
Եվրոպական խորհրդարանը Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու կոչով բանաձև է ընդունել
Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ ընդունվել է «ԵՄ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վերանայման ու Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետ կապված պատժամիջոցների սահմանման անհրաժեշտության մասին» բանաձևը: Փաստաթղթին աջակցել է 491 պատգամավոր, դեմ հանդես եկել 9-ը։ Եվս 36 պատգամավոր էլ ձեռնպահ է մնացել։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը եղել է «անհիմն և նախապես պլանավորված»։ Խորհրդարանականների կարծիքով՝ տեղի ունեցածը հանդիսանում է միջազգային իրավունքի ու մարդու իրավունքների կոպիտ խախտում։ Նրանք Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածային դուրս գալն անվանել են էթնիկ զտում։
«Եվրոպական խորհրդարանը կոչ է անում ամբողջությամբ վերանայել Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունները՝ հաշվի առնելով վերջին իրադարձությունները և այդ երկրում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վատթարացումը»,- նշվում է բանաձևում։
Խորհրդարանի պատգամավորները Եվրոպական հանձնաժողովից պահանջում են շտապ վերանայել էներգետիկայի ոլորտում Բաքվի հետ ռազմավարական գործընկերությունը՝ Ադրբեջանի կողմից միջազգային պարտավորությունները խախտելու համար:
Մասնավորապես, եվրոպացի պատգամավորներն առաջարկում են, Հայաստանի դեմ ռազմական ագրեսիայի կամ հիբրիդային հարձակումների դեպքում, նվազեցնել ադրբեջանական գազի և նավթի ներկրումից կախվածությունը ու ամբողջությամբ հրաժարվել այդ մատակարարումներից։
Եվրոպական խորհրդարանի անդամները նաև կոչ են անում դադարեցնել ԵՄ-ի հետ գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները, մինչև «Ադրբեջանը ցույց տա, որ իսկապես պատրաստ է հարգել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգության խնդիրները»։ Բանաձևում եվրոպացի պատգամավորները նաև հանդես են եկել վիզային ռեժիմի պարզեցումից հրաժարվելու և որոշ ոլորտներում համագործակցության մակարդակն իջեցնելու օգտին՝ ադրբեջանական իշխանությունների կողմից ԵԽ պատգամավորների հասցեին անընդունելի մեկնաբանությունների և սպառնալիքների լույսի ներքո:
Բացի վերը նշված միջոցառումներից, խորհրդարանականները կոչ են անում ԵՄ-ին և անդամ երկրներին անհատական պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի կառավարության անդամների նկատմամբ, որոնք պատասխանատու են Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի և մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների համար: Միաժամանակ, նրանք կոչ են անում անհապաղ անհրաժեշտ օգնություն առաջարկել Հայաստանին՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ներհոսքի և դրան հետեւած հումանիտար ճգնաժամի հաղթահարման համար։
Լուսանկարը՝ Եվրոպական խորհրդարանի մամուլի ծառայության
Մեկնաբանել