
«Համաս»-ը պատրաստ է Իսրայելի հետ բանակցությունների
«Համաս»-ի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը հայտարարել է, որ խմբավորումը պատրաստ է Իսրայելի հետ քննարկել հնարավոր զինադադարի հարցը, քանի որ «հասել է իր նպատակներին»: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Al Jazeera-ին։
Արաբական Al Jazeera-ին տված հեռախոսային հարցազրույցում «Համաս»-ի բարձրաստիճան պաշտոնյա Մուսա Աբու Մարզուքը, պատասխանելով այն հարցին, թե արդյոք «Համաս»-ը ցանկանում է քննարկել հնարավոր հրադադարի հարցը, նշել է, որ պաղեստինյան խմբավորումը բաց է «նման մի բանի» և «քաղաքական բոլոր երկխոսություններին»։
Երկուշաբթի Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել էր, որ Գազայի հատվածի ամբողջական շրջափակման մասին հրաման է տվել։ Զինվորականները կարգելափակեն նույնիսկ պարենի հասանելիությունը:
Մինչ այդ Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչ, Դանիել Հագարին հայտարարել էր, որ Հրեական Պետության զորքերը վերականգնել են վերահսկողությունը Գազայի հետ սահմանին գտնվող բոլոր բնակավայրերի նկատմամբ։
Ավելի վաղ, «Համաս»-ում հայտարարել էին, որ խմբավորումն ավելի քան 100 իսրայելցու պատանդ է պահում:
Լուսանկարը՝ AFP-ի
Մեկնաբանել