հատվածում, բակում գործ անող հարեւանուհին նկատել է, թե ինչպես հաշմանդամ մի տղա թակել է Շողիկենց տնակի դուռը:

Հարեւանները լավատեղյակ էին, որ այդ ժամերին տանտիրուհին սովորաբար աշխատանքի է լինում ու տանը միայն հաշմանդամ աղջիկն է: Մելինեն բացել է դուռը` ներս թողնելով հորեղբոր տղային: Շողիկն ասում է, որ իր աղջիկները չէին սիրում Տիգրանին, անգամ վախենում էին նրանից: Մելինեն քնաթաթախ է եղել եւ դուռը բացել է` մտածելով, թե քույրն է: Դռան փականը հետ տանելուց հետո, նա շրջվել եւ գնացել է դեպի ննջարան` ասելով. «Մելսիդա դուռը փակե, փիսիկը դուրս չփախնի»:

Տիգրանը փորձել է համբուրել հորեղբոր աղջկա այտը: Աղջիկը հետ է հրել նրան եւ գոռացել: Մելինեի ձայնից անհանգստացած հարեւանուհին, գործով վկա Ամալյա Ծառուկյանը մոտեցել է տնակի պատուհանին, թակել` ցանկանալով պարզել, թե ինչ է կատարվում ներսում: Աղջիկը մոտեցել է պատուհանին, սակայն Տիգրանը նրան հետ է քաշել, խփել-գցել գետնին, այնուհետեւ գրկել ու դրել է բազմոցին, բռնությամբ իջեցրել տաբատն ու կիսավարտիքը, ինքն էլ մերկանալով պառկել է աղջնակի վրա` փորձելով սեռական հարաբերություն ունենալ: Մելինեն դիմադրել է, գոռգոռացել, օգնություն կանչել:

Տիգրանը արմունկով սեղմել է Մելինեի բերանը, որ աղջիկը չգոռա: Ցավից ու անօգնական վիճակից Մելինեն սկսել է շնչահեղձ լինել: Աղմուկի վրա Ամալյան, նրա քույրը Սուսաննան եւ հարեւաններից գործով վկա Սուրեն Զուլոյանը` տեղահանելով դուռը մտել են ներս:

Հարեւանների մուտքն անգամ չի սթափեցրել մեղադրյալին: Սուրեն Զուլոյանը նրան քաշել հանել է աղջկա վրայից: Տիգրանն օգտվելով խուճապային վիճակից` վերցնելով հագուստները փախել է, իսկ հարեւանները զանգահարել են ոստիկանություն եւ աշխատանքի վայրից կանչել անչափահասի մորը:

Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանում, նախագահությամբ դատավոր Հարություն Մովսեսյանի, դատական այս գործի առաջին նիստ կայացել էր 2012թ-ի փետրվարի 1-ին: Փետրվարի 20-ի դատական նիստի ժամանակ, ամբաստանյալի փաստաբան Շիրոյանը միջնորդել էր նշանակել միջգերատեսչական բժշկական համալիր փորձաքննություն:

Դատաբժշկական-դատահոգեբանական առաջին փորձաքննության արդյունքներով Տիգրան Ասոյանը ճանաչվել էր մեղսունակ: Նրա մոտ հայտանաբերվել էր «Անձի օրգանական խանգարում», որը փոքր տարիքում տարած ծանր գլխուղեղային վնասվածքի հետեւանք է: Ամբաստանյալն աչքի է ընկել ոչ բարձր ինտելեկտով, մակերեսային մտածողությամբ, անզուսպ, անհավասարակշիռ եւ բռնկվող բնավորությամբ: Դատապարտվելու դեպքում նա պիտի գտնվեր նյարդահոգեբույժի հսկողության ներքո:

Ըստ բժշկական 2-րդ փորձաքննության, որ ստացվել էր հունիս ամսին, Տիգրան  Ասոյանը, լինելով 1-ին կարգի հաշմանդամ, ազատազրկման դատապարտվելու դեպքում, առանց կողմնակի անձի խնամքի, ունակ չի լինի պատիժը կրելու ազատազրկման վայրում: Հենց այս հանգամանքն էր, որ այդպես զայրացրել էր տուժողի մորը, ով հայտարարեց, թե անպատճառ կբողոքարկի, եթե ամբաստանյալը դատարանի վճռով հայտնվի ազատության մեջ:

Քրեական օրենսգրքի 34-138 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով` բռնաբարության փորձ, սահմանված է ազատազրկում 4-ից 10 տարի ժամկետով: Հունիսի 27-ին կայացած դատական նիստի ժամանակ, մեղադրող Վ. Մխիթարյանը միջնորդեց դատարանին Տիգրան Ասոյանին պատիժ նշանակել ազատազրկման ձեւով, 4 տարի ժամկետով: Ամբաստանյալի փաստաբան Ռ. Շիրոյանը խնդրեց մեղմ մոտենալ դատարանին, հաշվի առնել տղայի հաշմանդամության փաստը, մեղքը լիովին ընդունելու եւ զղջալու հանգամանքը: Փաստաբանն առաջարկեց դատարանին կիրառել քր.օր.-ի 70 հոդվածը եւ նշանակել փորձաշրջան:

Հունիսի 28-ին դատավոր Հ. Մովսեսյանը հրապարակեց վճիռը: Դատարանը բավարարեց մեղադրող կողմի միջնորդությունը եւ պատիժ նշանակեց ազատազրկման ձեւով, 4 տարի ժամկետով: Մինչեւ վճռի օրինական ուժի մեջ մտնելը, խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, թողեց անփոփոխ: Վճիռը մեկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել քրեական վերաքննիչ դատարանում: Տուժողի օրինական ներկայացուցիչ Շողիկ Շաբոյանի կարծիքով ամբաստանյալը վտանգավոր է, ըստ նրան՝ լավագույն տարբերակն այն կլիներ, որ Տիգրանը հենց դատարանի դահլիճում կալանավորվեր: «Իրան պետք չէ խղճալ, ինքը լավ էլ կարող է իրեն հետեւել,-պարզաբանեց նախկին հորեղբոր կինը,-իմ աղջկա դեպքից հետո, Ջրառատում ապրող մորական տատիկին դանակով սպառնացել ու 30 հազար դրամ թոշակը տարել էր: Բա կարելի է նման տականքին ազատության մեջ թողնել»:

Լուսանկարում՝ Տիգրան Ասոյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter