HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Դոյդոյան

Ումն է .AM տիրույթը

Ինտերնետում յուրաքանչյուր երկրին պատկանում է որոշակի տիրույթ`տառային հապավումով: Ինչպես օրինակ` Մեծ Բրիտանիան` uk, Ֆրանսիան` fr, Ռուսաստանը` ru, եւ այլն: Հայաստանի կոդը am-ն է: Հայկական am տիրույթում գրանցված մոտ 2500 անուններից 740-ն են պատկանում հայերին, մնացածը վաճառվել է աշխարհի տարբեր երկրները ներկայացնող կազմակերպություններին կամ անձանց:

«Ինտերնետ միությունը» am տիրույթի միակ ղեկավարն է

1993թ.-ին Հայաստանի ամերիկյան համալսարանի տնօրինությունը հանձնարարում է համալսարանի համակարգչային բաժնի աշխատակից Իգոր Մկրտումյանին զբաղվել am տիրույթի գրանցման հարցով: Իրենց օժանդակությամբ Իգոր Մկրտումյանը մեկնում է ԱՄՆ` մասնակցելու առաջին համաշխարհային ինտերնետային կոնֆերանսին: Արտասահմանյան մասնագետներն առաջարկում են Հայաստանում ստեղծել հասարակական կազմակերպություն եւ այդ կազմակերպության անունից դիմել am տիրույթի ղեկավարման իրավունքը ստանալու համար: Արդեն 1994թ.-ին գումարվում է «Հայաստանի Ինտերնետ օգտագործողների միություն» հասարակական կազմակերպության (2000թ.-ին այն վերագրանցվել է «Ինտերնետ միություն» անվամբ) հիմնադիր ժողովը: ԱՅԱՆԱ միջազգային կազմակերպությունը, որն այն ժամանակ իրավասու էր տրամադրել երկրների կոդերը, ուսումնասիրում է «Ինտերնետ օգտագործողների միության» հնարավորությունները, գտնում է, որ միությունը համապատասխանում է իր սահմանած պահանջներին եւ am տիրույթի ղեկավարման իրավունքը տալիս է նրան: «Երկրների կոդերի առաջին կարգի տիրույթները ղեկավարողների լավագույն գործունեությանն ուղղված ուղեցույցերում» (Best practice guidelines for CC TLD managers) ամրագրված պահանջների համաձայն միությունը պետք է լիներ հասարակական, ներկայացներ այդ երկրի ինտերնետ համայնքի շահերը, իրապես ծառայեր հասարակությանը, իր վարած քաղաքականությամբ լիներ թափանցիկ, հստակ եւ բաց:

Եթե չգիտես անգլերեն, քեզ հասանելի չէ «Ինտերնետ միության քաղաքականությունը

«Ինտերնետ միության» գործունեությանը, նպատակներին եւ վարած քաղաքականությանը ծանոթանալու համար անհրաժեշտ է Ինտերնետում հավաքել www.isoc.am հասցեն: Այստեղ միայն անգլերենով նշված է, որ «շահույթ չհետապնդող հասարակական կազմակերպությունը միավորում է Ինտերնետ օգտագործողներին: Ըստ էության, այն տեղական Ինտերնետ համայնքն է, որի անդամները ներկայացնում են Ինտերնետ մատակարարող կազմակերպությունները, դպրոցական, համալսարանական ինտերնետային ցանցերը, ինչպես նաեւ` կառավարությունը: Վերջինս ներկայացնում է միության փոխնախագահ Գրիգոր Սաղյանը»: Էջում նաեեւ կարդում ենք, որ am տիրույթում ենթատիրույթների համար ներկայացված անունների դիմումները կարող են մերժվել, եթե դրանք «չափազանց ընդհանուր են» (չկա բացատրություն, թե որոնք են այդ անունները), լայնորեն օգտագործվող ապրանքանիշերը կտրվեն միայն դրանց սեփականատերերին ( բայց, օրինակ, cocacola.am-ը պատկանում է մի կորեացու, որը, ոչ մի կապ չունի հայտնի Կոկա-կոլա ընկերության հետ, համենայնդեպս էջում նման տեղեկություն չկա): Նշվում է նաեւ, որ կարող են մերժվել աշխարհագրական անունները, ընդհանուր տերմինները, երկրների ինտերնետային կոդերը, հայտնի հապավումները: «Չնայած, եթե որոշ հանգամանքներում, երբ դիմորդը ներկայացնում է համապատասխան փաստաթղթեր այն մասին, որ նա իրավունք ունի այդ անունը ձեռք բերել, մենք կարող ենք գրանցել այն»,- կարդում ենք էջում: Բավականին ընդհանուր այս ձեւակերպումը չի ապահովում կազմակերպության քաղաքականության հստակ լինելը: Ե`վ միության փոխնախագահը, ե՜ւ մյուս մասնագետները, որոնց հետ զրուցեցինք, չկարողացան սահմանել «ընդհանուր տերմիններ» հասկացությունը եւ պատասխանել, թե ո՞ր բառերն են այս ցուցակի մեջ ընդգրկել: «Շատ բարդ է այդ սահմանը գտնել, ըստ էության, բոլոր անուններն էլ ընդհանուր տերմիններ են»,- ասաց միության փոխնագահ Ալբերտ Տոնեյանը: «Այո`, «սեղան» բառն էլ ընդհանուր տերմին է, պարզապես այս անունը մենք հանգիստ կտրամադրենք, բայց օրինակ «հեռախոս» բառը գուցե չգրանցենք,- մեկնաբանեց «Ինտերնետ միության» նախագահ Իգոր Մկրտումյանը: Նրանից իմացանք, որ այս սահմանափակումները տարածվում են միայն անգլերեն լեզվի վրա: Եթե ցանկանաք լատինատառ գրանցել «հեռախոս» անունը, ձեզ չեն մերժի, բայց þþtelephoneþþ կամ þþphoneþþ անունները հնարավոր է` մերժվեն: Մեր զրույցների արդյունքում չպարզվեց նաեւ, թե որո՞նք կարող են լինել «համապատասխան» փաստաթղթերը եւ այդ «որոշ հանգամանքները»: Եղան ոչ միանշանակ պատասխաններ, սակայն դրանց մասին դիմորդը նույնպես չի կարող իմանալ միության ինտերնետային էջից: Որոշողը միության խորհուրդն է: Հաճախ` միայն նախագահը:

Ամեն ինչ որոշում է խորհուրդը

Սկզբում անունների գրանցման հետ կապված բավական շատ պրոբլեմներ կային: Հիմնականում այդ հարցը կարգավորվում էր միանձնյա` նախագահի կողմից: Նա էր որոշում տվյալ անունը տրամադրե՞լ, մերժե՞լ, թե՞ դնել խորհրդի քննարկմանը: Քննարկման ընթացքում պարզապես յուրաքանչյուր անդամ իր կարծիքն է հայտնում, եւ չկա մշակված որեւէ ուղեցույց կամ որոշում, համաձայն որի կարելի լիներ առաջնորդվել: Դիմորդները նույնպես չեն կարող իմանալ, թե ի՞նչ հիմնավորմամբ իրենց ներկայացված անունը «ընդհանուր տերմիններ»-ի մեջ է հայտնվել եւ մերժվել: Մերժման պատասխանում գրվում է, որ խորհուրդը որոշել է չգրանցել հայտը: «Ինտերնետ միության» նախագահի խոսքերով` կազմակերպությունը պետական նշանակություն ունեցող կամ հանրաճանաչ ապրանքանիշերը չի տրամադրում մասնավոր անձանց կամ կազմակերպություններին: «Իհարկե, Ինտերնետում am տիրույթը ներկայացնում է Հայաստանը: Կարծում եմ, որ որոշ անուններ ազգային, պետական արժեքներ են, եւ պետք է շատ խնայողաբար օգտագործել դրանք: Վերջերս խորհուրդն արդեն հաստատել է անունների ցուցակ, որոնք չեն գրանցվում: Կարծում ենք, որ կառավարությունը հասունանալով այդ անունները կվերցնի: Եթե ոչ մի սահմանափակում չլինի, ապա վաղն արդեն am տիրույթի բոլոր անուններն զբաղված կլինեն արտասահմանցիների կողմից, եւ ազգային նպատակների համար ոչինչ չի մնա»,- ավելացնում է Իգոր Մկրտումյանը: Խոսքից գործին անցնելը մի քայլ է: Հեշտ է խոսել կամ որոշումներ ընդունել, բայց իրականում դրանք չեն պահպանվում: Այսպես.

Մինչեւ 2000 թվականը am տիրույթում անունները գրանցում էր «Ինտերնետ միությունը»: Իգոր Մկրտումյանն ասաց, որ am տիրույթում մինչ այժմ գրանցվել է մոտ 1300 ենթատիրույթ: Սակայն բավականին հեշտ է ստուգել այս տվյալը հենց համակարգչում: Յունիքս օպերացիոն համակարգում գրում եք host - l am, եւ էկրանին հայտնվում են am տիրույթում գրանցված բոլոր անունները: Կարող եք հաշվել` դրանք շուրջ 2500-ն են: Միության ինտերնետային էջը ( www.isoc.am , այնուհետեւ AMNIC տողը) հնարավորություն է տալիս իմանալ այդ անունների պատկանելիությունը: Մենք ստուգեցինք դուրս հանված բոլոր 2500 am ենթատիրույթները, եւ վստահելով «Ով է» (Who is) բաժնի տրամադրած տեղեկությանը` փաստենք, որ անունների մեծ մասը գրանցվել է մինչ 2000 թվականը, այսինքն` միության կողմից: Դրանց գերակշիռ մասը պատկանում է արտասահմանցիներին, եւ հիմնականում խախտվել է անունների տրամադրման քաղաքականությունը:

Օրինակները բազմաթիվ են, բերենք ամենարտառոցները. Երկրների ինտերնետային կոդերով անուններ

am.am - (Հայաստանի կոդը)պատկանում է ճապոնացու, գրանցվել է 1999թ.-ին,

be.am - (Բելգիայի կոդը)- պատկանում է ճապոնացու, գրանցվել է 1999թ.-ին,

uk.am - (Մեծ Բրիտանիա) գրանցված է Կարլ Ջոնսոնի անունով:

us.am-ի տիրոջ մասին «Ով է» բաժինը մեզ տեղեկություն չի տալիս, եւ խնդրում է կապվել «Ինտերնետ միության» հետ: Միության նախագահը պարզաբանեց, որ այդ դեպքը, ինչպես նաեւ, երբ տեսնում ենք, որ շատ անուններ գրանցված են հենց միության անունով, նշանակում է, որ այդ անուններն ընդգրկվել են սահմանափակումների ցուցակում: Փաստորեն, þþam.amþþ կարելի է տալ ճապոնացու, իսկ þþus.amþþ-ը կամ þþamerica.amþþ-ը խստորեն պահպանվում են:

Ընդհանուր տերմիններ.

«Քրիեյթիվ Վիժիոնս» ամերիկյան կազմակերպությանն են պատկանում 300-ից ավելի ընդհանուր տերմիններով ենթատիրույթներ. ինչպես օրինակ` father.am, life.am, love.am, save.am, south.am, space.am, we.am, world.am եւ այլն: Տարբեր երկրների մասնավոր անձանց կամ կազմակերպություններին են նմանատիպ շատ անուններ: Հայերն էլ, իհարկե, մի փոքր բաժին ունեն այստեղ: Ոմն Վահան Քամալյանի անունով է գրանցված մոտ 15 ենթատիրույթ, օրինակ` porno.am, agriculture.am, models.am, fashion.am եւ այլն: Խոսենք նաեւ am տիրույթում գրանցված պոռնոգրաֆիկ էջերի մասին: Օրինակ` եթե ցանկանում ենք Ինտերնետում տեղեկություն ստանալ հայ աղջիկների մասին, ապա Ինտերնետից օգտվելու պարզ տրամաբանությունը հուշում է, որ պետք է գրենք www.girls.am հասցեն: Չզայրանաք, երբ ձեր առջեւ հայտնվի չեխերին պատկանող պոռնոէջ: www.cracks.am -ը կամ www.erotik.am նմանատիպ էջեր են: Եւ սրա համար «Ինտերնետ միությունը» չի կարող պատասխանատվություն կրել, քանի որ նա իրավասություն չունի ազդել ենթատիրույթների տերերի վրա:

Պետական եւ ազգային նշանակության անուններ.

ըստ Իգոր Մկրտումյանի այս անունները պետք է պահպանվեն, սակայն.

country.am (երկիր)- պատկանում է ամերիկացի Քեվին Սթաֆին, գրանցվել է 2000թվ.-ին, invest.am, tax.am, value.am`Քրիեյթիվ Վիժիոնս, diaspora.am` Վահան Քամալյան, masis.am` Տիգրան Նազարյան, hayastan.am` Արմեն Հովհաննիսյան, art.am` ամերիկյան կազմակերպություն, system.am` Կարեն Գրիգորյան եւ այլն: Ընդ որում, արտասահմանցիների am ենթատիրույթների մեծ մասը արդեն վաճառքի է հանված 300-ից մինչեւ 18.000 դոլարներով:

Իհարկե, կարելի է ընդունել նաեւ շատերի բացատրությունը, թե ոչ մի սարսափելի բան էլ չկա, ամբողջ աշխարհում այսպես է: Փոխնախագահ Ալբերտ Տոնեյանը, խորհրդի անդամ Կոլյա Հովհաննիսյանն այն կարծիքին են, որ անունների տրամադրման համար ընդհանրապես ոչ մի սահմանափակում չպետք է լինի: Միջազգային շատ կազմակերպություններ գործում են «ով առաջինը դիմի, նա էլ կստանա» սկզբունքով: Օրինակ, microsoft.ru տիրույթը Մայքրոսոֆթ ընկերությանը չէ: Ոչ վաղ անցյալում էջում տեղադրված էին այս ընկերության ծաղրանկարները: Այսօր նաեւ երկրների կոդերը կորցնում են իրենց նշանակությունը: Այսինքն` նախապատվությունը տրվում է այն տիրույթներին, որոնք այդ կազմակերպության գործունեության ոլորտն են ցույց տալիս, ինչպես օրինակ` com-ը` կոմերցիոն կազմակերպությունները, net` ցանցային, edu` կրթական եւ այլն: Պատճառն հետեւյալն է. «Հիմա արդեն աշխարհում այն մտայնությունը կա, որ երկրի կոդով այդ կազմակերպությունը փոքր, տեղական մի բան է, միջազգային ճանաչում չունի: Բայց այս տրամաբանությունը գլոբալացման տրամաբանություն է: Ամեն մի փոքր հասարակություն պետք է որոշ իմաստով դիմակայի սրան` պահպանելու համար իրենը անհսկելի, անկառավարելի համաշխարհային սարդոստայնում»,- այս կարծիքին է «Տեղեկատվական տեխնոլոգիաների հիմնադրամի» նախագահ Հրաչ Բայադյանը: Եւ «Ինտերնետ միությունը» սահմանել է անունների տրամադրման քաղաքականություն, որը, սակայն, խախտվում է, երբ ձեռնտու է:

Ենթատիրույթների տրամադրումը շահութաբեր է

Անունների գրանցումը վճարովի է: am տիրույթում անունների տրամադրման սակագները որոշում է «Ինտերնետ միությունը»: Մինչեւ 2000թ.-ը բոլոր անունների համար տրվող գումարներն անցնում էին միությանը: Սկզբում անունները տրամադրվում էին անժամկետ, եւ դիմորդները վճարում էին մեկ անգամ` գրանցվելիս: Հետագայում խորհուրդը որոշեց փոխել գնային քաղաքականությունը: Այժմ ենթատիրույթ ունենալու համար պետք է վճարել. առաջին երկու տարվա համար արտասահմանցիները` 250 ԱՄՆ դոլար, տեղացիները` 60: Դրանից հետո յուրաքանչյուր տարվա համար պետք է վճարել համապատասխանաբար` 50 եւ 24 ամերիկյան դոլար : «Խորհուրդը քննում է միության տարեկան բյուջեն, հաշվարկում նախատեսվող ծախսերը եւ դրանք հոգալու համար սահմանում անունների տրամադրման գները: Եթե կառավարությանը հետաքրքրի մեր վարած գնային քաղաքականությունը, նա պետք է դիմի մեզ, մենք ներկայացնենք մեր ծախսերը, եւ կորոշի ընդունելի են սահմանված գները, թե` ոչ: Մինչ այժմ չեն դիմել»,- ասում է Իգոր Մկրտումյանը: Եւ արդյո՞ք գնային այս մեծ տարբերությունը չէ պատճառը, որ շատ անուններ մերժվում են տեղացիների համար, իսկ արտասահմանցիներին հանգիստ տրամադրվում են, քանի որ առավել շահեկան է անվան դիմաց ստանալ 250, քան 60 ամերիկյան դոլար: Այստեղ է ահա օգնության գալիս միության սահմանած անունների տրամադրման կարգը, եւ տեղացիների հայտերի մերժումները հիմնավորվում են, օրինակ` ձեր ընտրած անունը «ընդհանուր տերմին է», պատասխանով:

Հասարակական կազմակերպությունը շահույթ չի կարող հետապնդել: Իսկ «Ինտերնետ միություն» ՀԿ-ն 1994թ.-ից մինչեւ 2000թ.-ը am տիրույթում անուններ է տրամադրել եւ դրանց դիմաց վճար գանձել` իր համար շահույթ ապահովելով: Այսպես.

«Տիրույթների համար գանձվող գումարները ձեւակերպվում էին որպես նվիրատվություն կամ անդամավճար միությանը, որոնցով միությունն իր ընթացիկ ծախսերն էր հոգում` գործուղումներ, միջազգային կազմակերպություններին տրվող անդամավճարներ»,- բացատրում է միության նախագահը: Սակայն, նվիրատվություն բառը ենթադրում է, որ տիրույթը կստանաք անվճար եւ կամավոր կարող եք դրա դիմաց նվեր տալ: Իսկ անդամավճարի դեպքում. միության կանոնադրության մեջ նշված չէ, որ am տիրույթում անուններ ունեցող բոլոր անձինք կամ առավել եւս կազմակերպությունները, քանի որ գործող օրենքի համաձայն`հասարակական կազմակերպության անդամ չեն կարող լինել այլ կազմակերպությունները, ինքնըստինքյան դառնում են միության անդամ: Նաեւ նշենք, որ միության սահմանված անդամավճարը տարեկան 5000 դրամ է եւ ոչ` 60 կամ առավել եւս` 250 ամերիկյան դոլար:

2000 թվականից խորհրդի որոշմամբ am տիրույթում անունների գրանցման իրավունքը տրվեց ինտերնետ ծառայություններ մատակարարող երեք կազմակերպության («Արմինկո», «Վեբ» եւ «Ինֆոկոմ» ՍՊԸ-ներին): ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 51-րդ հոդվածի 4-րդ ենթակետը սահմանում է, որ` « ոչ առեւտրային կազմակերպությունները կարող են ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել միայն այն դեպքերում, երբ դա ծառայում է այն նպատակների իրականացմանը, որոնց համար նրանք ստեղծվել են, եւ համապատասխանում է այդ նպատակներին»: Իսկ «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի հինգերորդ ենթակետը նշում է, որ «հասարակական կազմակերպությունն իրավունք ունի ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել իր կողմից հիմնադրված ձեռնարկությունների միջոցով»: Նշված երեք ընկերություններից եւ ոչ մեկն էլ չի հիմնվել «Ինտերնետ միության» կողմից, սակայն, փաստորեն, նրանք են հոգում միության բյուջեի ծախսերը: Նրանք վաճառում են ենթատիրույթները, վճարում պետական հարկերը եւ գումարի մի մասն էլ փոխանցում են «Ինտերնետ միությանը»` փոխանցված գումարը ձեւակերպելով որպես անդամավճար: Այստեղ էլ, փաստորեն խախտվում է օրենքի այն դրույթը, որ հասարակական կազմակերպության անդամ չեն կարող լինել այլ կազմակերպություններ:

Վաճառքի ժամանակ տեղացիների հետ կնքվում է պայմանագիր, իսկ արտասահմանցիների հետ` ոչ: «Դա էլ մեր ներքին որոշումն է, - ասում է «Վեբ» ՍՊԸ-ի փոխտնօրեն Ռուբեն Գեւորգյանը: Ես չեմ կարող արտասահմանցուն ստիպել, որ ինձ հետ պայմանագիր կնքի: Առավել եւս, այդ պայմանագիրը պետք է փոստով ուղարկել, ստանալ եւ այլն: Նրանք էլ չեն համաձայնի: Նա փող է փոխանցում, համաձայն է մեր բոլոր պայմաններին եւ վերջ: Փոխանցման բոլոր անդորրագրերը պահում ենք եւ մինչ այժմ հարկային մարմինների հետ խնդիր չենք ունեցել»: Պայմանագիր չկնքելը բավականին ձեռնտու տարբերակ է, երբ ցանկացած պահի կարելի է փոխել խաղի կանոնները: Ինչպես էլ եւ եղավ 2000-ին, երբ թե` տեղացիները, թե` արտասահմանցիները տեղեկացվեցին, որ am ենթատիրույթներն այլեւս նրանց անժամկետ չեն պատկանում, այսուհետ տիրույթի համար նրանք պետք է վճարեն ամեն տարի: Երաշխիք չկա, որ վաղը խորհուրդը չի որոշի ամսեկան գումարներ գանձել, քանի որ շատացել են միության նախատեսվող ծախսերը: Եվ ո՞վ կարող է դեմ կանգնել նման որոշմանը կամ վերահսկել այն:

Համաձայն «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի` «հասարակական կազմակերպության վերահսկողությունը իրականացնում են Արդարադատության նախարարությունը եւ օրենքով սահմանված դեպքերում` այլ իրավասու պետական մարմինները: Հասարակական կազմակերպությունը Սահմանադրությունը, օրենքները կամ իր կանոնադրությունը խախտելու դեպքում գրավոր նախազգուշացվում է արդարադատության նախարարության կողմից»: Ինչպես նշեց Իգոր Մկրտումյանը, մինչ այժմ պետական մարմնի հետ ոչ մի խնդիր չեն ունեցել: Ալբերտ Տոնեյանը, սակայն, չի բացառում որոշ խնդիրների երեւան գալը, հատկապես հարկային մարմինների հետ. «կարող էր պրոբլեմ լինել, եթե ստուգեին հենց «Ինտերնետ միությունը» եւ պարզվեր, որ «Վեբի» եւ «Արմինկոյի» գրանցած անունների ցուցակից դուրս կան այլ անուններ:

am տիրույթի տրամադրումը գործունեություն է, որն իրականացվում է Հայաստանի տարածքում եւ գոնե այդքանով այն պետք է ենթարկվի պետությանը: Ասենք` վերջինս պետք է սահմանի, թե ո՞վ իրավունք ունի ենթատիրույթներ վաճառել am տիրույթում: Ի՞նչ սակագներ պետք է գործեն: «Ինտերնետ միության» նախագահ Իգոր Մկրտումյանն էլ առաջարկում է. «Գուցե կառավարական մի հանձնաժողով կամ ոչ պաշտոնական, բայց կառավարության կողմից երաշխավորված մի մարմին ստեղծվի: Մենք մեծ սիրով կլսենք նրանց: Հիմա մենք ենք հուշում կառավարությանը, թե լավ կլիներ, որ նա հետեւեր այս գործընթացին»:

Միության փոխնախագահը դաձավ կառավարության անդամ

Տիրույթները տրամադրող միջազգային կազմակերպության պահանջներից մեկն էլ այն է, որ երկրի տիրույթը վարող կազմակերպության անդամը լինի նաեւ կառավարության ներկայացուցիչը: Իգոր Մկրտումյանը հպարտությամբ նշում է, որ վերջերս արդեն նրանք այս պահանջն էլ են բավարարել. միության փոխնախագահ Գրիգոր Սաղյանը նշանակվել է ՀՀ Կապի եւ տրանսպորտի նախարարության կապի եւ տեղեկատվայնացման վարչության պետի տեղակալ: «Մենք միշտ Գրիշայի հետ խորհրդակցում ենք: Համենայնդեպս, եթե նախարարությունը ինչ-որ հարցեր ունի, Գրիշայի միջոցով դիմում է մեզ»,- ասում է Իգոր Մկրտումյանը: Գրիգոր Սաղյանից փորձեցինք իմանալ, թե ինչպե՞ս է նա ներկայացնում կառավարությունը միությունում, եւ կառավարության կողմից ի՞նչ հարցեր են դրվում խորհրդի քննարկմանը: Սակայն` «Եթե ինձ ազատեք այդ հարցի շուրջ խոսելուց, ես շատ շնորհակալ կլինեմ»,- խնդրեց նա: Մեր հարցերի պատասխանները որոշեցինք գտնել «Ինտերնետ միության» փոխնախագահ, «Արմինկոյի» նախկին փոխտնօրեն Գրիգոր Սաղյանի պաշտոնավարման ընթացքում կատարած քայլերում:

Այս ժամանակահատվածում նրան առաջինը տեսնում ենք «Արմինկոյի» եւ «ԱրմենՏելի» համատեղ հիմնած նոր ընկերության մասին տեղեկացնող մամլո ասուլիսում: Ստեղծված ընկերությունը, ըստ էության, արդեն «Արմինկոյի» մենաշնորհի հաստատումն է Ինտերնետ ծառայությունների մատակարարման ասպարեզում: Կապի եւ տրանսպորտի նախարարությունն ամիսներ շարունակ հայտարարում է «ԱրմենՏելի» մենաշնորհի դեմ պայքարելու մասին, սակայն նախարարության կապի եւ տեղեկատվայնացման վարչության պետի տեղակալը աջակցում է նոր մենաշնորհի հաստատմանը:

Երկրորդ անգամ Գրիգոր Սաղյանը ներկայանում է «Արմինկոյի» եւ Կապի եւ տրանսպորտի նախարարության համատեղ կազմակերպած մամլո ասուլիսում: Այստեղ մեծ ոգեւորությամբ պաշտպանվում է «ԱրմենՏելի» մենաշնորհային իրավունքը: Հայտարարվում է, որ նախարարությունը պատրաստվում է զրկել արտոնագրից Հայ համակարգչային կենտրոնին , քանի որ այն Ինտերնետ ծառայություն է մատակարարում` այլ կապուղիներ օգտագործելով: «Արմինկոյի» տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը բերում է թվեր, որոնք ցույց են տալիս Հայ համակարգչային կենտրոնի նման քայլով` «Արմինկոյին» հասցրած վնասի չափը:

Եվ այստեղ պարզ է դառնում Իգոր Մկրտումյանի ոգեւորության իրական պատճառը: Արմինկոյի շահերը այսպես հետեւողականորեն պաշտպանող պետական պաշտոնյա Գրիգոր Սաղյանը, ըստ էության, նաեւ միությանն էլ է օժանդակում: Խորհուրդը, որն իրավասու է մշակել am տիրույթի ողջ բովանդակային եւ ֆինանսական քաղաքականությունը, բաղկացած է 18 անդամից, որոնցից 4 ակտիվ եւ որոշիչ ձայն ունեցողներն Արմինկոյի ներկայիս կամ նախկին աշխատակիցներն են. Անդրանիկ Ալեքսանյան- միության տնօրեն, Դադիվանյան Հրանտ - մենեջեր, Գրիգոր Սաղյան- փոխնախագահ, Վահե Գանապետյան- խորհրդի անդամ (տես` www.isoc.am , ISOC.AM council ): Ինչպես նաեւ «Ինտերնետ միության» 45 անդամներից 13-ը ներկայացնում են «Արմինկոն»: Առանց «Արմինկոյի» միությունը չի էլ կարող գոյատեւել: Տիրույթների անունների վաճառքի մեծ մասն իրականացնում է «Արմինկոն», հատկապես արտասահմանցիների հետ գործարքները, որոնք միությանը ապահովում են մեծ գումարների հոսք: Այդ իսկ պատճառով կարելի է ներել, չնկատել կամ համարել «բացթողում», երբ անունների տրամադրման սահմանված քաղաքականությունը խախտվի «Արմինկոյի» կողմից: Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ «Արմինկոն» միակ հայկական կազմակերպությունն է, որ am տիրույթում ունի 39 անուն, ընդ որում քաղաքականության համաձայն, դրանք կարելի է համարել «ընդհանուր տերմիննր»: Օրինակ` advertising.am(գովազդ), host.am, networks.am, inet.am, design.am, tucows.am, metropol.am եւ այլն: Իգոր Մկրտումյանը հաստատեց, որ այդ բոլոր անունները «ընդհանուր տերմիններ» են, սակայն հարցին, թե ինչու՞ են դրանք տրամադրվել Արմինկոյին, կամ ի՞նչ համապատասխան փաստաթղթեր եւ ու՞մ է «Արմինկոն» ներկայացրել, նա մեղմ ժպտաց եւ պատասխանեց` «Այո, եղել են բացթողումներ»: Նշենք, որ դժվար է դրանք անցյալի վրիպումներ համարել, քանի որ «Արմինկոյին» պատկանող այս ենթատիրույթների մեծ մասը 2001 թ.-ին է գրանցվել: Հատկապես þþmetropolþþ անվանը տիրանալը բավականին շահութաբեր կարող է լինել: Երեւանի Մետրոպոլ հյուրանոցը դժվար թե կարողանա իր անվամբ տիրույթ գրանցել օրինակ com կամ ru տիրույթներում: Այդ անունները զբաղված են: Եվ Արմինկոն metropol.am-ը իր ուզած գնով կվաճառի Երեւանի Մետրոպոլ հյուրանոցին:

«Մի բան նվիրենք այս պետությանը, նոր պահանջենք»

Այսօր հայաստանյան Ինտերնետ համայնքը ներկայացնող շատ կազմակերպություններ ոլորտում առկա բացթողումների հիմնական մեղավոր են ճանաչում կառավարությանը: «Եւ ինչու՞ մենք պետք է անունների սահմանափակումներ ունենանք,- ասում է «Վեբ» ընկերության փոխտնօրեն Ռուբեն Գեւորգյանը,- թող կառավարությունը այնքան խելացի լինի, որ հասկանա դրա կարեւորությունը: Չի արել, թող տուժվի»: Հրաչ Բայադյանն ավելացնում է, որ եթե կառավարությունն ամենեւին չի հետաքրքրվել am տիրույթի ղեկավարման եւ անունների տրամադրման հարցով, ապա այս դեպքում նույնպես «ինչպես շատ պետական եւ ազգային նշանակության արժեքների հետ, մեղմ ասած, անփույթ է վարվել»: Շատերն էլ մեղադրում են կառավարությանը` ոլորտում հարկային բարձր գներ սահմանելու, արտոնագրման եւ այլ պատճառներով:

«Չպետք է միանշանակ մեղադրել կառավարությանը,- ասում է «Համահայկական ցանց» (www.panarmenian.net) հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Ազարյանը: « Ինտերնետը ինֆորմացիայի փոխանակման ամենամատչելի միջոցն է այսօր, եւ պետությունը պետք է հստակ մշակած քաղաքականություն ունենա Ինտերնետում ներկայանալու համար: Չունենք, բայց դա չի նշանակում, որ անձերը կամ կազմակերպությունները պետք է օգտվեն դրանից եւ վաճառեն ազգային արժեքները: Հենց այսօր է կարեւորվում Ինտերնետ համայնքը ներկայացնող մասնագետների դերը: Եթե որոշել ենք այս երկրում մնալ եւ այստեղ աշխատել, ուրեմն նախեւառաջ մենք պետք է շահագրգռված լինենք ինչ-որ բան դեպի լավը փոխելու, անկախ կառավարությունից»:

Իսկ «Ինտերնետ միությունը» շարունակում է ղեկավարել am տիրույթը` ինքնույն սահմանելով ենթատիրույթների տրամադրման թե՜ բովանդակային եւ թե՜ գնային քաղաքականությունը, որը ծառայում է միայն միության շահերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter