
Նեթանյահուն Ջո Բայդենին տեղեկացրել է Գազայի հատվածում ցամաքային գործողության մտադրության մասին
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հոկտեմբերի 8-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ հայտնել է, որ Իսրայելը ստիպված կլինի ցամաքային գործողություն սկսել Գազայի հատվածում՝ ի պատասխան «Համաս» արմատական խմբավորման հարձակման: Այդ մասին հայտնում է իսրայելական Walla պարբերականը՝ հղում անելով Իսրայելում և Միացյալ Նահանգներում իր աղբյուրներին։
Նեթանյահուն հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում չի կարելի թույլ լինել, և Իսրայելը ստիպված կլինի «ուժին ավելի մեծ ուժով պատասխանել»: Բայդենի հետ հեռախոսազրույցում Նեթանյահուն նաև նշել է, որ Իսրայելը պատրաստվում է նաև այն սցենարին, որ երկրի հյուսիսում կարող են ռազմական գործողություններ սկսվել։
Ջո Բայդենը Իսրայելի վարչապետին հարցրել է իսրայելցի գերեվարված պատանդների մասին։ Նեթանյահուն պատասխանել է, որ իշխանությունները չեն պատրաստվում որևէ բանակցություններ վարել: «Ոչ մի բանակցություն, մենք պետք է մտնենք»,- հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարը:
ԱՄՆ-ում Walla-ի աղբյուրը, որը ծանոթ է հեռախոսազրույցի բովանդակությանը, հայտնել է, որ Բայդենը չի փորձել համոզել Նեթանյահուին՝ հրաժարվելու Գազայի հատվածում ցամաքային գործողություն սկսելու մտադրությունից։
ԱՄՆ նախագահի և Իսրայելի վարչապետի աշխատակազմերում դեռևս չեն մեկնաբանել այս տեղեկությունը։
Լուսանկարը՝ Mahmud Hams/The Telegraph
Մեկնաբանել