
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Իսրայելի հարցով արտակարգ հանդիպում է անցկացրել
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Իսրայելի վրա «Համաս» արմատական խմբավորման հարձակման հարցով արտահերթ հանդիպում է անցկացրել։ Այդ մասին հայտնում է CNN-ը։
Հեռուստաընկերության փոխանցմամբ՝ հանդիպումը կայացել է փակ ռեժիմով։ Այն սկսվել է Երևանի ժամանակով 23:00-ին։ Մինչ այդ լրագրողների հետ ճեպազրույց է ունեցել ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ Գիլադ Էրդանը։ Նա հայտարարել է, որ այս հարձակումը «իսրայելական 9/11-ն է»։
Հանդիպման արդյունքում, սակայն, Անվտանգության խորհուրդը որևէ հայտարարություն չի ընդունել։ Ինչպես փոխանցում է CNN-ը, Խորհրդի անդամ բոլոր երկրները քննադատել են Իսրայելի վրա «Համաս»-ի հարձակումը։
«Համաս» խմբավորման գրոհայինները հոկտեմբերի 7-ին հարձակվել էին Իսրայելի վրա։ Նրանք արձակել էին մոտ 3000 հրթիռ և մտել Իսրայելի սահմանամերձ շրջաններ՝ մարտերի մեջ մտնելով իսրայելցի զինվորականների հետ։
Ի պատասխան Իսրայելի զանգվածաբար հրթիռակոծում է Գազայի հատվածի տարածքը։ Հոկտեմբերի 8-ին իսրայելական իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին, որ երկիրը գտնվում է պատերազմական վիճակում։
Լուսանկարը՝ Bryan R. Smith/AFP
Մեկնաբանել