
ԱՄՆ-ն Իսրայելի սահմանների մոտ ավիակիր է ուղարկում
Պենտագոնը Միջերկրական ծովի արևելյան հատված է ուղարկում ռազմածովային ուժերի հարվածային խումբ՝ ի պատասխան Իսրայելի վրա «Համաս» խմբավորման գրոհայինների հարձակման։ Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը։
Նրա խոսքով՝ տարածաշրջանում իրավիճակի զսպման համար ամերիկյան կողմը Իսրայելի սահմանների մոտ է ուղարկում «Ջերալդ Ֆորդ» ավիակիրը, «Նորմանդիա» հրթիռային հածանավը, «Թոմաս Հադներ» էսկադրային ականակիրը, «Ռեյմիջ», «Քարնի» և «Ռուզվելտ» ռազմանավերը։ Ամերիկացի նախարարը հավելել է, որ քայլեր են ձեռնարկվում նաև տարածաշրջանում ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-35, F-15, F-16 և A-10 էսկադրիլիաների ուժեղացման ուղղությամբ։ The Wall Street Journal-ի տվյալներով՝ ավիակիր հարվածային խումբը ներառում է մոտ 5000 զինվորականի։
Ինչպես գրում է Associated Press-ը, ավիակիր հարվածային խումբը արդեն իսկ գտնվում է Միջերկրական ծովում։ Նախորդ շաբաթ Հոնիական ծովում ավիակիր հարվածային խումբը Իտալիայի հետ մասնակցում էր ռազմածովային զորավարժություններին։ Գործակալությունը Իսրայելի սահմանների մոտ ավիակիրի ուղարկումն անվանում է «ուժի ցուցադրություն»։ Զինվորականները դիտարկում կիրականացնեն և թույլ չտան «Համաս»-ի գրոհայինների համար զենքի հնարավոր մատակարարումները։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ։ Նա նշել է,ո ր Իսրայելի պաշտպանության բանակի համար լրացուցիչ օգնությունն արդեն իսկ ճանապարհին է և առաջիկա օրերին էլ ավելի շատ կտրամադրվի։
Լուսանկարը՝ Պենտագոնի մամուլի ծառայության
Մեկնաբանել