HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարաները հնարավոր է հանդիպեն Բիշքեկում

Մոսկվան դիտարկում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորությունը: Այդ մասին РБК-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինը։ 

«Հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցերի ամբողջ համալիրի շուրջ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի երկխոսությունը երբեք չի ընդհատվել։ Հուսով ենք, որ նման շփումները կշարունակվեն։ Քննարկում ենք այս տարվա հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի միջոցառումների շրջանակներում արտգործնախարարների մակարդակով նման քննարկումներ անցկացնելու հնարավորությունը»,- նշել է ռուսաստանցի պաշտոնյան։ 

Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմն արդեն իսկ տվել է իր սկզբունքային համաձայնությունը։ 

«Եվ մենք ակնկալում ենք, որ հայկական կողմը նույնպես պատասխանատու կմոտենա այդ հարցին և կհամաձայնի մասնակցել նման բանակցություններին»,- նշել է նա։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Եվրամիության հնարավոր համագործակցության մասին հարցին՝ Գալուզինը նշել է, որ նրանք կարող են համատեղ աշխատել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ միայն այն դեպքում, եթե «Արևմուտքը հաշվի առնի Մոսկվայի միջնորդությամբ ձեռք բերվածը»:

«Կարող են: Բայց այն ըմբռնումով, որ Եվրամիությունն ու ԱՄՆ-ն չեն որսալու մեր առաջարկները և դրանք ներկայացնելու որպես իրենցը, այլ իրենց գործողությունները կներառեն հայ-ադրբեջանական կարգավորման այն մոդալներում, որոնք Ռուսաստանի միջնորդությամբ արդեն իսկ մշակվել են կողմերի միջև։ Այս տեսանկյունից է, որ մենք մոտենում ենք Եվրամիության և ԱՄՆ-ի հետ այդ հարցով շփումներին»,- ասել է ռուսաստանցի դիվանագետը։

Գալուզինի խոսքով՝ կան խաղաղ կարգավորման եղանակներ, որոնք 2020 թվականին և դրան հաջորդող երկու տարիներին մշակվել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև։ «Եվ եթե Եվրամիությունն ու ԱՄՆ-ն ցանկանում են օգնել դրանց իրագործմանը, ապա, իհարկե, մենք դրան չենք հակազդի։ Բայց եթե խոսքը գնում է ռուսական առաջարկներից օգտվելու և առանց Ռուսաստանի գործելու մասին, հասկանալի է, որ նման մոտեցումը մեզ չի կարող բավարարել»,- հավելել է նա։

Գալուզինը նաև հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահների հարցին «դեռևս վերջակետ չի դրվել»։ Ըստ նրա՝ տեղում խաղաղապահների կարիք կա։ 

«Կարծում եմ, որ կոնֆլիկտային իրավիճակում վերջակետ դեռ դրված չէ։ Երկրի վրա իրավիճակը բավականին շարժուն է։ Ղարաբաղի շատ բնակիչներ իրենց համար ծանր որոշում են կայացրել լքել այդ վայրերը։ Բայց միաժամանակ ես ելնում եմ նրանից, որ ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությունը մնում է առավել քան պահանջված»,- նշել է նա։

Ռուսաստանցի պաշտոնյան այն կարծիքին է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է հստակ արձանագրի Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության ապահովումը ու Մոսկվան այս ուղղությամբ կողմերին առաջարկներ է ներկայացրել։

«Մենք ելնում ենք խաղաղության պայմանագրում Ղարաբաղի հայ բնակչության հուսալի իրավունքների և անվտանգության ապահովման թեման հստակ ամրագրելու անհրաժեշտությունից և այս ուղղությամբ կողմերին որոշակի առաջարկներ ենք ներկայացրել։ Հուսով ենք, որ դրանք պահանջված կլինեն, ինչպես պահանջված կլինի նաև մեր տեսակետը, որ անհրաժեշտ են մեխանիզմներ՝ աջակցելու ստորագրված խաղաղության պայմանագրի հետագա իրականացմանը։ Այնպիսի մեխանիզմ, որը չի վնասի Հայաստանի և Ադրբեջանի ինքնիշխանությանն ու անկախությանը»,- եզրափակել է Գալուզինը՝ ընդգծելով, որ ՌԴ-ն պատրաստ է այս հարցում աջակցել Հայաստանին ու Ադրբեջանին։  

Լուսանկարը՝ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter