HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Ղարաբաղի հարցով Բաքվի դեմ պատժամիջոցներ սահմանելը ներկայում անարդյունավետ կլինի». Էմանուել Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում առկա իրավիճակի պատճառով Ադրբեջանի դեմ պատժամիջոցների սահմանումը ներկայում արդյունավետ չի լինի:

«Հիմա պատժամիջոցների ժամանակը չէ։ Դրանք անարդյունավետ կլինեին և կխանգարեին լավագույնս պաշտպանել Հայաստանի տարածքը և նրա բնակչությունը։ Այժմ պահանջատիրության, հստակության, պարտավորությունների, մասնավորապես՝ Ֆրանսիայի ընտրած տարբերակի՝ ռազմական աջակցության ժամանակն է։ Բայց պատժամիջոցների ժամանակը չէ, քանի որ մենք պետք է շարունակենք երկխոսել Ադրբեջանի հետ»,- Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի III գագաթնաժողովի արդյունքների ամփոփման ժամանակ հայտարարել է Ֆրանսիայի առաջնորդը։

EN DIRECT | Conférence de presse du Président @EmmanuelMacron à l’issue du Sommet de la Communauté politique européenne. https://t.co/an0ipXqIIY

— Élysée (@Elysee) October 5, 2023

Նրա խոսքով՝ Ֆրանսիան ամեն ինչ անում է Հայաստանին աջակցելու համար, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության համար։ «Այժմ գլխավորը Ղարաբաղից ընտանիքների հետ կապված իրավիճակն է և սահմանի հարցը», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Մակրոնը՝ հավելելով, որ «անհրաժեշտ է աջակցել հայկական իշխանություններին՝ տարածաշրջանում որևէ ապակայունացումից խուսափելու համար»:

Հիշեցնենք, որ նախօրեին Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի ժամանակ ընդունվել էր «ԵՄ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների վերանայման ու Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետ կապված պատժամիջոցների սահմանման անհրաժեշտության մասին» բանաձևը: Փաստաթղթին աջակցել էր 491 պատգամավոր, դեմ հանդես եկել 9-ը։ 36 պատգամավոր էլ ձեռնպահ էր մնացել։

Հայտարարության մեջ ընդգծվում էր, որ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը եղել է «անհիմն և նախապես պլանավորված»։ Խորհրդարանականների կարծիքով՝ տեղի ունեցածը միջազգային իրավունքի ու մարդու իրավունքների կոպիտ խախտում է։ Նրանք Լեռնային Ղարաբաղից հայերի զանգվածաբար դուրս գալն անվանել են էթնիկ զտում։

«Եվրոպական խորհրդարանը կոչ է անում ամբողջությամբ վերանայել Ադրբեջանի հետ ԵՄ հարաբերությունները՝ հաշվի առնելով վերջին իրադարձությունները և այդ երկրում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի վատթարացումը»,- ասված էր բանաձևում։ 

Լուսանկարը՝ Thomas Coex/AFP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter