
Քրիստինե Գրիգորյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետ
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստինե Գրիգորյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետ: Այս մասին որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 4-ին:
«Ղեկավարվելով «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասով՝ Քրիստիննե Գրիգորյանին նշանակել արտաքին հետախուզության ծառայության պետ»,- նշված է որոշման մեջ:
Քրիստիննե Գրիգորյանը ծնվել է 1981 թվականի օգոստոսի 27-ին, Սևան քաղաքում։
1998-2002 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնում և ստացել բակալավրի աստիճան,
2002-2004 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժնի մագիստրատուրայում։
2006-2008 թվականներին Հյուսիսային համալսարանից ստացել է իրավագիտության բակալավրի աստիճան։
Աշխատանքային գործունեություն
2004-2009 թվականներին եղել է Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության և զարգացման վարչության մասնագետ,
2009 թվականի մարտ-հոկտեմբեր ամիսներին՝ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության թարգամանիչ-իրավաբան։
2009-2011 թվականներին եղել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնական իրավական հարցերով,
2011-2014 թվականներին` Ազգային ժողովի պատգամավորի օգնական,
2012-2014 թվականներին` Ազգային ժողովի նախագահի օգնական իրավական հարցերով,
2014-2015 թվականներին` ԱՄՆ ՄԶԳ «Աջակցություն Հայաստանի Ազգային ժողովի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացմանը» ծրագրում թիմի ղեկավար,
2015-2018 թվականներին` ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի միջազգային իրավական համագործակցության վարչության պետ,
2018-2019 թվականներին` ՀՀ առաջին փոխվարչապետ խորհրդական,
2019 թվականի հունվարից մինչև 2019 թվականի հուլիսը՝ Ազգային ժողովի նախագահի խորհրդական։
2019 թվականի հուլիսի 3-ին վարչապետի որոշմամբ նշանակվել է Արդարադատության նախարարի տեղակալ։
2022թ. հունվարի 24-ին Քրիստինե Գրիգորյանը Ազգային ժողովի կողմից ընտրվել է մարդու իրավունքների պաշտպան:
2023 թվականի հունվարի 23-ին հրաժարական է ներկայացրել նոր պաշտոնի անցնելու կապակցությամբ։
Մեկնաբանել