
Վլադիմիր Զելենսկին գրառում է արել Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ Գրանադայում եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել Է Անդրկովկասում անվտանգային իրավիճակը:
«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մեր առաջին հանդիպման ժամանակ մեր ուշադրությունը կենտրոնացրել ենք Հարավային Կովկասում անվտանգության իրավիճակի վրա։ Ուկրաինան շահագրգռված է տարածաշրջանի կայունությամբ և այնտեղ գտնվող երկրների հետ բարեկամական հարաբերություններով»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Ուկրաինայի առաջնորդը՝ հրապարակելով նաև Նիկոլ Փաշինյանի հետ լուսանկար։ Հանդիպումը տեղի է ունեցել գագաթնաժողովի աշխատանքային սրահում։
During our first-ever meeting, Armenian Prime Minister @NikolPashinyan and I focused on the security situation in the South Caucasus. Ukraine is interested in the region’s stability and friendly relations with its nations. We also discussed our bilateral cooperation and… pic.twitter.com/xtOB2XvXsl
— Volodymyr Zelenskyy / Володимир Зеленський (@ZelenskyyUa) October 5, 2023
Վլադիմիր Զելենսկին հավելել է, որ երկու երկրների առաջնորդները քննարկել են նաև Երևանի ու Կիևի երկկողմ համագործակցությունը։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին Հայաստանի վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, առաջին անգամ այցելել էր Կիև։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նա Ուկրաինային մարդասիրական օգնություն էր փոխանցել։ Այս այցը քննարկումների մեծ ալիք էր առաջացրել Հայաստանում և դրա սահմաններից դուրս։ Ոմանք նշում էին, որ սա կոնկրետ քաղաքականության փոփոխություն է Հայաստանի կողմից և հարված հայ-ռուսական հարաբերություններին։
Ինչպես նախօրեին հայտնել էր Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը, Իլհամ Ալիևը հեռախոսազրույց էր ունեցել Վլադիմիր Զելենսկիի հետ։ Ուշադրության կենտրոնում են եղել նաև տարածաշրջանային անվտանգության հարցերը։ Բացի այդ, Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ալիևին Բաքվից ստացած մարդասիրական օգնության համար։
Մեկնաբանել