HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայաստանը չի դադարում լինել Ռուսաստանի դաշնակիցը. Պուտին

Ռուսաստանը պատրաստ է մարդասիրական աջակցություն ցուցաբերել հայերին, ընդ որում՝ Հայաստանը մնում է ՌԴ դաշնակից երկիր։ Այդ մասին «Վալդայ» ակումբի հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Մենք պատրաստ ենք (օգնություն-խմբ.) ցուցաբերել, Հայաստանը չի դադարում լինել մեր դաշնակիցը։ Եթե այնտեղ կան հումանիտար հարցեր, իսկ դրանք կան, մենք, իհարկե, պատրաստ ենք քննարկել և աջակցել այդ մարդկանց։ Դա ինքնին հասկանալի է»,- ասել է ՌԴ նախագահը։

Պուտինն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի հայաթափմանն ու ղարաբաղյան հիմնախնդրի պատմությանը՝ նշելով, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը առանցքային հարց էր, բայց Հայաստանն ինքը ճանաչեց այն որպես Ադրբեջանի մաս։ 

«2022 թվականի աշնանը Պրահայում պարոն Միշելի, այնուհետև Ֆրանսիայի նախագահ Մակրոնի ու Գերմանիայի կանցլեր պարոն Շոլցի հովանավորությամբ հավաքվեցին նաև Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները։ Եվ այնտեղ ստորագրել են հայտարարություն, որից բխում է, որ Հայաստանը Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի Հանրապետության մաս։ Ավելին, պատվիրակության ղեկավարները, Հայաստանի ղեկավարները քառակուսի կիլոմետրերով ուղղակիորեն նշել են Ադրբեջանի տարածքը, որի մեջ, անշուշտ, մտնում է նաև Ղարաբաղը։ Եվ ընդգծել են, որ իրենք ճանաչում են Ադրբեջանի ինքնիշխանությունը Ադրբեջանական ԽՍՀ-ի շրջանակներում, որը ժամանակին ԽՍՀՄ-ի մաս էր կազմում։ Իսկ ինչպես հայտնի է, Ադրբեջանական ԽՍՀ կազմի մեջ էր մտնում նաև Ղարաբաղը։ Ըստ էության, լուծվեց գլխավոր, բացարձակապես առանցքային հարցը, որը Ղարաբաղի կարգավիճակն էր»,- հայտարարել է Պուտինը։ 

Նրա խոսքով՝ Ղարաբաղում վերջին իրադարձությունները Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հետևանքն էին։ «Ղարաբաղը պաշտոնապես անցել է Ադրբեջանի կազմ, այսպիսին է ժամանակակից հայկական պետության դիրքորոշումը։ Դե, բա մենք ի՞նչ անենք: Այն ամենը, ինչ տեղի էր ունենում ոչ վաղ անցյալում՝ 2-3 շաբաթ առաջ, և Լաչինի միջանցքի փակումը և այլն, այդ ամենն անխուսափելի էր Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի ինքնիշխանության ճանաչումից հետո: Դա միայն ժամանակի հարց էր. երբ և ինչ եղանակով Ադրբեջանը այնտեղ սահմանադրական կարգ կհաստատի՝ ադրբեջանական պետության սահմանադրության շրջանակներում»,- հավելել է Ռուսաստանի առաջնորդը։

Նրա խոսքով՝ Ալիևն իրեն խոստացել է, որ Լեռնային Ղարաբաղում «կապահովի հայ բնակչության անվտանգությունը»։ «Ես, ինչպես գիտեք, խոսել եմ նախագահ Ալիևի հետ։ Բայց մենք նախկինում էլ էինք խոսում, և նա ինձ անընդհատ հավաստիացնում էր, որ ինչ էլ որ լինի, նա կապահովի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքները։ Իսկ հիմա այնտեղ հայեր չեն մնացել, բոլորը գնացել են։ Գուցե 1-1, 5 հազար մարդ»,- ասել է Պուտինը։ 

Նա հավելել է, որ Ադրբեջանի նախագահն իրեն առաջարկել է երկկողմ հիմունքներով պայմանավորվել խաղաղապահների կարգավիճակի հարցի շուրջ, իսկ Նիկոլ Փաշինյանը դա հաստատել է։

«Ճանաչելով Ղարաբաղի կարգավիճակը՝ որպես Ադրբեջանի մաս, Հայաստանը որակական փոփոխություններ է կատարել իր դիրքորոշման մեջ։ Դրանից հետո հանդիպումներից մեկի ժամանակ ինձ մոտեցավ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ասաց. «Ահա տեսնում եք, որ բոլորը ճանաչեցին, որ Ղարաբաղը մերն է։ Ձեր խաղաղապահներն այնտեղ մեր տարածքում են»։ Նույնիսկ մեր խաղաղապահների կարգավիճակն անմիջապես որակական փոփոխությունների ենթարկվեց Ղարաբաղի՝ որպես Ադրբեջանի մաս ճանաչվելուց հետո։ Նա (Ալիևը-խմբ.) ասում է. «Ձեր զինվորականները գտնվում են մեր տարածքում, եկեք երկկողմ հիմունքներով հիմա պայմանավորվենք նրանց կարգավիճակի մասին»։

«Դե, իսկ վարչապետ Փաշինյանը հաստատեց. -Այո, դուք այժմ պետք է բանակցեք երկկողմ հիմունքներով»»,- շարունակել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահը խոսել է նաև ղարաբաղյան հակամարտության նախորդ բանակցությունների մասին՝ դարձյալ նշելով, որ ռուսական կողմը շուրջ 15 տարի Հայաստանին առաջարկել է շրջանների մի մասը հանձնել Ադրբեջանին։

«Այստեղ գաղտնիք չեմ բացահայտի։ Մենք վերջին 15 տարիների ընթացքում բազմիցս առաջարկել ենք մեր հայ ընկերներին փոխզիջումների գնալ, Ղարաբաղի հինգ շրջանը վերադարձնել Ադրբեջանին, երկուսը պահել և, հետևաբար, պահպանել Հայաստանի և Ղարաբաղի միջև տարածքային կապը։ Բայց մեր ղարաբաղցի ընկերները ամեն անգամ մեզ ասում էին. «Ոչ, դա մեզ համար որոշակի սպառնալիքներ կստեղծի»»,- նշել է նա։

Պուտինի խոսքով՝ իրենք պնդում էին, որ Ադրբեջանը զարգանում է, տնտեսությունը աճում է, այդ երկիրը նավթ և գազ արդյունահանող երկիր է՝ ավելի քան 10 միլիոն բնակչությամբ։ Իրենք առաջարկել են փոխզիջում գտնել, որոշումներ կայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում՝ «երաշխավորելով Հայաստանի և Ղարաբաղի միջև բնական կերպով ստեղծված Լաչինի միջանցքի անվտանգությունը և երաշխավորելով այս տարածքում ապրող հայերի անվտանգությունը։  Բայց ոչ, մեզ ասացին. «Ոչ, մենք չենք կարող սրան համաձայնել», իսկ դուք ի՞նչ եք անելու. «Մենք կպայքարենք»»,- հավելել է նա։

«Բանն, ի վերջո, հանգեցրեց զինված բախումների 2020 թվականին։ Այդ ժամանակ ես էլի առաջարկեցի մեր ընկերներին և գործընկերներին։ Ի դեպ, նախագահ Ալիևը, հավանաբար, ինձանից չի նեղանա, բայց ինչ-որ պահի պայմանավորվածություն ձեռք բերվեց այն մասին, որ ադրբեջանական զորքերը կանգ կառնեն։ Անկեղծ ասած, ես կարծում էի, որ հարցը լուծված է։ Զանգեցի Երևան և հանկարծ լսեցի. «Չէ, թող գնան Ղարաբաղի այն աննշան հատվածից, ուր հասել են ադրբեջանական զորքերը»... Ասում եմ՝ լավ, ի՞նչ եք անելու, էլի նույն արտահայտությունը՝ «կռվելու ենք»…Դե, լսեք, հիմա մի քանի օրից նրանք կհասնեն ձեր թիկունք՝ Աղդամի տարածքում գտնվող ձեր ամրությունները, և ամեն ինչ կավարտվի։ Դուք հասկանո՞ւմ եք։ Այո՛։ Իսկ դուք ի՞նչ եք անելու՝ «մենք կկռվենք»։ Լավ…։  Դե, ամեն ինչ ստացվեց այնպես, ինչպես ստացվեց: Ի վերջո, մենք, այնուամենայնիվ, պայմանավորվեցինք Ադրբեջանի հետ, որ Շուշիի գիծ և բուն Շուշի հասնելուց հետո ռազմական գործողությունները կդադարեցվեն։ Համապատասխան հայտարարություն ստորագրվեց 2020 թվականի նոյեմբերին՝ ռազմական գործողությունների դադարեցման և մեր խաղաղապահների տեղակայման մասին։ Եվ, ահա, հաջորդ շատ կարևոր կետը՝ մեր խաղաղապահների իրավական կարգավիճակը հիմնված էր բացառապես այս հայտարարության վրա։ Խաղաղապահերի որևէ կարգավիճակ այդպես էլ չի ստեղծվել։ Չեմ ասի, թե ինչու։ Ադրբեջանը համարում էր, որ դրա կարիքը չկա, բայց առանց Ադրբեջանի ստորագրելն անիմաստ էր։ Ուստի, կրկնում եմ, խաղաղապահների ողջ կարգավիճակը հիմնված էր բացառապես այս հայտարարության վրա։ Եվ խաղաղապահների իրավունքները միայն հրադադարի պահպանման մշտադիտարկման մեջ էին։ Այդքանը։ Այնտեղ խաղաղապահներն այլ իրավունքներ չունեին։ Այս անկայուն վիճակը որոշ ժամանակ շարունակվում էր»,- իր ելույթում ասել է Պուտինը։

Ռուսաստանի նախագահն անդրադարձել է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի այն հայտարարությանը, թե Ռուսաստանը դավաճանել է հայերին։ «Մեզ մոտ այսպիսի արտահայտություն կա՝ ում կովն էլ բառաչի, քոնը լավ կանի լռի... Դե, կով, ձի, միևնույն է, կենդանի՝ մի խոսքով»,- այդ հարցին ի պատասխան՝ նշել է նա։

Պուտինը խոսել է նաև Արցախի՝ Ադրբեջանի կողմից ձերբակալված առաջնորդների կարգավիճակի մասին։ «Հուսով եմ, որ ԼՂ նախկին ղեկավարների նկատմամբ, երբ Բաքվի համար տարածքային բնույթի բոլոր հարցերը լուծված լինեն, Ադրբեջանի ղեկավարությունը կգործի հումանիտար նկատառումներից ելնելով»։ Այն հարցին՝ կարո՞ղ է, արդյոք, Ռուսաստանն Ադրբեջանին գթասրտություն դրսևորելու կոչ անել, ՌԴ նախագահը պատասխանել է, որ Մոսկվան միշտ դա արել է և հիմա էլ դա անում է՝ հավելելով, որ Ռուբեն Վարդանյանն ինքն է հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից։

Լուսանկարը՝ Владимир Смирнов / ТАСС

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter