
Պեսկովը հայտարարել է, որ Արցախում ՌԴ խաղաղապահների հարցը կքննարկվի Ադրբեջանի հետ
Մոսկվան Բաքվի հետ կքննարկի Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների հետագա ճակատագիրը, բայց կշարունակի նաև շփումները Երևանի հետ։ Այդ մասին ТАСС գործակալության փոխանցմամբ լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հիմա իսկապես նրանք (ՌԴ խաղաղապահները, խմբ.) դե ֆակտո և դե յուրե գտնվում են Ադրբեջանի տարածքում: Դա ընդունում է նաև Հայաստանի վարչապետ Փաշինյանը։ Ինչ վերաբերվում է նրանց գտնվելու հետագա ռեժիմին և դրան ուղեկցող բոլոր գործընթացներին, ապա, իհարկե, դա կքննարկվի ադրբեջանական կողմի հետ»,- հայտարարել է Պեսկովը։ Ըստ նրա՝ «ՌԴ-ն կշարունակի շփումները նաև հայ ընկերների հետ»։
Կրեմլի ներկայացուցիչը հստակեցրել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցի ժամանակ ռուսական խաղաղապահ զորախմբի վերատեղակայման հնարավորության հարցը չի քննարկվել:
Հիշեցնենք, որ նախօրեին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե ռուսական խաղաղապահ անձնակազմը դուրս գա Լեռնային Ղարաբաղից, ապա պետք է վերադառնա Ռուսաստան և ոչ թե տեղակայվի ՀՀ տարածքում։
Լուսանկարը՝ РИА Новости / Сергей Гунеев
Մեկնաբանել