Ալիևը հայտարարել է, որ ՄԱԿ-ի ևս մեկ առաքելություն շուտով կայցելի Լեռնային Ղարաբաղ
ՄԱԿ-ի առաքելությունն առաջիկա օրերին կրկին կայցելի Լեռնային Ղարաբաղ։ Այդ մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Հենրի Կլյուգեի հետ հանդիպման ժամանակ։
«Հանդիպմանը տեղեկացվել է, որ առաջիկայում Ադրբեջանում ՄԱԿ-ի ռեզիդենտ համակարգողի գրասենյակը կազմակերպության համապատասխան մասնագիտացված հաստատությունների ներկայացուցիչների հետ կրկին այցելելու է այդ տարածքներ: Նշվել է, որ Բաքուն աջակցում է այդ գործընթացին»,- զրույցի մանրամասները մեջբերել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։
Ալիևը հայտնել է, որ «սկսվել է Ղարաբաղի հայ բնակիչների գրանցման գործընթացը», որի համար ստեղծվել է հատուկ պորտալ, իսկ, իբր, «Ադրբեջանի համապատասխան կառույցները տեղում ծառայություն են իրականացնում մարդկանց առօրյա կարիքները հոգալու և նրանց սննդով ապահովելու համար»:
Ալիևը նաև հայտարարել է, որ ադրբեջանական ոստիկանությունը հսկողության տակ է վերցրել ենթակառուցվածքային կարևոր օբյեկտները, պատմական, կրոնական և մշակութային հուշարձաններ: «Այս ամենը վկայում է այն մասին, որ Ղարաբաղի հայ բնակիչների վերաինտեգրման ծրագիրը պատրաստ է և կյանքի է կոչվում», - պնդել է Ադրբեջանի նախագահը:
Վերջին անգամ Լեռնային Ղարաբաղ ՄԱԿ-ի առաքելությունը մեկնել էր սեպտեմբերի 30-ին, որի զեկույցը խիստ քննադատության էր ենթարկվել ոչ միայն Հայաստանում, այլև դրա սահմաններից դուրս։ Մասնավորապես, Լեռնային Ղարաբաղ այցի ժամանակ ՄԱԿ-ի առաքելությունը հայտարարել էր, որ «ԼՂ-ում մոտավորապես 50-1000 հայ է մնացել, հայերը կամավոր են լքել իրենց տները»։ Նրանք պնդում էին, որ «իրենք չեն տեսել սատկած կենդանիներ կամ ոչնչացված ենթակառուցվաքներ»։
ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել էր այս այցին՝ հայտարարելով, որ այն կողմնակալ է և չի արտացոլում իրականությունը։ «Հայաստանը խոր մտահոգությամբ և հիասթափությամբ է ընդունել տեղեկատվությունն Ադրբեջանում ՄԱԿ մշտական համակարգողի գլխավորած պատվիրակության՝ Լեռնային Ղարաբաղ այցի և դրա «արդյունքներով» արված մամուլի հաղորդագրության վերաբերյալ: <...> Բազմաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ, անկախ իրավաբաններ, ցեղասպանագետներ մտահոգություն էին հայտնել ԼՂ ժողովրդի առջև ծառացած գոյաբանական վտանգների մասին՝ մատնանշելով ոճրագործության հանցագործությունների ռիսկերը: ԼՂ-ում ներկայություն ունեցող միակ մարդասիրական կազմակերպությունը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, իր հաղորդագրության մեջ մտահոգություն էր հայտնել, որ ի վիճակի չէ հումանիտար աջակցություն ցուցաբերել քաղաքացիական բնակչությանը Լաչինի միջանցքով: Այս բոլոր զեկույցները և գնահատականներն, որոնք վկայում էին նաև ՄԱԿ-ի կողմից հռչակված «ոչ ոքի հետևում չթողնելու» հանձնառության նկատմամբ բացահայտ արհամարհանք, ի ցույց էին դնում իրավիճակի ողջ լրջությունը, ինչը, փաստորեն, անտեսվել է ՄԱԿ-ի կողմից:
Այցից հետո տարածված մամուլի հաղորդագրությունը խիստ կողմնակալ է և չի արտացոլում իրավիճակը գետնի վրա. դրանում որևէ հղում չկա Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետևանքով բազմաթիվ զոհերին և վիրավորներին, քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորմանը, Լաչինի միջանցքի ավելի քան 9 ամիս տևած արգելափակմանը և դրա հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամին, Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից Հակարի կամրջի մոտ տեղակայված ապօրինի անցակետից քաղաքացիների առևանգմանը և միջազգային գործընկերներին հայտնի այլ փաստերին:
Ադրբեջանում ՄԱԿ մշտական համակարգողի պատվիրակության այցն Ադրբեջանի կողմից օգտագործվել է իր քարոզչական ընկալումներն առաջ մղելու և Լեռնային Ղարաբաղի նկատմամբ լայնածավալ հարձակումն ու դրա հետևանքները օրինականացնելու նպատակով:
Հայաստանն ակնկալում է ՄԱԿ կողմից հստակ արձագանք Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման, ԼՂ ժողովրդի հիմնարար մարդու իրավունքների և միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներին` միջազգային իրավունքի և ՄԱԿ կանոնադրության հիմնարար սկզբունքների համաձայն»,- ասված էր հաղորդագրության մեջ։
Լուսանկարը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել