HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մակրոնը, Շոլցը և Միշելը աջակցությունն են հայտնել Հայաստանի տարածքային ամբողջականությանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած հանդիպման արդյունքներով համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ եվրոպական առաջնորդներն իրենց անսասան աջակցությունն են հայտնել Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը։ Հայտարարությունը հրապարակվել է Եվրոպական խորհրդի պաշտոնական կայքում։ Հայերեն տեքստը՝ տարածված վարչապետի աշխատակազմի կողմից, ներկայացնում ենք ստորեւ։

«Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Գրանադայում հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ընդգծել են իրենց անսասան աջակցությունը Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը և սահմանների անձեռնմխելիությանը։

Նրանք նաև իրենց աջակցությունն են հայտնել ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդմանը բոլոր հարթություններում՝ ելնելով Հայաստանի Հանրապետության կարիքներից։ Նրանք համաձայնել են Հայաստանին հավելյալ մարդասիրական օգնություն տրամադրել, քանի որ նա բախվում է Ղարաբաղի հայերի վերջին զանգվածային տեղահանման հետևանքներին։

Նրանք ընդգծել են, որ այդ փախստականները պետք է ազատորեն օգտվեն իրենց տներ և բնակության վայրեր վերադառնալու իրավունքից՝ առանց որևէ պայմանների, միջազգային մոնիտորինգի ներքո և իրենց պատմության, մշակույթի և մարդու իրավունքների նկատմամբ պատշաճ հարգանքով։

Նրանք հավատարիմ են մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին՝ հիմնված միմյանց ինքնիշխանության, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության (Հայաստանի 29,800 քառակուսի կմ և Ադրբեջանի 86,600 քառակուսի կմ) փոխադարձ ճանաչման վրա, ինչպես նշված է նախագահ Միշելի 2023 թվականի մայիսի 14-ի և հուլիսի 15-ի հայտարարություններում։ Նրանք կոչ են արել խստորեն պահպանել ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը։

Նրանք ընդգծել են սահմանների սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով կողմերին տրամադրված ԽՍՀՄ Գլխավոր շտաբի ամենավերջին քարտեզների վրա, որոնք պետք է նաև հիմք հանդիսանան ուժերի հետքաշման, խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու և հումանիտար բոլոր խնդիրների լուծման համար։ Նրանք ավելի մեծ տարածաշրջանային համագործակցության և բոլոր սահմանների, այդ թվում՝ Հայաստանի և Թուրքիայի միջև բացման կոչ են արել։

Նրանք նաև երկրների ինքնիշխանության և իրավազորության լիակատար հարգման, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա հիմնված տարածաշրջանային կապերի բացման կոչ են արել։ Եվրոպացի առաջնորդները կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին և համագործակցել անհայտ կորածների ճակատագրին լուծում տալու և ականազերծման աշխատանքները հեշտացնելու ուղղությամբ»։

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter