
Իրանի հատուկ ծառայությունները օգնել են «Համաս»-ին կազմակերպել Իսրայելի վրա հարձակումը. WSJ
Իրանի անվտանգության ծառայությունների ներկայացուցիչները պաղեստինյան «Համաս» շարժման գրոհայիններին օգնել են ծրագրել Իսրայելի վրա խմբավորման հարձակումը։ Նման պնդում է անում ամերիկյան The Wall Street Journal-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։
Ինչպես պարբերականին հայտարարել են «Համաս»-ի և լիբանանյան «Հեզբոլահ»-ի բարձրաստիճան ներկայացուցիչները, իրանական հատուկ ծառայությունները հոկտեմբերի 2-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում խմբավորման ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ «կանաչ լույս են տվել» հարձակմանը։
WSJ-ի զրուցակիցները պնդում են, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի սպաները օգոստոսից «Համաս»-ի ներկայացուցիչների հետ մշակում էին Իսրայելի վրա օդային, ցամաքային և ծովային հարձակման պլանները։ Գործողության մանրամասները ճշտվում էին Իրանի կողմից աջակցվող այս խմբավորման չորս ներկայացուցիչների հետ։ Դրա կազմակերպմանը, ըստ The Wall Street Journal-ի, որոշակիորեն մասնակցել է նաև «Հեզբոլահ»-ը։
Իսրայելի վրա հարձակման կազմակերպմանը Իրանի մասնակցության մասին տեղեկությունը լրագրողներին հաստատել են նաև եվրոպացի պաշտոնյաներից մեկը և սիրիական կառավարության խորհրդականը:
«Համաս»-ի բարձրաստիճան ներկայացուցիչ Մահմուդ Միրդավին հայտարարել է, որ խմբավորումը ինքնուրույն է կազմակերպել հարձակումը։ ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչը ևս հերքել է գործողության կազմակերպմանն Իրանի մասնակցությունը։
«Մենք վճռականորեն աջակցում ենք Պաղեստինին, բայց մենք կապ չունենք պաղեստինյան պատասխանի հետ, քանի որ այդ որոշումը կայացնում է միայն ինքը՝ Պաղեստինը»,- ասել է իրանցի դիվանագետը։
Լուսանկարը՝ Getty Images-ի
Մեկնաբանել