
Իսրայելի նախագահի կարծիքով՝ «Համաս»-ի հարձակման հետևում Իրանն է
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը կարծում է, որ Գազայի հատվածի կողմից պաղեստինյան «Համաս» արմատական շարժման հարձակման հետևում Իրանն է: Նա նշել է, որ հարձակումը համընկել է Իսրայելում հրեական միանգամից երկու կարևորագույն տոների՝ Շմինի Ացերետի և Սիմհաթ Թորայի տոնակատարությունների հետ, որոնցով ավարտվում է հրեական աշնանային տոների շարքը:
«Այսօր մենք տեսանք «Համաս»-ի իսկական դեմքը։ Ահաբեկչական բանակ, որի միակ նպատակը անմեղ տղամարդկանց, կանանց և երեխաների սառնասիրտ սպանությունն է։ Իրանից իրենց հրամանատարների աջակցությամբ և ցուցումներով նրանք հրեական սուրբ տոնի ժամանակ անառարկելի, նողկալի հարձակում գործեցին Հրեական պետության վրա: Սպանվել և վիրավորվել են անմեղ խաղաղ բնակիչներ, շատերը դեռ հարվածի տակ են»,- հայտարարել է Իսրայելի նախագահը, որի խոսքերը մեջբերել է The Times of Israel-ը:
Հերցոգն ընդգծել է, որ Իսրայելի իշխանությունները բոլոր միջոցները կձեռնարկեն երկրի քաղաքացիների համար առաջացած սպառնալիքը վերացնելու համար:
«Իսրայելը կհաղթահարի բոլոր դժվարությունները։ Ես կոչ եմ անում ազգերի ընտանիքին (ի նկատի ունի ՄԱԿ-ին-խմբ.)՝ մեր դեմ մղվող այս պատերազմը կարևոր հանգրվան է։ Այժմ ժամանակն է լսել «Համաս»-ի և Իրանում նրա հովանավորների հասցեին հստակ, միանշանակ դատապարտումը։ Ժամանակն է ամուր կանգնել Իսրայելի կողքին՝ աջակցելով զզվելի թշնամու դեմ նրա արդար և բարոյական պայքարին»,- վստահ է Հրեական պետության ղեկավարը։
Լուսանկարը՝ Իսրայելի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել