
«Համաս»-ի գրոհայինները գերեվարել են ավելի քան 100 իսրայելցու. ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանություն
ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանությունը հայտնել է, որ «Համաս» արմատական շարժման գրոհայինները առևանգել են ավելի քան 100 մարդու` ներառյալ խաղաղ բնակիչների և իսրայելցի զինվորականների։
Իր գրառման մեջ Հրեական Պետության դեսպանությունը նաև հայտնել է, որ հոկտեմբերի 7-ի առավոտյան, երբ «Համաս»-ը հարձակվեց Իսրայելի տարածքի վրա, զոհվել է ավելի քան 300 իսրայելցի, ևս առնվազն 1800-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։
Իսրայելի իշխանությունները դեռևս չեն մեկնաբանել ԱՄՆ-ում իրենց դեսպանության կողմից արված գրառման մեջ ավելի քան 100 պատանդների մասին պնդումը։
«Համաս»-ի մարտական թևը հոկտեմբերի 7-ի առավոտյան հայտարարել էր 35 զինվորականի և խաղաղ բնակիչների գերեվարման մասին։ Գերիներին տեղափոխել էին Գազայի հատված։ Ավելի ուշ այդ տեղեկությունը հաստատել էր նաև Իսրայելի պաշտպանության բանակը՝ չմանրամասնելով, թե կոնկրետ քանի գերի է գտնվում Գազայի հատվածում։
Լուսանկարը՝ Abed Rahim Khatib/Flash90
Մեկնաբանել