
60 մլն դրամի հափշտակության գործով ձերբակալվել են ՊՆ զորամասի հրամանատարն ու ևս 6 անձ
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է, որ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ Ռ. Բ-ն, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատարի և ՊՆ կարիքների համար ներկրվող միջոցների ընդունման համար ստեղծված հանձնաժողովի նախագահի պաշտոնը, շահադիտական նպատակով կատարել է պաշտոնեական կեղծիք և օժանդակել Կ. Գ.-ի կողմից ՀՀ ՊՆ-ից առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 60 մլն դրամի հափշտակությանը:
Մասնավորապես՝ ՊՆ կարիքների համար ներկրվող նյութական միջոցների ընդունման համար ստեղծված համապատասխան հանձնաժողովի կազմում, ի թիվս ՊՆ զորամասի այլ ստորաբաժանումների ղեկավարների, ընդգրկվել է նաև ՊՆ N զորամասի հրամանատար Ռ. Բ.-ն:
Ըստ հաղորդագրության՝ պաշտպանության նախարարության կարիքների համար 240 տոննա «Տոսոլ Ա-40» տեսակի հակասառիչ նյութի ձեռքբերման համար 2017 թվականի ապրիլին իրականացված մրցույթին մասնակցել և հաղթող է ճանաչվել «Մոսէսքո» ՍՊ ընկերությունը՝ առաջարկելով 94 մլն 320 հազար դրամ (1կգ-ի արժեքը՝ 393 ՀՀ դրամ): Դրանից հետո հիշյալ ՍՊԸ տնօրեն Կ. Գ.-ի հետ կնքվել է պետական գնման պայմանագիր, որով ընկերությունը պարտավորվել է անհրաժեշտ կարգով և ժամանակացույցով մատակարարել պայմանագրով սահմանված տեխնիկական բնութագրին համապատասխանող «Տոսոլ Ա-40» տեսակի հակասառիչ նյութ:
Ըստ վերը նշված պայմանագրի՝ 2017 թվականի ընթացքում «Մոսէսքո» ՍՊ ընկերությունը ՀՀ պաշտպանության նախարարությանը պետք է մատակարարեր 240 000 կգ հակասառիչ նյութ, սակայն պարզվել է, որ նշված քանակից 154 980 կգ-ն իրականում չի ներմուծվել և չի մատակարարվել ՊՆ-ին:
Այսպես՝ նախաքննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Կ. Գ.-ի կողմից ՊՆ-ից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելուն օժանդակելու նպատակով հանձնաժողովի նախագահը՝ N զորամասի հրամանատար Ռ. Բ.-ն և հանձնաժողովի 6 անդամները շահադիտական նպատակով «Մոսէսքո» ՍՊ ընկերության կողմից իրականում 52.920 կգ «Տոսոլ Ա-40» տեսակի հակասառիչ նյութ մատակարարված չլինելու պայմաններում, 2017 թվականի հոկտեմբերի 21-ին կազմել և ստորագրել են կեղծ փաստաթուղթ հանդիսացող ակտ, որի համաձայն՝ իբր տվյալ ՍՊԸ-ի կողմից ՀՀ ՊՆ N զորամաս մատակարարվել է 252 հատ 200 լիտր տարողությամբ տարաներով, 20 մլն 797 հազար ՀՀ դրամ արժողությամբ ընդհանուր 52 920 կգ հակասառիչ նյութ: Դրանից հետո կազմվել են նաև կեղծ նմուշառման և ընդունման ակտեր, համաձայն որոնց՝ «Մոսէսքո» ՍՊ ընկերության կողմից իբր մատակարարված 52 920 կգ հակասառիչ նյութն ընդունվել է:
Բացի այդ, Կ. Գ.-ն խաբեության նպատակով զորամաս է ներկայացրել իրականում գոյություն չունեցող, ՀՀ չներմուծված և չմատակարարված «Տոսոլ Ա-40» տեսակի հակասառիչ նյութի որակի անձնագրեր, որոնք հանձնաժողովի կողմից ներկայացվել են լաբորատորիա:
Ըստ պաշտոնական հաղոդրագրության՝ այնուհետև Կ. Գ.-ն խաբեության նպատակով կազմել և ստորագրել է մի շարք այլ ակտեր ևս, այդ թվում՝ հանձնման-ընդունման կեղծ արձանագրություն, որի հիման վրա ՊՆ-ի կողմից 2017 թվականի նոյեմբերի 3-ին «Մոսէսքո» ՍՊ ընկերության հաշվին է փոխանցվել 19 մլն 473 հազար դրամ, որը Կ. Գ.-ն զորամասի հանձնաժողովի նախագահ Ռ.Բ.-ի և հանձնաժողովի 6 անդամների օժանդակությամբ խարդախությամբ հափշտակել է:
Բացի այդ, նախաքննությամբ պարզվել է, որ Կ. Գ.-ն վերը նշված եղանակով 2017 թվականի տարբեր ամիսներին կազմել և ստորագրել է ՊՆ N զորամաս 6 մլն 684 հազար դրամ արժեքի 17 010 կգ, 8 մլն 995 հազազր դրամ արժեքի 22 890 կգ և 24 մլն 428 հազար դրամ արժեքի 62 160 կգ «Տոսոլ Ա-40» տեսակի հակասառիչ նյութ մատակարարելու վերաբերյալ պաշտոնական կեղծ փաստաթղթեր, որոնց հիման վրա ընկերության հաշվին փոխանցված հիշյալ գումարները, դարձյալ զորամասի հրամանատարի և հանձնաժողովի անդամների օժանդակությամբ, խարդախությամբ հափշտակել է:
Արդյունքում զորամասի հրամանատարի և հանձնաժողովի անդամների օժանդակությամբ ու վերջիններիս կողմից պաշտոնեական կեղծիք կատարելու միջոցով Կ. Գ.-ն խարդախությամբ պաշտպանության նախարարությունից հափշտակել է առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր շուրջ 60 մլն դրամ:
Զորամասի հրամանատար Ռ. Բ.-ն և հանձնաժողովի 6 անդամները ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչության աշխատակիցների կողմից ՀՀ ՊՆ ՌՈ ծառայողների օժանդակությամբ բերման են ենթարկվել Հակակոռուպցիոն կոմիտե և ձերբակալվել: Նրանց մեղադրանքներ են ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ զորամասի հրամանատարի և ևս 3 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար:
«Մոսէսքո» ՍՊ ընկերության տնօրեն Կ. Գ.-ն կալանավորված է:
Նախաքննությունը շարունակվում է:
Մեկնաբանել