HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նարեկ Ալեքսանյան

Միրզոյանները վերջին հացն են թխել Խնածախում ու դուրս եկել գյուղից (ֆոտոպատմություն)

Տեքստը՝ Շուշանիկ Փափազյանի

Արցախի Ասկերանի շրջանի Խնածախ գյուղից բռնի տեղահանված Միրզոյանների ընտանիքը արդեն մեկ շաբաթ է` ժամանակավորապես հաստատվել է Երևանում։

Կամոյենց նոր տան դուռը կիսաբաց է․ դռան փականը չի աշխատում։ Հյուրասենյակից լսում է մեր ոտնաձայները, արագ վերցնում ձեռնափայտը՝ շարժվելով դեպի մուտքի դուռը։ Դիմավորում է մեզ, սուրճ հյուրասիրում․ «Ստեղ ոչ կաստրուլյա ունենք, ոչ կարգին բաժակ ու ափսե, ներող կլնեք էլի»։

Երեք սենյականոց բնակարանում Միրզոյանների ընտանիքի մի մասն է․ Կամոն, կինը՝ Լիլիթը, իրենց 28-ամյա զինվորական որդին՝ Հովիկը և Կամոյի ծնողները՝ 86-ամյա Բորիս պապը ու 87-ամյա Գալյա տատը։ Տան վարձակալության սկզբնական գումարը հոգացել է կամավորական մի նախաձեռնություն, ամսավճարը 300 հազար դրամ է, այս պահին վճարված է երկու ամսվա գումարը։

«Ընտանիքս կիսվել ա։ Լիլիթի ծնողները Աբովյանում սեփական տուն են գտել ու տեղավորվել։ Ես էլ եմ սեփական տուն ուզում, որ հող ու ջուր լինի»,- ասում է Կամոն։

Նոր տանը դեռ չեն հարմարվել մեծահասակները․ «Սիրտս նեղանում ա չորս պատի մեջ»,- բողոքում է Գալյա տատը։ Պատմում է, որ Խնածախ գյուղում մեծ տուն են թողել․ 

«Կամոս լավ կռվող ա եղել, առաջին կռվից հետո տուն ա սարքել զրոյից։ Արդեն 30 տարի ա, տան համար հերթագրված էր, ոչ տուն ստացանք, ոչ էլ մերը մեզ մնաց»,- ասում է Կամոյի հայրը։

Խնածախից ամենաշատը Բորիս պապը կարոտում է իրենց սեփական տունը։ Ասում է, որ տասը տարուց ավել է` չի ծխում, բայց երբ հարևաններով հավաքվում էին իրենց տան դարպասների մոտ, «մի-մի հատ քաշում էին, խոսում ու ժամանակը անցնում էր»։

Տան հարսը՝ Լիլիթը, միջամտում է սկեսրայրի խոսքին, ավելացնում, որ գյուղում իսկական հարևանություն էին անում։ Իրար կիպ երեք տուն կար, մեկը՝ Կամոյենցն էր։ Շրջափակման ժամանակ հարևաններով իրար թև ու թիկունք էին․ «Մենք շատ տանջվեցինք, նամանավանդ բլոկադայում։ Հիշում եմ, որ երեք տան հարսներով հազիվ մի տորթ թխեցինք։ Մեկը շաքարն էր բերել, մեկը` ձուն, էն մյուսն էլ` ալյուրը»։ Հիմա հարևանությունը ցրվել է։ Լիլիթը միայն տեղյակ է, թե ով որտեղ է ժամանակավորապես տեղավորվել․ «Մեկ-մեկ զանգում են, հարցնում՝ Լիլո, հիմա ինչի ժամն ա։ Ես էլ նայում եմ ժամին ու հիշում, որ հավաքվում ու կոֆե էինք խմում։ Չնայած բոկադայի ժամանակ ոլոռ էինք աղում ու կոֆե սարքում»։

Վերջին հաց թխելը տունը թողնելուց առաջ

Ընտանիքում բոլորը հիշում են սեպտեմբերի 19-ը, երբ սկսվեց պատերազմը։ Հրետակոծությունից վախեցած՝ Լիլիթն ու Ժենյա տատը թողել են տունն ու վազել գյուղի միակ ապաստարանը, իսկ ընտանիքի տղամարդիկ մնացել են տանը․ «Ճաշի ժամն էր, Կամոն եկել էր տուն, պառկել։ Հանկարծ ուժեղ ձայներ լսեցինք։ Էլ ժամանակ չկար, տատիին վերցրի, ու վազեցինք տնից»։

Լիլիթը այսօրվա պես հիշում է՝ ինչպես է իմացել լուրը, թե պետք է թողնեն իրենց տունն ու լքեն գյուղը․ «Որ պախկված էինք, գյուղից մի կին եկավ ու ասեց, թե իզուր ենք ստեղ մտել․ ամեն ինչ վերջացել ա»։ Լիլիթը չի հավատացել լսածին։ Հրետակոծության ձայները մեղմանալուն պես տուն է մտել ու ամուսնուն պատմել է լսածը․ «Կամոն հաստատեց ու ասեց, որ սկսեմ հավաքվել»։ Առաջինը, որ վերցրել է տնից, ընտանեկան ալբոմներն են։

Որդին՝ Հովիկը, վերջերս է ստացել լեյտենանտի կոչում։ Զանգել է մորն ու ասել, որ բոլոր լուսանկարները վերցնի հետը։ Երևանի իրենց նոր ժամանակավոր բնակարանում խնամքով տեղ են գտել ընտանեկան ալբոմները։ Լիլիթը հերթով ցույց է տալիս հարսանեկան լուսանկարները, որդու դպրոցական առաջին քայլերը։ Հիշում է, որ երեք տարի առաջ գյուղում հրետակոծության թիրախ դպրոցն է դարձել, ինքն էլ մինչև տարհանման վերջին շաբաթը աշխատել է այնտեղ։ «Դպրոցում աշխատելը շատ հարմար էր։ Տնօրենը բարի էր, քանի որ տան մեծերին ես էի խնամում, շուտ էր թողնում տուն գնալ»։

Մինչև Լիլթը թերթում էր լուսանկարները, Կամոն հանում է հեռախոսն ու ցույց տալիս տնից նկարահանած վերջին տեսանյութը․ մեծ ու ընդարձակ սենյակներ, վարդերով լի բակ։ Դեռ թարմ են գյուղում անցկացրած վերջին գիշերվա հիշողությունները։ Պատմելիս Լիլիթի ձայնը դողում է․ «Գյուղում երեք ընտանիքով էինք մնացել։ Գիտեինք, որ 27-ի առավոտյան պիտի դուրս գայինք տներից։ Բակում փայտե վառարանը դրեցինք, ու երեք հարսներով սկսեցինք հաց թխել։ Հոտը դեռ զգում եմ։ Դեդոն առավոտները որ զարթնում ա, պատմում ա, որ երազում էդ գիշերն ա տեսնում, մեր հին տունն ու հարևաններին»։

Գալյա տատը հետևում է մեր խոսակցությանը, չի միջամտում։ Կամոն պատմում է, որ երեք տարի առաջ մոր մոտ նկատել են հոգեկան առողջության շեղումներ։ «44-օրյայի ժամանակ Կամոն բոլորիս Երևան բերեց, տղես ու ինքը մնացին գյուղում։ Հիշում եմ, որ մեկ-մեկ կարողանում էինք հետները խոսել։ Զանգում հարցնում էին, թե ոնց լվացքը միացնեն կամ ուտելիք սարքեն»,- պատմում է Լիլիթը։

Այժմ օրվա մեծ մասը Կամոյի մայրն անցկացնում է անկողնում։ Չնայած առողջական խնդիրներին՝ Գալյա տատը աղոտ հիշում է 90-ականների կռիվը ու որդու վիրավորումը․ «Վա՜յ, էդ ինչ օրեր էին, սիրտս տրաքվում էր, որ Կամոս անոտ մնաց»։ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Կամոն ընդամենը 20 տարեկան էր, երբ միացավ գյուղի ջոկատին, ապա մասնակցեց Բերձորի ազատագրման մարտերին, վիրավորում ստացավ գլխի շրջանում, ապա՝ ոտքի․ «94 թվի փետրվարն էր, որ ոտքիցս վիրավորվեցի, բերեցին Երևան։ Շատ արյուն էի կորցրել։ Ամենասկզբում մինչև ծունկս հեռացրին։ Հինգ ամիս անց՝ ամբողջ ձախ ոտքս»։ Կամոյի հայրը որդու վիրավորման մասին տեղեկացել է աշխատանքի ընթացքում․ «Ես 50 տարվա վարորդ եմ, կռվի ժամանակ վիրավորներին էինք տեղափոխում Երևան։ Էդ ժամանակ էլ իմացել եմ, որ Կամոս վիրավոր ա ու պիտի Երևան բերել»։

Կամոն իր ապագա կնոջ՝ Լիլիթի հետ ծանոթացել է մարտի դաշտ գնալուց երկու ամիս առաջ։ Խոստացել է՝ վերադառնալուն պես կնության կառնի Լիլիթին․ «Որ չեկավ ու տեսա մի ոտքը չկա, սիրտս կտոր-կտոր եղավ։ Մերոնք ասում էին՝ Կամոն ինձ պետք չի, բայց սիրտս կպել էր։ Մենք էլ փախանք Երևան, հետո ետ եկանք գյուղ»։ Պատերազմից հետո երկուսով ընտանիք են կազմել և երկու երեխա ունեցել․«Աղջկաս ընտանիքը Երևանում է։ Երկու թոռնիկ ունեմ։ Հիմա միակ լավ բանն էն ա, որ հաճախ են գալիս մեր մոտ»,- ասում է Կամոն։

Կամոն ցավով է նշում, որ իրենց հին տանն են թողել իր մարտական բոլոր շքանշաններն ու պատվոգրերը․«Ամեն ինչ կորցրի, էլ ինչիս էին պետք դրանք»։ Խնածախից Կամոն իր ընտանիքին դուրս է բերել սեփական մեքենայով, որը ստացել էր 2000-ականներին Արցախի իշխանություններից․ «Միակ բանն էր, որ տվել էին ինձ, էն էլ եկանք Երևան ու «հոգին ավանդեց», երևի վերջին առաքելությունն էր»,- ասում է Կամոն։

Այժմ ընտանիքն անորոշության մեջ է։ Որդին՝ Հովիկը, պետք է կրկին ծառայության անցնի զինված ուժերում։ Մայրաքաղաքում երկար մնալ չեն կարող․ «Մերոնց սիրտը հող ու ջուր ա ուզում, սեփական տուն»,- ասում է Կամոն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter