HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության ՊՊԳՎ նախկին պետը մեղադրվում է 1,5 միլիարդ դրամի փողերի լվացման մեջ

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով բացահայտվել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության (ՊՊԳՎ) պետի պաշտոնը զբաղեցրած Վ. Մ.-ի կողմից հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ ավելի քան 1.5 մլրդ դրամի  գույքի օրինականացման (փողերի լվացում) կոռուպցիոն սխեմա, ինչպես նաև շուրջ 50 միլիոն ՀՀ դրամի պետական միջոցների յուրացման կազմակերպման դեպք, որում ներգրավված են եղել նաև ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձինք: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

«Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վ. Մ.-ն, 1992-2018թթ. ընթացքում ՀՀ ՊՆ համակարգում և ոստիկանությունում զբաղեցնելով տարբեր, այդ թվում՝ Արաբկիրի և Կենտրոնականի զինվորական կոմիսարի,  ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ պետի պաշտոնները, ապօրինի զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաև՝ օգտագործելով պաշտոնեական դիրքը, կազմակերպել է օբյեկտների պահպանության իրականացման մասին պայմանագրերով տնտեսվարող սուբյեկտների վճարած առանձնապես խոշոր չափերով գումարների յուրացումը:

Մասնավորապես՝ Վ. Մ.-ն, 2015 թվականի ապրիլի 13-ին ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ պետի պաշտոնում նշանակվելուց հետո, նույն վարչության Արմավիրի պահպանության բաժանմունքի պետի պաշտոնը զբաղեցրած Խ. Ա.-ին հրահանգել է հափշտակել վերջինիս վստահված պետական միջոցներից և որպես մասնաբաժին յուրաքանչյուր ամիս իրեն տալ 1000 ԱՄՆ դոլար' երաշխավորելով, որ հափշտակությունը չի բացահայտվի: Արդյունքում՝ Վ. Մ.-ի կազմակերպմամբ, գիտությամբ և թողտվությամբ Խ. Ա.-ն, չունենալով տնտեսվարող սուբյեկտների հետ կանխիկ գործարքներ իրականացնելու լիազորություն, առանձին տնտեսվարող սուբյեկտների հետ ձեռք է բերել բանավոր պայմանավորվածություն' օբյեկտների պահպանության իրականացման մասին պայմանագրերով ստացվելիք վարձավճարները բաժանմունքի հաշվեհամարին փոխանցելու փոխարեն առձեռն նույն բաժանմունքի ջոկի հրամանատար Ա. Ա.-ին տալու վերաբերյալ:

Խ. Ա.-ի հրահանգով յուրաքանչյուր ամիս Ա. Ա.-ն տնտեսվարող սուբյեկտներից առձեռն հավաքել է հիշյալ գումարները, որոնք ամբողջությամբ հանձնել է Խ. Ա.-ին, ով նշված գումարները չի մուտքագրել բաժանմունքի արտաբյուջետային հաշվեհամարին, այլ իր վերադաս Վ. Մ.-ի պահանջով յուրացրել է դրանք՝ յուրացված գումարից յուրաքանչյուր ամիս 1000 ԱՄՆ դոլարը տալով Վ. Մ.-ին: Նույն ժամանակահատվածում բաժնի հաշվապահի պարտականությունները կատարող անձինք Խ. Ա.-ի հրահանգով բաժանմունքի կողմից ՊՊԳՎ ներկայացվող հաշվետվություններում ներառել են ակնհայտ կեղծ, այն է' տնտեսվարող սուբյեկտների քանակի և նրանց կողմից վճարված գումարների չափի վերաբերյալ խեղաթյուրված և անարժանահավատ տեղեկություններ' նման կերպ քողարկելով Վ. Մ.-ի կազմակերպմամբ կատարված հափշտակությունը:

Արդյունքում՝ Վ. Մ.-ն վերը նշված ժամանակահատվածում պաշտոնեական դիրքն օգտագործելով, կազմակերպել է ընդհանուր 13 մլն 935 հազար ՀՀ դրամի յուրացումը, որից 8 մլն 239 հազար ՀՀ դրամին համարժեք 17 000 ԱՄՆ դոլարը որպես իր մասնաբաժին հափշտակել է: Բացի այդ, նույն հանցավոր սխեմայով պետական միջոցներ են հափշտակվել նաև ՊՊԳՎ պետի պաշտոնը զբաղեցրած երկու այլ անձանց պաշտոնավարման ընթացքում: Ընդհանուր առմամբ՝ Վ. Մ.-ի և նշված անձանց կազմակերպմամբ պետական միջոցներից հափշտակվել է շուրջ 50 մլն ՀՀ դրամ: 

Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վ. Մ.-ն օրինականացրել է հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով՝ 1 մլրդ 418 մլն ՀՀ դրամի չափով գույքը: 

Մասնավորապես՝ Վ. Մ.-ն, 1992-2018թթ. ՀՀ ՊՆ և ոստիկանական համակարգերում աշխատելու ընթացքում ունենալով բացառապես աշխատավարձից գոյացած օրինական եկամուտներ, նշված ժամանակահատվածում ձեռք է բերել և օտարել բազմաթիվ շարժական և անշարժ գույքեր, ՀՀ-ում գործող բանկերում կատարել է ապօրինի ստացված կանխիկ գումարների տարբեր չափերով մուտքեր և ձևակերպել ավանդներ, փոխանցումներ կատարել ՌԴ և այլ պետություններ, որոնց գումարային արժեքը էականորեն գերազանցել է նրա օրինական եկամուտների չափը:

Բացի այդ, Վ. Մ.-ն ձեռնարկատիրական գործունեությանը մասնակցելու, պետական գույքի յուրացմանը հանցակցելու և հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի (եկամուտների)՝ 1.408.544.977 ՀՀ դրամին համարժեք 2 մլն 811 հազար ԱՄՆ դոլարի, 9 400 եվրոյի, 4 մլն 361 հազար ՌԴ ռուբլու և 28 819 բրիտանական ֆունտ ստերլինգի հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նպատակով օրինականացրել է դրանք՝ որպես օրինական եկամուտ փոխանցել է իր բանկային և քարտային հաշիվներին՝ մի մասը ներգրավելով որպես ավանդ և դրա դիմաց ստանալով տոկոսներ, իսկ մյուս մասը կանխիկացրել և ներգրավել է ձեռնարկատիրական գործունեությունում, այդ թվում՝ 2017-2018 թթ. ընթացքում ՌԴ-ից ձեռք է բերել ընդհանուր 240 000 ԱՄՆ դոլար արժողությամբ «Ռոլս Ռոյս Գոստ», «Մերսեդես Ս500» և «Բենթլի Կոնտինենտալ» մակնիշի ավտոմեքենաներ, որոնց միջոցով իրականացրել է ավտովարձույթի ծառայություն՝ ստանալով շուրջ 95 մլն 160 հազար ՀՀ դրամի եկամուտ:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Վ. Մ.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 46-256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով և ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Վ. Մ.-ի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է»,- նշվում է հաղորդագրության մեջ: 

***

Նշենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրության մեջ նշված Վ․Մ-ն ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության նախկին պետ Վարդան Մինասյանն է։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter