
Լիբանանը չի ցանկանում պատերազմել Իսրայելի հետ
Լիբանանը չի ցանկանում ներքաշվել Իսրայելի և «Համաս» արմատական շարժման միջև շարունակվող հակամարտության մեջ: Այդ մասին BBC-ի փոխանցմամբ երկուշաբթի օրը՝ հոկտեմբերի 9-ին հայտարարել է Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին։
«Մենք չենք ցանկանում, որ Լիբանանը ներքաշվի շարունակվող պատերազմի մեջ, և մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- հայտարարել է Միքաթին՝ արտաքին գործերի նախարար Աբդուլա Բու Հաբիբի հետ հանդիպման ժամանակ՝ հավելելով, որ լիբանանյան կառավարության առաջնահերթություններից մեկը հանդիսանում է «Լիբանանի հարավում անվտանգությանն ու կայունությանն աջակցությունը»։
Միաժամանակ «Հեզբոլահ» խմբավորումը հայտարարել է, որ ոչ մի գործողություն չի իրականացրել Իսրայելի տարածքում: Հայտարարությանը հաջորդել է Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդագրությունն այն մասին, որ իսրայելցի զինվորականները Լիբանանի սահմանից ոչ հեռու ոչնչացրել են «Հեզբոլահ»-ի երկու զինյալների:
Իր հայտարարության մեջ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ ոչնչացրել է «Լիբանանի տարածքից իսրայելական տարածք ներթափանցած մի քանի զինված կասկածյալների», սակայն առավել մանրամասն տեղեկություններ չի տրամադրել:
Լուսանկարը՝ Ayal Margolin/Flash90
Մեկնաբանել