HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Հայկ Ալումյան․ «Կառավարությունն ընդամենը պետք է չխանգարեր, որպեսզի իրականացնեինք գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների պաշտպանությունը»

2020 թ–ի արցախյան պատերազմի հետևանքով Ադրբեջանի բանտերում մեծ թվով հայ գերիներ կան, սակայն նրանց շահերը պաշտպանող և՛ անհատ փաստաբանները, և՛ Հայաստանի կառավարությունը միջնորդավորված հաղորդակցություն են ապահովում միայն ՄԻԵԴ-ի միջոցով։ Սա միա՞կ գործողությունն է, որ պետք է իրականացնի Հայաստանի կառավարությունը, և արդյոք դա բավարար է իր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար։ 

Երեք նշանավոր փաստաբաններ՝ Ռուբեն Սահակյանը, Ռուբեն Ռշտունին և Ռուսաստանում հայտնի փաստաբան Պոլինա Շապոշնիկովան, 1988–90թթ–ին Բաքու և Սումգայիթ քաղաքներում պաշտպանում էին այդ քաղաքներում ադրբեջանցիների կազմակերպած հայկական ջարդերի զոհ դարձած հայ ընտանիքների շահերը։ Ինչո՞ւ նույնը չի արվում հիմա. այդ մասին է մեր զրույցը փաստաբան Հայկ Ալումյանի հետ։

Պրն Ալումյան, ՄԻԵԴ-ի միջոցով գերիների միայն ողջ լինելու վերաբերյալ հավաստիացումներ ստանալը, կարծես Ձեզ էլ չի գոհացնում։ Ֆեյսբուքի Ձեր էջում գրել եք, որ յուրաքանչյուր հայ գերու հետեւից Հայաստանից փաստաբան պետք է գնա։ Ինչո՞ւ այսօր տեղի չի ունենում այն, ինչը հնարավոր եղավ 1988–ին։

2020թ պատերազմի ժամանակ և դրան հաջորդող ժամանակահատվածում ունեցանք իրավիճակ, երբ մեր բազմաթիվ հայրենակիցներ հայտնվեցին Բաքվի բանտերում։ Երբ համացանցում տեսանյութեր տարածվեցին, որտեղ երևում էր, որ մեր հայրենակցին ադրբեջանցիները գերեվարել են, միանգամից դիմումներ ներկայացվեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)։ Եվրոպական դատարանը միջանկյալ որոշում կայացրեց՝ Ադրբեջանից պահանջելով երաշխավորել այդ անձանց կյանքի իրավունքը։ Ում վերաբերյալ հաստատված ապացույցներ կան, որ կենդանի վիճակում հայտնվել են Ադրբեջանի զինված ուժերի կամ պաշտոնական մարմինների ձեռքում, ժամանակին և ճիշտ գործողություններ իրականացնելու արդյունքում այդ մարդկանց կյանքի իրավունքը ՄԻԵԴ-ի կայացրած որոշումներով ապահովվեց։ ՄԻԵԴ–ը փաստեց, որ այդ մարդիկ Ադրբեջանի տրամադրության տակ են եղել, ողջ են եղել և պարտավորեցրեց ապահովել նրանց կյանքը։ Այն ժամանակ դա արվեց անհատ փաստաբանի նախաձեռնությամբ։

Ով իր կյանքում բանտարկված է եղել կամ շփվել է բանտարկված անձի հետ, լավ է հասկանում, որ նրա համար թիվ մեկ կարիքը նույնիսկ սնունդը չէ, այլ՝ փաստաբանի հետ զրուցելը, որովհետև մինչ այդ նրա մոտ կատարյալ անորոշություն է։ Այդպիսի իրավիճակում փաստաբանի հետ չշփվելն ինքնին դաժան վերաբերմունք է, եթե ոչ՝ խոշտանգում։ 

2021թ հունվարին ես Փաստաբանների պալատի նախագահին առաջարկ եմ ուղարկել, որում հայտնել եմ, որ պարտավոր ենք ապահովել Բաքվի բանտերում գտնվող գերիների պաշտպանությունը և առաջարկել եմ Հայաստանից փաստաբաններ մեկնեն Բաքու։ Անհրաժեշտ էր պարզել հայ գերյալների վիճակը, որոնք ոչ միայն կալանավորված են, ոչ միայն թշնամական շրջապատում են գտնվում, այլև կատարյալ անորոշության, անհուսության և անտեղյակության մեջ են։ Ադրբեջանցի փաստաբաններ նշանակվել են պետության կողմից, բայց հասկանալի է նաև, թե նրանք ինչ վերաբերմունք ունեն իրենց հայ պաշտպանյալների նկատմամբ, անկախ նրանից՝ բաց տեքստով կարտահայտվե՞ն, թե՝ ոչ։ Քանի որ իրենց հասարակության մոտ արտահայտված ատելություն կա հայերի հանդեպ, նույնիսկ եթե փաստաբանը բարեխիղճ է, միևնույն է, կալանավորված անձի ընկալման տեսանկյունից շատ մեծ տարբերություն կա, թե ով կլինի նրա փաստաբանը։ Այդ իրավիճակում ամենակարևոր բանը, որ մենք պարտավոր էինք անել՝ Հայաստանից փաստաբաններ պետք է գնային Բաքու և հանդիպեին նրանց։ Նրանք էլ պետք է տեսնեին, որ իրենց մասին մտածող կա, մարդիկ կան, որ պատրաստ են պաշտպանել իրենց շահերը։ Գերության մեջ գտնվող մարդիկ պատերազմի ժամանակ մեզ էին պաշտպանում, իսկ երբ հայտնվեցին գերության մեջ, մենք նրանց չպաշտպանեցինք։ 

Ո՞րն էր պատճառը, Հայաստանի կառավարությունն ի՞նչ է անում գերեվարված և առևանգված իր քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար։ 

Սկզբում այս հարցի շուրջ քննարկումները ծավալվել են Փաստաբանների պալատում (ՓՊ)։ Երկար բանավեճ տեղի ունեցավ՝ արդյոք Ադրբեջանը թույլ կտա՞ տեսակցել, թե՝ ոչ։ Բոլորը հասկանում էին, որ Ադրբեջանի օրենսդրությունը մեզ թույլ չի տալու այնտեղ վարույթի մասնակցել, բայց հարցը չի ավարտվում Ադրբեջանի ներպետական օրենսդրությամբ։ Կա Եվրոպական կոնվենցիա, որին միացել է նաև Ադրբեջանը, և եթե մեկն ուզում է դիմել Եվրոպական դատարան, Կոնվենցիայի 34-րդ հոդվածն այդ պետությանը պարտավորեցնում է անհրաժեշտ պայմաններ ստեղծել դրա համար։ Անհրաժեշտ պայմանների մեջ մտնում են իր ցանկալի անձի հետ անարգել շփումները։ ԵԴ–ն այս հարցի վերաբերյալ մեծ թվով վճիռներ ունի, այդ իրավունքի ապահովումը շեշտված ընդգծել է նաև «Շիրխանյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճռում։ ՄԻԵԴ-ը հայտնել է, որ Եվրոպայի խորհրդի ցանկացած երկրում, ԵԽ ցանկացած այլ երկրի փաստաբան իրավունք ունի տեսակցել անձի հետ՝ ՄԻԵԴ դիմելու և այդ ընթացքում նաև խորհրդակցելու հետ կապված։ Ադրբեջանը Եվրոպայի խորհրդի անդամ երկիր է, հետևաբար ԵԽ–ի ցանկացած այլ երկրի փաստաբան իրավունք ունի անարգել տեսակցել Ադրբեջանի տարածքում գտնվող անձի հետ, եթե տեսակցելու նպատակը Եվրոպական դատարան դիմելն է։ Իսկ եթե արդեն դիմել է, հետագայում այդ դիմումի շուրջ քննարկումներ ծավալելու համար։ Ճիշտ է, երբ Ադրբեջանում իմացան այդ մասին, նրանց փաստաբանական կառույցի ղեկավարը հայտարարություն տարածեց՝ իբրև իրենց օրենսդրությունը թույլ չի տալիս։ Դա, հավանաբար, պայմանավորված էր նրանով, որ նա հարցը այլ տեսանկյունից էր դիտարկում։ Հավանաբար մտածում էր, որ մենք պատրաստվում ենք այնտեղի քրեական գործերով պաշտպանություն իրականացնել։ Այնինչ, մենք նպատակ ունեինք գերիներից յուրաքանչյուրի հետ առանձին-առանձին հանդիպել՝ պարզելու համար, թե արդյոք Եվրոպական կոնվենցիայի խախտում չկա նրանց նկատմամբ։ 

Առնվազն պետք էր պարզել, թե Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված՝ ազատության և անձեռնմխելիության իրավունքի խախտում կա՞։ Այսինքն, հիմքեր կա՞ն մարդուն շարունակական կալանքի տակ պահելու համար։ Երկրորդ՝ նրա նկատմամբ խոշտանգում կամ այլ անմարդկային, դաժան վերաբերմունք տեղի չի՞ ունեցել։ Մեր նպատակն էր՝ Բաքու գնալ այդ հարցերի համար և քննարկել ՄԻԵԴ դիմելու հարցը, և Ադրբեջանը պարտավոր էր դա անարգել թույլ տալ մեզ։ 

Իսկ եթե թույլ չտար։ Ֆեյսբուքի Ձեր էջում գրել էիք, որ Ադրբեջանը պարտավոր է ապահովել փաստաբանի եւ ազատությունից զրկվածի անարգել շփումը, ինչպես նաեւ՝ փաստաբանի անձնական անվտանգությունը։ Դա լինում է այն դեպքում, երբ միջազգային կառույցները հետևողական են լինում, և պատժվելու սպառնալիքը կա։ Հայությանը վերաբերող հարցերում, ինչպես տեսնում ենք, միջազգային կառույցները նույն սկզբունքայնությունը չեն դրսևորում։

ԵԴ–ից համապատասխան ազդակ ստանալուց հետո էլ, եթե Ադրբեջանը խոչընդոտեր հայ փաստաբանների աշխատանքը կամ չերաշխավորեր նրանց անվտանգությունը,  կճանաչվեր 34-րդ հոդվածը խախտող։ Դրանից բացի, նաև անուղղակի կերպով կհաստատվեին բոլոր այն պնդումները, որ այնտեղ առկա են վատ վերաբերմունքի, ազատությունից անօրինական զրկելու դեպքեր և այլն։ Միգուցե հնարավոր կլիներ կասկածի տակ դնել նաև ամբողջ դատավարությունը։ Դատավարության ընթացքն էլ է պաշտպանվում Եվրոպական կոնվենցիայի 6–րդ հոդվածով։ Կարելի էր դատավարությանը վերաբերող մասով էլ այնտեղ հետազոտություն իրականացնել՝ հասկանալու համար՝ չի՞ խախտվում, արդյոք, մեր հայրենակիցների արդար դատաքննության իրավունքը։ Եթե հաստատվեր, որ խախտվում է, հետևանքն այն կլիներ, որ դատավարությունները կամ դրանց մի մասը կճանաչվեին Կոնվենցիային հակասող։ 

Դա հոյակապ հնարավորություն էր, անհրաժեշտ էր այդ հնարավորությունն օգտագործել, բայց չօգտագործվեց, թեև ՓՊ–ը, անձամբ ես և մի խումբ այլ փաստաբաններ մեզնից կախված ամեն ինչ արեցինք։ Մի քանի անգամ հանդիպումներ ունեցանք կառավարության ներկայացուցիչների հետ։ Նրանք ամեն անգամ գալիս էին ինչ–որ հակափաստարկներ պատրաստած, բայց ամեն անգամ համոզվում էին, որ մենք ճիշտ ենք, որ իրավունքը մեր կողմն է, որ միանշանակ իրավունք ունենք գնալու և գնալն ուղղակի անհրաժեշտ է։ Երբ հանդիպումներն ավարտվում էին, համոզվում էինք, որ ամեն ինչ նորմալ է, արդեն կստացվի, սակայն հաջորդ օրը տեղեկանում էինք, որ արգելքներ են առաջացել։ Մեզ պետք չէր, որ Կառավարությունը մեզ աջակցեր, մեզ ընդամենը պետք էր, որ Կառավարությունը մեզ չխանգարեր, որպեսզի իրականացնեինք գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների պաշտպանությունը։  

Ինչո՞ւ չցանկացան իրականացնել գերիների պաշտպանությունը, խոչընդոտելու պատճառների հավանական բացատրություն ունե՞ք։ 

Ես շատ բան գիտեմ այս թեմայի շուրջ, բայց հիմա ժամանակը չէ խոսել այն մասին, թե՝ ով, ինչպես և ինչու ձախողեց այս աշխատանքը։ Ամեն դեպքում, այդ տարեգրությունը կա, և դրա մասին հրապարակային խոսելու ժամանակն էլ կգա։ Նախաձեռնությունը կար, զարմանալի ձևով շատ փաստաբաններ, նույնիսկ կին փաստաբաններ ասացին, որ պատրաստ են գնալ Բաքու։

Մի հարց է, թե ինչու է ստեղծվել այնպիսի իրավիճակ, որ մեր քաղաքացիներին հնարավոր լինի այդքան հեշտությամբ առևանգել, բայց դա իմ մասնագիտությունը չէ, ես այդ մասին չեմ խոսի։ Ես ուղղակի տեսնում եմ մի բան, որ առաջ չկար, հիմա կա։ Մեկ այլ հարց է, որ պետությունն ինքը պետք է պետբյուջեի հաշվին փաստաբաններ ուղարկեր իր առևանգված քաղաքացիների իրավունքները պաշտպանելու համար։ Ամեն կալանավորվածի հետևից անմիջապես փաստաբան պետք է գնար։ Սա մասնավոր նախաձեռնություն էր, ասացինք՝ մենք կգնանք, իսկ պետությունը խոչընդոտեց։ Ես չեմ ուզում նույն բանն ասել, օրինակ, Ռուբեն Վարդանյանի համար, որովհետև նա ցանկացած երկրից փաստաբան հրավիրելու հնարավորություն ունի, բայց մեր մյուս գերիներն այդ հնարավորությունը չունեն։ Ովքեր այդ հնարավորությունը չունեն, պետությունը պետք է փաստաբաններին ֆինանսավորեր, որպեսզի գնային այնտեղ։ Բայց ոչ միայն չարեց, այլև խոչընդոտեց մասնավոր նախաձեռնությանը։ 

Ադրբեջանը կա՛մ պետք է ապահովեր այստեղից գնացած փաստաբանների անվտանգությունը, կա՛մ այդ մասով կճանաչվեր Կոնվեցիան խախտող պետություն։ Եթե հենց սկզբից հայտարարեր, որ չենք ապահովում ձեր անվտանգությունը, դրանով ճանաչվելու էր կոնվենցիան խախտող՝ մնացած բոլոր հետեւանքներով։ Այսինքն, դրանով նաև դատավարությունների օրինականությունը կդրվեր կասկածի տակ։ Չեմ կարծում, որ Ադրբեջանը կարողանալու է շրջանցել Եվրոպական դատարանի վճիռների կատարումը։ Այդպիսի փորձ ունեցել է իր երկրի քաղաքացիների հետ կապված, բայց ԵԴ–ն հասել է նրան, որ հարկադրել է կատարել ԵԴ վճիռը։ Այս դեպքում նույնպես չէր կարող չկատարել, և մենք աններելի բացթողում ունենք։ Արդեն երեք տարի մեր հայրենակիցները բանտում են գտնվում առանց փաստաբանի։ Չեմ պատկերացնում, որ այն, ինչ բաց է թողնվել, հնարավոր է շտկել, բայց նոր դեպքերի հետ կապված պետք է ժամանակին արձագանքել։

Ամռան ամիսներին Հակարիի կամրջին դրված ապօրինի անցակետից մարդիկ առևանգվեցին, նաև՝ Հայաստանի զինված ուժերից, որոնց արդեն դատապարտել են Ադրբեջանում։ Նրանց մասով հնարավո՞ր է պաշտպանություն իրականացնել։

Եթե Վագիֆ Խաչատրյանի, Ռաշիդ Բեգլարյանի և մյուսների մասին է խոսքը, այո, հնարավոր է։ Վագիֆ Խաչատրյանի դեպքով այդ հարցը կրկին հրատապ է դարձել, դա պետք է արվի և հնարավորինս՝ շուտ։ Քրեական գործերով ինչքան շուտ է փաստաբանը սկսում աշխատել, այնքան հավանականությունը մեծ է, որ հնարավոր է մի բան անել։ Խոշտանգումների մասով, երբ նրանք գիտեն, որ փաստաբան է լինելու՝ մի վերաբերմունք է լինելու այդ մարդու նկատմամբ, երբ գիտեն, որ չի գալու հետևից՝ բոլորովին այլ է լինելու վերաբերմունքը։ 

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter