HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ֆրանսիան համաձայնել է Հայաստանի հետ ռազմատեխնիկական գործընկերությանը. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Հոկտեմբերի 3-ին Հայաստան էր այցելել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան։ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո նրանք հանդես են եկել մամուլի ասուլիսով, որի ընթացքում ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը հայտարարել է, որ Ֆրանսիան իր համաձայնությունն է տվել ապագա պայմանագրի կնքման համար, որը ՀՀ–ին ռազմական տեխնիկա տրամադրելու հնարավորություն կտա։

«Ուզում եմ հստակ ասել, որ Ֆրանսիան իր համաձայնությունն է տվել ՀՀ-ի հետ ապագա պայմանագրի կնքմանը, որը հնարավորություն կտա ռազմական տեխնիկա տրամադրել ՀՀ-ին, որպեսզի Հայաստանը կարողանա պաշտպանել իրեն: Առայժմ չեմ կարող այլ մանրամասներ հայտնել»,- նշել է ֆրանսիացի նախարարը։

Խոսելով ՀՀ տարածքային ամբողջականության մասին՝ Կատրին Կոլոնան նշել է, որ իր այս այցը Հայաստան հերթական ձևն է` ցույց տալու, որ Ֆրանսիան զգոն է լինելու ցանկացած սպառնալիքի, ցանկացած մտքի դեմ, որը նկրտում է ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ: «Ֆրանսիան շատ զգոն կլինի բարեկամ երկրի` Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքների նկատմամբ: Մենք խոսել ենք ՀՀ վարչապետի հետ. ուղիղ մեկ տարի առաջ Ֆրանսիայի նախագահը Պրահայում հանդիպում ունեցավ վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի հետ, դրա արդյունքը կարելի է ասել հիմքն է, որ ծառայեց մեր հետագա ջանքերին, արդյունքներից մեկը փոխադարձ տարածքային ամբողջականության ընդունումն էր Ալմաթիի հռչակագրի հիման վրա: Կարծում եմ` սա կարևոր առաջընթաց է, որը պետք է պահպանել և առաջ գնալ»,- հայտարարել է Կոլոնան։

Անդրադառնալով Արցախի հայաթափման հանգամանքին, Կոլոնան ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչների ինքնակամ հեռանալու մասին սուտը ոչ մեկին չի բավարարում։ 

«Ես ուզում եմ դա կրկնել, քանի որ մենք բազմիցս տարբեր խոսքեր ենք լսել Ադրբեջանից և Ռուսաստանից, որոնք բացատրում էին, որ խոսքը կամավոր հեռանալու մասին է։ Ոչ, սրանք կամավոր մեկնումներ չեն։ Սրանք հարկադիր մեկնումներ են։ Այս մեկնումներից ոչ մեկը կամավոր չի եղել։

Սա ընտրություն է, որն արվել է ուժի կիրառման սպառնալիքի տակ։ Այս մասին ես արդեն խոսել եմ և ուզում եմ կրկնել, որ այս սուտը ոչ մեկին չի բավարարում»,- ընդգծել է նախարարը՝ հավելելով, որ տեղի ունեցածը միջազգային իրավունքի ակնհայտ խախտում է։ 

Ըստ նրա՝ Ղարաբաղի բնակիչները լքել են իրենց հողերը Ռուսաստանի մասնակցությամբ՝ Ադրբեջանի գործողությունների պատճառով։ «Երկու շաբաթվա ընթացքում դուք Լեռնային Ղարաբաղից ընդունեցիք ավելի քան 100.000 բնակիչների, ովքեր ստիպված էին լքել իրենց պատմական հողերը՝ Ռուսաստանի մասնակցությամբ՝ Ադրբեջանի ռազմական գործողությունների պատճառով, պետք է նաև հիշեցնել՝ 9 ամիս ապօրինի շրջափակումից հետո։ Ապօրինի, քանի որ բոլորս կարող ենք հիշել, որ Արդարադատության միջազգային դատարանը պահանջել էր, որ այս տարածքը բացվի փետրվարին։

Պարոն նախարար, ես ուզում եմ կրկնել, թե որքան հույզեր է առաջացնում այս իրավիճակը Ֆրանսիայում, ինչպես նաև հիացմունք հայերի արժանապատվության հանդեպ՝ նրանց հյուրընկալության, նրանց տոկունության, նրանց ուժի և հավատարմության՝ այն ժողովրդավարական արժեքների հանդեպ, որոնք մենք կիսում ենք»,- շարունակել է ֆրանսիական դիվանագիտության ղեկավարը:

Կատրին Կոլոնան նաև ասել է, որ գրավոր դիմել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելին` ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը ընդլայնելու, դրա մանդատը հզորացնելու խնդրանքով։ «Առաջարկել եմ նաև Հայաստանին ներառել «Խաղաղության եվրոպական մեխանիզմի» մեջ, ինչպես, օրինակ, դա իրականացվում է Մոլդովայի համար: Մեր նպատակն է, որ ԵՄ-ն և դրա անդամները սկսեն նույնպիսի հստակ ազդակներ ցույց տալ, ինչպես Ֆրանսիան է ցույց տալիս ՀՀ տարածքային ամբողջականության հետ կապված: Ցանկացած գործողություն, որ կսպառնա ՀՀ տարածքային ամբողջականությանը, շատ հստակ և կոշտ արձագանքի կարժանանա, հուսով եմ` կարող ենք հույս դնել նաև այլ գործընկերների վրա, մասնավորապես՝ խոսքս ԱՄՆ-ի մասին է»,- հավելել է նա:

Կատրին Կոլոնան անդրադարձել է նաև Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացմանը։ «Ցանկանում եմ ողջունել Հայաստանի Ազգային ժողովի կողմից Հռոմի ստատուտի հետ կապված որոշման ընդունումը, որը թույլ է տալիս Հայաստանին դառնալ Միջազգային քրեական դատարանի մաս։ Մյուս նշանների հետ մեկտեղ սա նույնպես շատ կարևոր նշան է, որը ցույց է տալիս, որ Հայաստանը վճռականորեն գնում է դեպի ժողովրդավարություն և խաղաղություն, քանի որ չկա խաղաղություն առանց արդարության։ Հայաստանին Ֆրանսիայի կապվածությունը շատ դարերի պատմություն ունի: Մեր երկու ժողովուրդներին կապում է խորը բարեկամությունը, և Ֆրանսիան հպարտ է, որ Հայաստանի բարեկամն է և կարողացել է երկարաժամկետ աջակցություն ցուցաբերել Հայաստանին ու հայերին»,- եզրափակել է նա։

Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter