
Մենք գտնվում ենք պատերազմական վիճակում. Բենյամին Նեթանյահուն Իսրայելի վրա հարձակման մասին
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը գտնվում «պատերազմական վիճակում»: Ynetnews-ը գրում է, որ Նեթանյահուն նման հայտարարություն է արել այն բանից հետո, երբ ՀԱՄԱՍ-ի զինյալները Գազայի հատվածից հարձակվել են Իսրայելի հարավային և կենտրոնական շրջանների վրա։
«ՀԱՄԱՍ-ը հանկարծակի արյունալի հարձակում է գործել Իսրայելի և նրա քաղաքացիների վրա։ Առաջին հերթին ես հրամայել եմ ահաբեկիչներից մաքրել այն բնակավայրերը, որտեղ նրանք ներթափանցել են, և դա արդեն արվում է։ Ես հրաման եմ տվել պահեստազորայինների լայն զորակոչի մասին՝ մասնակցելու պատերազմի, որը թշնամին դեռ չի տեսել։ Մենք պատերազմի մեջ ենք, և դրանից հաղթած դուրս կգանք»,- հայտարարել է վարչապետ Նեթանյահուն։
Իսրայելի բանակն իրականացնում է «Երկաթե թրեր» գործողությունը: Իսրայելական կործանիչները հարվածում են Գազայի հատվածի օբյեկտներին։ Իսրայելի ողջ հարավը շրջափակված է՝ երկրի տարածք գրոհայինների ներթափանցման պատճառով։ Ոստիկանության հատուկ ստորաբաժանումները գործողություններ են իրականացնում 21 բնակավայրում:
Վերջին տվյալների համաձայն, որոնք ներկայացրել է The Times of Israel-ը՝ հրթիռակոծությունների հետևանքով զոհվել է 22 մարդ, ավելի քան 500-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Մոտ 70 մարդ գտնվում է ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում։ Թել Ավիվում, Երուսաղեմում և Հայֆայում մարդիկ արյուն են հանձնում։
Լուսանկարը՝ EFE/EPA/ABIR SULTAN
Մեկնաբանել